Փսորիազի բուժման դեղեր

Փսորիազի բուժման դեղեր

Փսորիազի դեղորայքային բուժումը կարող է լինել տեղային և ընդհանուր նշանակության։

Փսորիազի դեղորայքային բուժումը

Տեղային բուժման դեղեր

Առանձին օգտագործելու դեպքում մաշկի քսուքները կամ նրբաքսուքները (կրեմ) կարող են արդյունավետ կերպով բուժել մեղմից մինչև չափավոր փսորիազը։ Հիվանդության ավելի ծանր ընթացքի դեպքում բժիշկը հավանաբար ձեզ կնշանակի քսուքի և դեղահաբերի կամ լուսաբուժման այնպիսի համադրություն, որն առավել համապատասխանում է ձեր առողջական վիճակին և բուժման կարիքներին։

  • Տեղային կորտիկոստերոիդներ. տեղային կորտիկոստերոիդները մեղմացնում են ախտահարված մաշկի բորբոքումը և քորը։ Դրանք կարող են զուգակցվել այլ բուժումների հետ։ Սովորաբար զգայուն շրջանների (դեմք, մաշկային ծալքեր) կամ տարածուն մակերեսների համար նշանակվում են թույլ կորտիկոստերոիդների քսուքներ, իսկ ավելի փոքր մակերեսների, ավելի քիչ զգայուն կամ «ագրեսիվ» բուժում պահանջող դեպքերում՝ ավելի ուժեղ ազդեցությամբ կորտիկոստերոիդային քսուքներ։ Կորտիկոստերոիդային քսուքների երկարատև կամ չափից դուրս մեծ քանակների օգտագործումը կարող է առաջացնել մաշկի հյուծում և բարակում։ Երկարատև օգտագործելիս տեղային կորտիկոստերոիդները նաև կորցնում են իրենց ազդեցությունը։ Ուստի, ցանկալի է այս դեղերն օգտագործել կարճ ժամանակի ընթացքում, օրինակ՝ հիվանդության «բռնկման» ժամանակ։
  • Վիտամին D-ի համարժեքներ. վիտամին D-ի սինթետիկ ձևերը դանդաղեցնում են մաշկային բջիջների աճը։ Կալցիպոտրիենի քսուքը կամ լուծույթն այլ դեղերի հետ զուգակցված կարող է նշանակվել թույլից մինչև չափավոր փսորիազի բուժման մեջ։ Այս դեղը կարող է գրգռել ձեր մաշկը։ Կալցիտրիոլն ավելի թանկ է, սակայն իր ազդեցությամբ նախորդին չզիջելով, ավելի հազվադեպ է գրգռում մաշկը։
  • Անթրալին. Անթրալինը նույնպես դանդաղեցնում է մաշկի բիջների աճը։ Այն նաև կարող է հեռացնել թեփոտված վերնամաշկը և փափկացնել մաշկը։ Սակայն Անթրալինը կարող է նաև գրգռել մաշկը և հետք թողել այն ամենի վրա, ինչի հետ շփվում է։ Այս դեղը սովորաբար թողնում են մաշկին քսած վիճակում կարճ ժամանակի ընթացքում, որից հետո լվանում-հեռացնում են։
  • Տեղային ռետինոիդներ. սրանք վիտամին A-ի ածանցյալներ են, որոնք կարող են մեղմացնել մաշկի բորբոքումը։ Ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցությունը մաշկի գրգռումն է։ Տեղային ռետինոիդները նաև բարձրացնում են արևի ճառագայթների նկատմամբ մաշկի զգայունությունը, ուստի քսուքը պետք է օգտագործել «արևային վաննա» ստանալուց հետո։
  • Կալցինեուրինի պաշարիչներ. այս խմբի դեղերը (Տակրոլիմ և Պիմերկրոլիմ) մեղմացնում են բորբոքումը և փսորիազային վահանիկի առաջացումը։ Երկարատև օգտագործելիս կարող է բարձրացնել մաշկի քաղցկեղի և լիմֆոմայի ռիսկը։ Կալցինեուրինի պաշարիչները կարող են նշանակվել նուրբ մաշկի շրջաններում (օրինակ՝ աչքերի շուրջը), որտեղ ստերոիդ քսուքները կամ ռետինոիդները կարող էին գրգռել մաշկը կամ առաջացնել վնասաբեր ազդեցություններ։
  • Սալիցիլաթթու. Սալիցիլաթթուն դեղատոմս չպահանջող դեղամիջոց է, որը կարող է օգնել մաշկի մեռուկացած բջիջների հեռացմանը և մաշկի ախտահարված շրջանի չափերի փոքրացմանը։ Բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար որոշ դեպքերում սալիցիլաթթուն զուգակցվում է տեղային օգտագործման այլ դեղերի, օրինակ՝ կորտիկոստերոիդների կամ քարածխային ձութի հետ։ Սալիցիլաթթուն նաև կարող է ներառվել բուժական շամպունների և թեփազերծող լուծույթների բաղադրության մեջ։
  • Քարածխային ձութ .սա ստացվում է քարածուխից և նվազեցնում է մաշկի թեփոտումը, ինչպես նաև մեղմացնում է քորն ու բորբոքումը։ Սակայն ձութը կարող է գրգռել մաշկը, իսկ օգտագործելիս՝ ստեղծել անհարմարություն՝ կապված շորերը կամ սպիտակեղենը կեղտոտելու հետ։ Ձթաքսուքը խորհուրդ չի տրվում հղի կամ կրծքով կերակրող կանանց։
  • Խոնավացնող միջոցներ. խոնավացնող նրբաքսուքները (կրեմ) առանձին վերցրած չեն օգնում փսորիազի բուժմանը, սակայն կարող են նպաստել մաշկային քորի, թեփոտման կամ չորության մեղմացմանը։ Քսուքի հիմքի վրա պատրաստված խոնավացնողներն ավելի արդյունավետ են, քան ավելի փափուկ կրեմները և լոսյոնները։ Դրանք կարող են օգտագործվել ցնցուղ կամ լոգանք ընդունելուց առաջ, որ «փակեն» մաշկը և պահպանեն վերջինիս խոնավությունը։

