ՀՏՍԽ․ բուժում

ՀՏՍԽ․ բուժում

Բազմաթիվ մարդիկ տրավմատիկ իրադարձությանը հաջորդող 1-2 շաբաթվա ընթացքում կարող են նշել հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) ախտանիշներ։

Ծանոթացեք նաև այս հոդվածի հետ ուղղակիորեն կապված այլ նյութերի հետ:

Սակայն, նրանց մեծ մասն ինքնուրույն կամ իր ընկերների ու ընտանիքի աջակցությամբ նման իրավիճակը հաղթահարում է։ Այդ իսկ պատճառով ՀՏՍԽ բուժում սովորաբար չի նախաձեռնվում, քանի դեռ տրավմայից 2 շաբաթ չի անցել։

ՀՏՍԽ կարող է բուժվել։ Բուժումը կարող է դիմել նաև հոգեթերապիայի (փսիխոթերապիա կամ «բուժում խոսքով»), այդ թվում՝ կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի մեթոդներին, սակայն դեղերը նույնպես որոշ դեպքերում կարող են օգտակար լինել։

ՀՏՍԽ տարբեր մարդկանց մոտ ստանում է տարբեր ընթացք, ուստի մի մարդու համար կարող են փորձարկվել բուժման տարբեր մեթոդներ՝ մինչև ընտրվի դրանցից ամենաարդյունավետը կամ ամենաարդյունավետ զուգակցված բուժման տարբերակը։

Հիվանդության բուժման մեջ սովորաբար խորհուրդ չի տրվում դեղեր նշանակել, քանի դեռ ՀՏՍԽ ախտանիշները չեն շարունակվում ավելի քան 4 շաբաթ կամ հոգեթերապիան որևէ լուրջ արդյունք չի դրսևորում։

Ընդհանուր առմամբ, լավագույն տարբերակը ՀՏՍԽ-ով մարդուն նախ հոգեբանական բուժում, այլ ոչ թե դեղեր առաջարկելն է։

ՀՏՍԽ բուժումը հոգեթերապիայով

Կլինիկական հոգեբանի կամ հոգեբույժի կողմից կարող են առաջարկվել բուժման տարբեր տեսակներ։ Նրանք ձեզ կներկայացնեն նաև յուրաքանչյուր մեթոդի առավելությունները։

Ձեզ կարող է առաջարկվել՝

  • տրավմայի վրա կենտրոնացված կոգնիտիվ-վարքաբանական թերապիա, որի էությունն տրավմայի հետ կապված հիշողությունների հետ աշխատանքն է, երբ նպատակ է դրվում փոփոխել անօգուտ համոզմունքներն ու մտքերը և աստիճանաբար ազդել այն դրդապատճառների (տրիգերների) վրա, որոնցից մարդը խուսափում է
  • աչքերի շարժման դեսենսիտիզացիա և վերագործարկում, որի էությունը տրավմայի հետ կապված հիշողությունների հետ աշխատանքն է, որն ուղեկցվում է աչքերի շարժման հետ։

Սովորաբար հոգեբանական բուժման արդյունքները սկսում են երևան գալ 8-12 այցելությունից հետո։ Որքան շուտ սկսվեց բուժումը, այդքան արդյունքներն ավելի շուտ կզարգանան և կդառնան ավելի կայուն։

ՀՏՍԽ բուժումը դեղերով

Հակադեպրեսանտներով բուժումը կարող է օգնել ՀՏՍԽ ախտանիշների մեղմացմանը։ Այս խմբի դեղերը խորհուրդ է տրվում նշանակել այն դեպքում, երբ հոգեթերապիայով հիվանդության ախտանիշները լիարժեք չեն անհետանում կամ որևէ պատճառով հնարավոր չի լինում կազմակերպել նման բուժում։ Հակադեպրեսանտները կարող են մեղմացնել տագնապը և վախերը, դեպրեսիան և զայրույթը։

Շատ կարևոր է, որպեսզի դուք տեղյակ լինեք ձեզ նշանակված դեղերի կողմնակի ազդեցությունների մասին և մշտական կապ պահեք ձեր բժշկի կամ հոգեկան առողջության մասնագետի հետ։

ՀՏՍԽ-ով մարդուն աջակցելը

Հետազոտությունները վկայում են, որ ընտանեկան կամ ընկերների աջակցությունը օգնում է ՀՏՍԽ-ով մարդուն, որպեսզի նա ավելի հեշտությամբ հաղթահարի հիվանդության «հյուծող» ազդեցությունը։ Ընտանեկան բուժումը կարող է օգնել, որպեսզի կարգավորվեն խարխլված փոխհարաբերությունները։ Որոշ դեպքերում ընտանիքի անդամներն իրենք օգնության և աջակցության կարիք ունեն։

Օժանդակության և ճիշտ բուժման շնորհիվ ՀՏՍԽ ախտանիշները կարող են ժամանակի ընթացքում նվազել, և մարդը դարձյալ սկսի լիարժեք հաճույք ստանալ իր կյանքից։

Եթե ՀՏՍԽ-ով ինչ-որ մեկի մոտ առաջանում են ինքնավնասման կամ ինքնասպանության մտքեր, դա կարելի է համարել անհետաձգելի բուժօգնություն պահանջող։ Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ զանգել 1-03 և կանչել շտապբուժօգնություն կամ օգնել այդ մարդուն, որպեսզի տեղափոխվի մոտակա հիվանդանոց։

Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021