Քնի ապնոէ

Քնի ապնոէ
Անգլերեն անվանումը՝ Sleep Apnoea, Obstructive Sleep Apnoea

Քնի ապնոէն կամ քնի օբստրուկտիվ ապնոէն հիվանդություն է, որի ժամանակ քնած ժամանակ մարդու կոկորդը մասամբ կամ լրիվ փակվում է` առաջացնելով շնչառության կարճատև ընդհատում։

Ի՞նչ է քնի ապնոէն

քնի օբստրուկտիվ ապնոէով (ՔՕԱ) հիվանդի շնչառությունը քնած ժամանակ ընդհատվում է, որը տևում է մի քանի վայրկյանից սկսած մինչև 10-20 վայրկյան, հազվադեպ՝ ավելի երկար («ապնոէ»-ն թարգմանվում է որպես «շնչառության կանգ»): Ապնոէի այս դրվագից հետո քնած մարդը շնչահեղձության զգացումով հանկարծակի արթնանում է, մի քանի խորը շնառություն կատարում, որից հետո դարձյալ քնում՝ շրջապատը «լցնելով» իր խռմփոցներով։

ՔՕԱ-ով մարդը գիշերվա ընթացքում կարող է ունենալ բազմաթիվ այսպիսի դրվագներ։ Առավոտյան նա իր քնից արթնանում է ոչ թե հանգստացած, այլ՝ ընդհանուր հոգնածության զգացումով և կարող է տեղյակ չլինել, թե ինչպես է իր շնչառության կանգերով սարսափի մեջ պահել ընտանիքի անդամներին։

ՔՕԱ-ն կարող է ունենալ մեղմից մինչև ծանր ընթացք։ Ծանր դեպքերում գիշերվա ընթացքում հիվանդը կարող է ունենալ շնչառության ընդհատման հարյուրավոր դրվագներ։

ՔՕԱ-ի պատճառ կարող են դառնալ նաև մարդու քթուղիների կամ կոկորդի բնական նեղացումը, իսկ երեխաների մոտ՝ մեծացած նշագեղձերը կամ ադենոիդները։

Քնի ապնոէի ախտանշանները

Քնի ապնոէի ախտանշանները կարող են ներառել՝

  • քնած ժամանակ շնչառության կարճատև դադարներ, որոնք կարող են նկատել հարևանությամբ գտնվող այլ մարդիկ
  • բարձր, ժամանակ առ ժամանակ ընդհատվող խռմփոց
  • քնած ժամանակ անկողնում անհանգիստ շարժումներ
  • քնից շնչահեղձության, խեղդվելու զգացումով կտրուկ արթնացում
  • քնից արթնանալուց հետո հանգստացած չլինելու և հոգնածության զգացում։

Քնի ապնոէի բարդությունները

Քնի ապնոէն մարդու քունը և դրա հետ կապված՝ առօրյան խանգարող հետևանքներից բացի կարող է պատճառել մի շարք լուրջ առողջական խնդիրներ, այդ թվում՝

Խաթարելով մարդու քունը, առաջացնելով ցերեկային քնկոտություն և ուշադրության կենտրոնացման շեղումներ, ՔՕԱ-ն կարող է դառնալ նաև ճանապարհատրանսպորտային և այլ պատահարների պատճառ։

Քնի ապնոէի բուժումը

Քնի ապնոէի բուժումը օգնում է կարգավորելու ձեր քունը, դրանով իսկ բարձրացնում է ձեր կյանքի որակը և կրճատում վերոնշյալ բարդությունների առաջացման ռիսկը։

Եթե ձեզ մոտ մեղմ ՔՕԱ է, անկողնում մի կողքի վրա քնելը, ավելցուկային կիլոգրամներ գցելը (եթե դուք գեր եք) և երեկոյան ժամերին ալկոհոլային խմիչքների օգտագործումից հրաժարվելը կարող են լինել բավականաչափ արդյունավետ։

Այլ օգտակար քայլեր կարող են հանդիսանալ նաև՝

  • քնաբեր հաբերից հրաժարվելը, որոնք կարող են ավելի ծանրացնել հիվանդության ընթացքը
  • ծխախոտից հրաժարվելը, եթե ծխող եք
  • ըստ ձեր բժշկի նշանակման՝ քթային հակականգային սփրեյները, եթե ձեզ մոտ առկա է քթուղիների այտուցային փակվածություն։

Չափավոր և ծանր ընթացող ՔՕԱ-ն պահանջում է ավելի ակտիվ բուժական մոտեցումներ (օրինակ՝ վիրահատական միջամտություն) և վերին շնչուղիների անցանելիությունը ապահովող պարագաների և սարքերի կիրառում (օրինակ՝ CPAP)։ Վիրահատական բուժման և այլ մեթոդների մասին ձեզ մանրամասն կարող է ներկայացնել ձեր բժիշկը կամ բժիշկ-մասնագետը։

Եթե դուք կարծում եք, որ ձեզ մոտ առկա է քնի ապնոէ, առանց ուշացնելու դիմեք ձեր բժշկին։ Բժիշկը կարող է ձեզ ուղեգրել քնի հիվանդությունների մասնագետի մոտ։ Գուցե անհրաժեշտություն լինի անցնելու հատուկ հետազոտություններ, օրինակ՝ քնի շուրջգիշերյա հետազոտություն (տնային պայմաններում կամ քնի լաբորատորիաներում)։

Հոդվածը վերանայվել է՝ 11-05-2019