Խմելու կամ ներարկման միջոցով նշանակվող դեղեր

Եթե փսորիազը ստացել է ծանր ընթացք կամ բուժման այլ տեսակների նկատմամբ դարձել է կայուն, բժիշկը կարող է նշանակել խմելու կամ ներարկման դեղեր։ Այսպիսի բուժումը հայտնի է որպես «համակարգային բուժում»։ Համակարգային բուժման համար օգտագործվող դեղերի մի մասն ունի լուրջ կողմնակի ազդեցություններ, ուստի նշանակվում է կարճ ժամանակահատվածի համար։

  • Ռետինոիդներ. Վիտամին A-ի հետ կապ ունեցող այս դեղամիջոցները կարող են օգնել ծանր փսորիազի այն դեպքերում, երբ բուժման մյուս միջոցներն անարդյունավետ են։ Կողմնակի ազդեցություններից են՝ շրթունքների բորբոքում և մազաթափություն։ Ռետինոիդներից Ացիտրետինը նաև կարող է պատճառել բնածին ծանր արատներ, ուստի դեղն ընդունելուց հետո կնոջ հղիությունը պետք է հետաձգել առնվազն երեք տարով։
  • Մետոտրեքսատ. խմելու միջոցով օգտագործվող Մետոտրեքսատը թուլացնում է մաշկային բջիջների բազմացումը և ընկճում բորբոքումը։ Որոշ մարդկանց մոտ նաև կարող է դանդաղեցնել փսորիազային հոդաբորբի հարաճուն զարգացումը։ Փոքր դեղաչափերով Մետոտրեքսատը սովորաբար հիվանդների կողմից հեշտ է տարվում, սակայն կարող է առաջացնել ստամոքսի խանգարում, ախորժակի անկում և ընդհանուր թուլություն։ Երկարատև օգտագործման ժամանակ կարող է դրսևորել բազմաթիվ լուրջ կողմնակի ազդեցություններ, ներառյալ՝ լյարդի վնասում և արյան բոլոր ձևավոր տարրերի արտադրության ընկճում։
  • Ցիկլոսպորին. Ցիկլոսպորինն ընկճում է իմունային համակարգը և իր բուժական արդյունավետությամբ նման է Մետոտրեքսատին, սակայն կարող է ընդունվել միայն կարճ ժամանակի ընթացքում։ Իմունային համակարգն ընճող այլ դեղերի (իմունոսուպրեսորներ) նման Ցիկլոսպորինը մեծացնում է վարակների և առողջական այլ խնդիրների նկատմամբ «խոցելիությունը» (օրինակ՝ քաղցկեղ)։ Ցիկլոսպորինը նաև կարող է առաջացնել երիկամային խնդիրներ և արյան ճնշման բարձրացում (ռիսկը մեծանում է՝ կախված դեղաչափից և բուժման տևողությունից)։
  • Իմունային համակարգի վրա ազդող դեղեր. որոշ դեղեր հաստատվել են որպես չափավորից մինչև ծանր փսորիազի բուժման միջոցներ՝ Էտաներցեպտ, Ինֆլքսիմաբ, Ադալիմումաբ և այլն։ Դրանց մեծ մասը նշանակվում է ներարկման ճանապարհով, սովորաբար այն դեպքերում, երբ փսորիազի դասական բուժումը արդյունք չի տալիս։
  • Այլ դեղեր. Թիոգուանինը և Հիդրօքսիուրեան կարող են նշանակվել այն դեպքերում, երբ այլ դեղերի ընդունումը դարձել է անհնար։

Փսորիազի դեղերի վերաբերյալ կարևոր տեղեկատվություն

Բոլոր դեղերն էլ կարող են ունենալ կողմնակի կամ անցանկալի ազդեցություններ։ Դեպքերի մեծ մասի ժամանակ կարող են առաջանալ միայն աննշան կամ կարճատև երևույթներ, սակայն, երբեմն դեղի կողմնակի ազդեցությունը կարող է լինել ավելի լուրջ, քան ակնկալվում էր։

Փսորիազի տեղային բուժման դեղերի պատճառած գլխավոր մտահոգությունը մաշկի բարակումն է, գրգռումը և վարակները, սակայն խմելու միջոցով օգտագործվող դեղերի առաջացրած կողմնակի ազդեցությունները ավելի հաճախ են հանդիպում և կարող են ստանալ ավելի լուրջ դրսևորումներ։

Մինչև որևէ դեղամիջոց ընդունելը ձեր բժշկին տվեք հետևյալ հարցերը՝

  • որոնք են փսորիազի բուժման ձեզ նշանակված դեղերի կողմնակի ազդեցություննները
  • որոնք են օգուտները
  • ինչ անել, եթե դուք չեք ընդունել հերթական դեղաչափը
  • ինչ անել, եթե ձեզ մոտ ի հայտ են եկել դեղերի անցանկալի ազդեցությունները։

Եթե փսորիազի դեղերից մեկնումեկն ընդունելուց հետո զգում եք ինքնազգացողության վատացում, անմիջապես տեղեկացրեք ձեր բժշկին։ Առանց բժշկին տեղեկացնելու, մի դադարեցրեք ձեզ նշանակած դեղերը կամ մի փոփոխեք դրանց դեղաչափերը։

Հոդվածը վերանայվել է՝ 07-06-2021