Առողջական խնդիրներ
Բակտերիալ դիզենտերիա (շիգելա)

2 րոպե
Բակտերիալ դիզենտերիան գաստրոէնտերիտի՝ հատկապես՝ հաստ աղու ախտահարմամբ ընթացող մարսողական համակարգի վարակի տեսակ է, որը հարուցվում է «շիգելա» ցեղի բակտերաներով:
«Դիզենտերիա» տերմինն առաջին անգամ առաջարկել է Հիպոկրատը: 1891 թ. ռուս բանակային բժիշկ Գրիգորևը դիզենտերիայից մահացածների օրգաններից անջատել է հարուցիչը, որի հատկությունները 1898 թվականին նկարագրել է ճապոնացի գիտնական Շիգան (ում պատվին էլ հարուցիչը ստացել է «շիգելա» անվանումը):
Հիվանդությունը կոչվում է նաև «շիգելային վարակ» կամ «շիգելոզ», երբեմն նաև՝ «արյունային լուծ»: Դիզենտերիայի լրիվ անվանումը «բակտերիալ դիզենտերիա» է, քանի որ գոյություն ունի նաև ամեոբային դիզենտերիա (որի հարուցիչը ոչ թե բակտերիա է, այլ՝ ամեոբա):
Դիզենտերիայի հարուցիչը՝ շիգելան, ունի 4 տեսակ (Հայաստանում գլխավորապես տարածված է «ֆլեքսներ» ենթատեսակը) և տարածվում է «կղանք-բերան» (ֆեկալ-օրալ) փոխանցման մեխանիզմով, երբ ուտում կամ խմում եք շիգելայով վարակված սնունդ կամ ջուր կամ ձեռքով հպվում եք վարակված մակերևույթներին կամ առարկաներին, որից հետո՝ մատը տանում բերանը: Դիզենտերիան անթրոպոնոզ վարակ է, որը նշանակում է, որ կարող եք վարակվել միայն վարակված մարդուց:
Դիզենտերիայով վարակվելու ռիսկի խմբերից են մինչև 5 տարեկան մանկահասակ երեխաները, սանիտարահիգիենիկ անբավարար կենցաղային և միջավայրային պայմաններում ապրող, նման շրջաններ ճանապարհորդող կամ թուլացած իմունիտետով մարդիկ:
Սովորաբար վարակվելուց 1-3 օր հետո դրսևորվում է լորձային և (կամ) արյունային փորլուծություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, սրտխառնոց, փսխում և ստամոքսի շրջանի ցավեր, սակայն դուք կարող եք վարակված լինել՝ առանց նշելու որևէ գանգատ (կոչվում է բակտերիակրություն): Հիվանդությունը կարող է ունենալ սուր, քրոնիկ կամ բակտերիակրության ընթացք և զարգանալ որպես գաստրոէնտերիտ, կոլիտ կամ երկուսը միասին՝ գաստրոէնտերոկոլիտ:
Դիզենտերիան ախտորոշվում է կղանքի մանրէաբանական հետազոտությամբ, իսկ բուժումն ուղղված է գլխավորապես ջրազրկման կանխագելմանն ու վերականգնմանը, ինչպես նաև բակտերիայի ոչնչացմանը՝ հակաբիոտիկներով կամ այլ դեղերով: Սակայն ավելի հաճախ, հատկապես առողջ մարդկանց մոտ հիվանդությունը կարող է ինքնուրույն՝ առանց դեղերի ետ քաշվել մոտ մեկ շաբաթվա ընթացքում: Որոշ դեպքերում, օրինակ՝ համարժեք բուժում չստանալու, արագ ջրազրկման և ինտոքսիկացիայի, աղիների խորը ախտահարման կամ որոշ այլ վիճակներում հիվանդության ընթացքը կարող է ծանրանալ մի շարք բարդություններով:
Դիզենտերիայից պաշտպանվելու որևէ պատվաստանյութ գոյություն չունի, սակայն դուք կարող եք կանխարգելել վարակը՝ հետևելով անձնական հիգիենայի և սննդի անվտանգության հանրաճանաչ կանոններին: Հոգ տարեք այն մասին, որ չվարակվեք, սակայն, եթե ունեք դիզենտերիա, հոգ տարեք նաև այն բանի համար, որ ձեր հնարավոր վարակը չփոխանցեք ընտանիքի անդամներին կամ այլ մարդկանց:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2020 վերանայվել է՝ 26-12-2022
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Գաստրոպարեզ (ստամոքսի դատարկման ուշացում)
- Գաստրոպարեզ․ ախտանիշներ
- Բակտերիալ դիզենտերիա (շիգելա). ախտանիշներ
- Բակտերիալ դիզենտերիա (շիգելա). պատճառներ
- Գաստրոպարեզ․ պատճառներ
- Բակտերիալ դիզենտերիա (շիգելա). բարդություններ
- Գաստրոպարեզ․ բարդություններ
- Բակտերիալ դիզենտերիա (շիգելա). կանխարգելում
- Բակտերիալ դիզենտերիա (շիգելա). ախտորոշում
- Գաստրոպարեզ․ ախտորոշում
- Գաստրոպարեզ․ բուժում
- Բակտերիալ դիզենտերիա (շիգելա). բուժում
- Գաստրոպարեզ․ ինքնօգնություն