Սպեցիֆիկ ֆոբիաներ. բուժում

Սպեցիֆիկ ֆոբիաներ. բուժում

Սպեցիֆիկ կամ հատուկ ֆոբիաների լավագույն բուժումը հոգեթերապիայի ձևերից մեկն է, որը կոչվում է էքսպոզիցիոն թերապիա:

Որոշ դեպքերում բժիշկը նաև կարող է առաջարկել թերապիայի այլ տեսակներ կամ դեղամիջոցներ: Ֆոբիայի պատճառը հասկանալն իրականում նվազ կարևորություն ունի, քան կենտրոնանալը ժամանակի ընթացքում զարգացած խուսափողական վարքագծերի բուժման վրա:

Սպեցիֆիկ ֆոբիաների բուժման նպատակը կյանքի որակի բարելավումն է, երբ դուք վախերի պատճառով այլևս չեք սահմանափակում ձեր գործողությունները կամ առօրյա գործերը: Երբ դուք սովորեք, թե ինչպես է պետք ավելի լավ վերահսկել ձեր ռեակցիաները, մտքերը և զգացողությունները, կհասկանաք, որ տագնապը և վախը զգալիորեն մեղմացել են և այլև չեն թելադրում ձեր կյանքը: Սովորաբար բուժումն ուղղված է ժամանակի որևէ հատվածում մեկ հատուկ վախի կրճատմանը:

Հոգեթերապիա

Հոգեկան առողջության ոլորտի մասնագետը կարող է օգնել, որ ավելի հեշտությամբ դիմակայեք և հաղթահարեք ձեր հատուկ վախերը: Էքսպոզիցիոն և կոգնիտիվ-վարքաբանական թերապիաները համարվում են ամենաարդյունավետ բուժման տարբերակները:

  • Էքսպոզիցիոն թերապիա. թերապիայի այս տեսակը կարևորում է վախի գործոն հանդիսացող առարկայի կամ իրավիճակի նկատմամբ ձեր պատասխանի աստիճանական փոփոխումը, այլ կերպ ասած՝ վախի գոծոնին ընտելացումը: Վախի աղբյուրի և դրա հետ կապված մտքերի, զգացողությունների և զգացումների կրկնվող և աստիճանաբար ուժեղացվող ազդեցությունները կարող են օգնել ձեր տագնապների երկրորդ պլան մղվելուն: Օրինակ, եթե դուք վախենում եք վերելակ նստելուց, նախ դրա նկարները դիտելը, այնուհետև՝ վերելակին մոտենալը, մի ոտքը վերելակի մեջ դնելը և աստիճանաբար մեկ հարկ, հետո՝ ավելի երկար բարձրանալը, վերջում՝ տարբեր մարդկանց հետ վերելակ նստելը կարող են աստիճանաբար «կոտրել» անհաղթահարելի թվացող վախը:
  • Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա (ԿՎԹ). ԿՎԹ-ն ներառում է էքսպոզիացիան՝ զուգակցված վախի գործոն հանդիսացող առարկայի կամ իրավիճակի քննման և դիմակայման այլ հնարքներ: Դուք սովորում և ամրապնդում եք ձեր վախերի և մարմնական զգացողությունների վերաբերյալ այլընտրանքային համոզմունքներ և այն, թե ինչպես են դրանք ազդում ձեր առօրյա կյանքի վրա: ԿՎԹ-ն կարևորում է ուսուցումը, որը թույլ է տալիս զարգացնել ձեր մտքերի և զգացողությունների կառավարման հմտություններ և ինքնավստահություն:

Դեղորայքային բուժում

Ընդհանուր առմամբ էքսպոզիցիոն թերապիան հաջող կերպով բուժում է սպեցիֆիկ ֆոբիաները: Այնուամենայնիվ, երբեմն դեղամիջոցները կարող են օգնել տագնապի և խուճապի ախտանիշների մեղմացմանը, որոնք ի հայտ են գալիս, երբ դուք մտածում եք վախի գործոնի մասին կամ ենթարկվում եք դրա ազդեցությանը:

Դեղամիջոցները կարող են օգտագործվել բուժման սկզբում կամ կարճատև՝ հատուկ և հազվադեպ հանդիպող իրավիճակներում, օրինակ՝ ինքնաթիռով ուղևորություն, հանրային ելույթ կամ ՄՌՏ հետազոտությունից առաջ:

  • Բետա-պաշարիչներ (բլոկատորներ). այս դեղամիջոցները արգելափակում են ադրենալինի խթանիչ ազդեցությունները, օրինակ՝ վախով և տագնապով պայմանավորված արագացած սրտազարկ և սրտխփոցի զգացում, արյան ճնշման բարձրացում, ձայնի և վերջույթների դող և այլն:
  • Հանգստացնողներ (սեդատիվներ). բենզոդիազեպինային շարքի դեղամիջոցներն ունեն տագնապամարիչ (անքսիոլիտիկ) ազդեցություն և կարող են օգնել ձեր ներքին լարվածության թուլացմանը: Այնուամենայնիվ, այս դեղամիջոցները պետք է օգտագործել զգուշությամբ, քանի որ այլ կողմնակի ազդեցություններից բացի ունեն կախվածություն առաջացնելու ունակություն: Բենզոդիազեպիններից պետք է հրաժարվել նաև այն դեպքերում, եթե ունեք ալկոհոլային կամ թմրամիջոցներից կախվածության պատմություն:

Հոդվածը վերանայվել է՝ 04-05-2021