Ստատիններ

Ստատիններ
Անգլերեն անվանումը՝ Statins

Ստատիններն արյան խոլեսթերինը նվազեցնող դեղեր են, որոնք նշանակվում են սրտանոթային հիվանդություններով կամ դրանց նկատմամբ բարձր ռիսկով մարդկանց:

Կան ստատինների տարբեր տեսակներ՝ ատորվաստատին, ռոզուվաստատին, պրավաստատին, ֆլուվաստատին, սիմվաստատին և այլն:

Ինչի՞ համար են օգտագործվում ստատինները

Արյան մեջ «վատ» խոլեսթերինի (ցածր խտության լիպոպրոտեիդներ, ՑԽԼ) բարձր մակարդակը կարող է բարձրացնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը՝ սրտամկանի ինֆարկտ և ինսուլտ: Ստատինները նշանակվում են ՑԽԼ խոլեսթերինը նվազեցնելու համար, որն էլ օգնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկի կրճատմանը:

Ստատինները համարվում են արյան խոլեսթերինը նվազեցնող ամենաարդյունավետ դեղերը: Դրանք ազդում են լյարդի վրա և արգելակում այս գեղձում «ներքին» կամ բնական խոլեսթերինի արտադրությունը:

Ստատիններն օգտագործվում են խոլեսթերինն իջեցնող այլ մեթոդների հետ զուգակցված՝ առողջ սննդակարգ, մարմնի կշռի կառավարում և վարժանքներ:

Ովքե՞ր պետք է ստանան ստատիններ

Ժամանակակից ուղեցույցներում խորհուրդ է տրվում ստատիններ նշանակել հետևյալ դեպքերում՝

Սրտանոթային հիվանդությունների զարգացման նկատմամբ ռիսկի բարձրացմանը նպաստող գործոններից են՝

  • բարձր տարիք
  • ոչ ակտիվ ապրելակերպ
  • ընդհանուր առողջության քրոնիկ խնդիրներ
  • արյան խոլեսթերինի բարձր մակարդակներ
  • բարձր արյան ճնշում
  • ծխել
  • դիաբետ
  • մարմնի ավելցուկային կշիռ կամ գիրություն
  • արյան բարձր խոլեսթերինի, սրտամկանի ինֆարկտի կամ ինսուլտի վերաբերյալ ընտանեկան պատմություն:

Ստատինների կողմնակի ազդեցությունները

Ստատիններ ընդունող բազմաթիվ մարդիկ որևէ անցանկալի ազդեցություն չեն նշում: Հազվադեպ, ստատինները կարող են առաջացնել թույլ և կարճատև որոշ կողմնակի ազդեցություններ՝ մկանացավեր, լյարդային ֆերմենտների մակարդակի քիչ բարձրացում և դիաբետի զարգացման ռիսկի թույլ բարձրացում: Լուրջ կողմնակի ազդեցություններ հանդիպում են խիստ հազվադեպ:

Օգուտների և ռիսկերի հավասարակշռում

ԶԼՄ-ներում ժամանակ առ ժամանակ հրապարկվում են ստատինների օգտակարությունը կասկածի տակ դնող քննարկումներ: Նման հրապարակումներից ելնելով որոշ մարդիկ ինքնուրույն դադարեցնում են այս դեղերի ընդունումը, թեև ավելի խելամիտ է որևէ դեղի ընդունման հետ կապված ցանկացած որոշում նախ և առաջ քննարկել բժշկի հետ:

Բազմաթիվ հետազոտություններով ապացուցվել է, որ ըստ ցուցման նշանակված ստատինների օգուտները գերակշռում են հնարավոր ռիսկերը: Եթե դուք ընդունում եք ստատիններ և ունեք որևէ մտահոգություն, զրուցեք ձեր բժշկի հետ:

Հոդվածը վերանայվել է՝ 17-05-2019