Շագանակագեղձի քաղցկեղ. բուժում

Շագանակագեղձի քաղցկեղ. բուժում

Շագանակագեղձի քաղցկեղի բուժման տարբերակները կախված են տարբեր գործոններից, օրինակ՝ քաղցկեղի աճի արագություն, տարածվածություն, ընդհանուր առողջական վիճակ, բուժման մեթոդի հնարավոր օգուտներ և կողմնակի ազդեցություններ:

Ցածր աստիճանի շագանակագեղձի քաղցկեղը կարող է չպահանջել արագ բուժում: Որոշ դեպքերում կարող է բուժման հարց ընդհանրապես չծագել: Նման դեպքերում բժիշկը կարող է բավարարվել ակտիվ վերահսկմամբ, որը ներառում է կանոնավոր արյան թեստերը, ուղիղաղիքային զննումը և շագանակագեղձի բիոպսիաները, որոնք թույլ են տալիս վերահսկելու քաղցկեղի զարգացումը և որոշելու ամենաարդյունավետ և առավել քիչ վտանգ պարունակող բուժման մեթոդը:

Ակտիվ վերահսկողություն կարող է առաջարկվել նաև այն դեպքերում, երբ քաղցկեղի որևէ ախտանիշ դեռևս չի զարգացել:

  • Շագանակագեղձի հեռացման վիրահատություն. շագանակագեղձի քաղցկեղի վիրահատական բուժումը ներառում է հարակից հյուսվածքների և որոշ ավշային հանգույցների հետ միասին շագանակագեղձի ամբողջական հեռացում (ռադիկալ պրոստատէկտոմիա): Վիրահատական բուժման դիմում են այն ժամանակ, երբ քաղցկեղը սահմանափակված է միայն շագանակագեղձով, թեև որոշ դեպքերում քաղցկեղի բուժման այլ տեսակների հետ վիրահատություն նաև կարող է առաջարկվել ավելի տարածված քաղցկեղի ժամանակ: Վիրաբույժները շագանակագեղձին հասնում են լապարոսկոպիկ մեթոդով (լապարոսկոպիկ պրոստատէկտոմիա) կամ, ավելի հազվադեպ, որովայնի պատի կտրվածքով և «բաց» մեթոդով (հետցայլքային վիրահատություն):
  • Ճառագայթային բուժում. ճառագայթային բուժման ժամանակ քաղցկեղային բջիջները ոչնչացվում են հզոր ճառագայթման օգնությամբ: Ճառագայթները կարող են տրվել արտաքինից (արտաքին փնջային ռենտգենյան կամ պրոտոնային ճառագայթում) կամ ներսից (բրախիթերապիա, երբ շագանակագեղձի հյուսվածքի մեջ ներդրվում է ռադիոակտիվ աղբյուր): Արտաքին փնջային ճառագայթային բուժում նշանակվում է, երբ քաղցկեղը սահմանափակված է շագանակագեղձի սահմաններում, ինչպես նաև որպես հետվիրահատական օժանդակող բուժում՝ ուղղված վիրահատությունից հետո մնացած քաղցկեղային բջիջների ոչնչացմանը: Այլ շրջաններ տարածված քաղցկեղի ժամանակ ճառագայթային բուժումը կարող է օգնել քաղցկեղային աճի դանդաղեցմանը և որոշ ախտանիշների, օրինակ՝ ցավի մեղամացմանը: Որոշ դեպքերում բժիշկը կարող է առաջարկել ճառագայթային բուժման երկու տեսակները միասին:
  • Շագանակագեղձի սառեցում կամ այրում. շագանակագեղձի քաղցկեղացած հյուսվածքները ոչնչացնելու համար բժիշկը նաև կարող է առաջարկել աբլացիոն բուժում: Ախտահարված հյուսվածքների ոչնչացումը հնարավոր է ինչպես սառեցման (կրիոաբլացիա կամ կրիոթերապիա), այնպես էլ տաքացման միջոցով (բարձր հաճախականության ֆոկուսացված գերձայն): Այս մեթոդները սովորաբար կիրառվում են շագանակագեղձի շատ փոքր քաղցկեղների ժամանակ, երբ հնարավոր չէ դիմել վիրահատական բուժման: Երբեմն աբլացիոն բուժում նաև առաջարկվում է տարածված քաղցկեղների ժամանակ, երբ բուժման այլ մեթոդները, օրինակ՝ ճառագայթային բուժումն արդյունավետ չեն:
  • Հորմոնային բուժում. հորմոնային բուժման նպատակը արական հորմոն հանդիսացող տեստոստերոնի արտադրության դադարեցումն է: Տեստոստերոնը օգնում է շագանակագեղձի քաղցկեղի աճին, ուստի այս հորմոնի արտադրության ընկճումը կարող է օգնել քաղցկեղային բջիջների մահանալուն կամ աճի դանդաղեցմանը: Բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցներ, որոնք արգելակում են տեստոստերոնի արտադրությունը (լյուտեինացնող հորմոն-ռելիզինգ հորմոնի (ԼՀՌՀ) կամ գոնադոտրոպին-ռելիզինգ հորմոնի (ԳՌՀ) ագոնիստներ և անտագոնիստներ), արգելափակում են տեստոստերոնի մուտքը քաղցկեղային բջիջներ (հակաանդրոգեններ, որոնք սովորաբար նշանակվում են ԼՀՌՀ ագոնիստների հետ միասին) և ամորձիների հեռացում (օրխիէկտոմիա, որն անդառնալիորեն և արագորեն կրճատում է տեստոստերոնի մակարդակը): Հորմոնային բուժումը հաճախ առաջարկվում է տարածված քաղցկեղի չափերը փոքրացնելու և քաղցկեղային աճը դանդաղեցնելու համար: Այն երբեմն նշանակվում է ճառագայթային բուժումից առաջ, երբ քաղցկեղը չի հասցրել տարածվել շագանակագեղձից դուրս: Նման դեպքերում հորմոնային բուժումն օգնում է ուռուցքի չափերի փոքրացմանը և ճառագայթային բուժման արդյունավետության բարձրացմանը:
  • Քիմիոթերապիա. քիմիոթերապիան օգտագործում է դեղամիջոցներ, որոնք արագորեն ոչնչացնում են աճող, այդ թվում՝ քաղցկեղային բջիջները: Այս դեղերը նշանակվում են երակային ներարկման կամ ներքին ընդունման հաբերի ձևով (երբեմն՝ միաժամանակ): Քիմիոթերապիան կարող է դառնալ բուժման տարբերակ, եթե շագանակագեղձի քաղցկեղը չի տարածվել այլ շրջաններ, ինչպես նաև այն դեպքերում, երբ քաղցկեղը չի պատասխանում հորմոնային բուժմանը:
  • Իմունոթերապիա. իմունոթերապիան հիմնված է իմունային համակարգի՝ որպես քաղցկեղի դեմ պայքարի միջոցի ներգրավման վրա: Իմունային համակարգը կարող է «չտեսնել» քաղցկեղային բջիջները, քանի որ վերջիններս արտադրում են իմունային բջիջներից «թաքցնող» սպիտակուցներ: Իմունոթերապիան թույլ է տալիս խախտել քաղցկեղային բջիջների այս պաշտպանական մեխանիզմը: Օրինակ, Սիպուլեյցել-T-ով (Պրոգենջե) բուժման դեպքում օրգանիզմից վերցված որոշ իմունային բջիջներ լաբորատոր պայմաններում ենթարկվում են գենային ինժիներիայի և հետ ներարկվում: Նման բուժում կարող է առաջարկվել, եթե շագանակագեղձի քաղցկեղն այլևս չի պատասխանում հորմոնային բուժմանը: Իմունային բուժման մեկ այլ տարբերակ է այնպիսի դեղամիջոցների նշանակումը, որոնք օգնում են իմունային համակարգի բջիջներին, որ կարողանան հայտնաբերել և գրոհել քաղցկեղային բջիջները:
  • Թիրախային դեղորայքային բուժում. բուժման այս մեթոդը հիմնված է քաղցկեղային բջիջների առանձնահատուկ շեղումների վրա, որոնց արգելափակումը բերում է այդ բջիջների մահվան: Թիրախային դեղորայքային բուժումը կարող է խորհուրդ տվել տարածված կամ կրկնվող շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ, երբ հորմոնային բուժումն այլևս արդյունավետ չէ: Թիրախային բուժման առանձին տեսակներն արդյունավետ են միայն քաղցկեղային բջիջների որոշակի գենային մուտացիաների դեպքում, ուստի մինչև բուժում սկսելը առաջանում է գենետիկ թեստավորման անհրաժեշտություն:

Հոդվածը վերանայվել է՝ 12-06-2021