Սարկոմա. բուժում

Սարկոմա. բուժում

​Սարկոման սովորաբար բուժվում է քաղցկեղի հեռացման վիրահատությամբ:

Այլ բուժումները կարող են օգտագործվել մինչև վիրահատությունը կամ դրանից հետո: Առանձին դեպքի համար անհրաժեշտ բուժման տարբերակը կախված է սարկոմայի տեսակից, տեղակայումից, աճման և մարմնի այլ շրջաններ տարածման ագրեսիվությունից, ընդհանուր առողջական վիճակից և այլ գործոններից:

Սարկոմայի բուժումը կարող է ներառել հետևյալ միջոցառումներից մեկնումեկը կամ մի քանիսը:

  • Վիրահատություն. վիրահատության նպատակը քաղցկեղային բոլոր բջիջների հեռացումն է: Երբեմն քաղցկեղն ամբողջությամբ հեռացնելու համար անհրաժեշտ է անդամահատել (ամպուտացնել) ձեռքը կամ ոտքը, սակայն այլ դեպքերում վիրաբույժները փորձում են հնարավորինս պահպանել վերջույթի գործունեությունը: Այլ դեպքերում քաղցկեղի հեռացումը պահանջում է կարևոր կառուցվածքների, օրինակ՝ նյարդերի կամ օրգանների վնասում: Նման իրավիճակներում վիրաբույժները փորձում են հեռացնել սարկոման ամբողջությամբ կամ հնարավորինս մեծ մասը:
  • Ճառագայթային բուժում. ռադիոթերապիան օգտագործում է բարձր ազդեցության էներգիայի փնջեր, օրինակ՝ ռենտգենյան ճառագայթներ և պրոտոններ, որոնք ունակ են ոչնչացնել քաղցկեղային բջիջները: Ճառագայթումը տրվում է հատուկ սարքով, որը շարժվում է ձեր մարմնի շուրջը՝ հոսքային փունջն ուղղելով մարմնի անհրաժեշտ շրջանի վրա (կոչվում է արտաքին ճառագայթում): Այլ դեպքերում ճառագայթման աղբյուրը կարող է ժամանակավորապես տեղադրվել ձեր մարմնի ներսում (բրախիթերապիա): Երբեմն ճառագայթումը տրվում է քաղցկեղի հեռացման վիրահատության ընթացքում (ներվիրահատական ճառագայթում):
  • Քիմիոթերապիա. քիմիոթերապիան դեղորայքային բուժում է, որն օգտագործում է քաղցկեղային բջիջները սպանող քիմիական միացություններ: Սարկոմայի որոշ տեսակներ կարող են ենթարկվել քիմիոթերապևտիկ բուժմանը, այլ տեսակներ՝ ոչ:
  • Թիրախային բուժում. սա այնպիսի դեղաիջոցներով բուժումն է, որոնք «գրոհում» են քաղցկեղային բջիջների առանձնահատուկ թույլ կողմերը: Մինչև նման բուժում նշանակելը բժիշկը կարող է բիոպսիոն նյութի վրա փորձարկել, թե արդյոք ձեր քաղցկեղային բջիջները «խոցելի են» նման բուժման նկատմամբ:
  • Իմունոթերապիա. սա այնպիսի դեղերի նշանակումն է, որոնք քաղցկեղի դեմ պայքարում օգտագործում են ձեր իմունային համակարգը: Իմունային համակարգը կարող է «անտեսել» քաղցկեղը, քանի որ քաղցկեղային բջիջներն արտադրում են իմունային բջիջները «կուրացնող» սպիտակուցներ: Իմունոթերապիայի մեջ օգտագործվող դեղամիջոցներն ազդում են՝ փոխազդելով այս գործընթացի վրա:
  • Աբլացիոն բուժում. այսպիսի բուժմամբ ոչնչացվում են քաղցկեղային բջիջները՝ օգտագործելով էլեկտրական այրում, սառեցնող հեղուկներ կամ գերհաճախականության գերձայնային ալիքներ:

Հոդվածը վերանայվել է՝ 04-04-2021