Սիֆիլիս. բուժում

Սիֆիլիս. բուժում

Վաղ հայտնաբերված սիֆիլիսը կարող է արդյունավետ կերպով բուժվել հակաբիոտիկներով:

Ընդ որում, սիֆիլիսի բուժման համար նախընտրելի հակաբիոտիկը դեպքերի մեծ մասի համար պենիցիլինն է: Բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ բուժումից 3, 6 և 12 ամիս հետո կրկնեք արյան հետազոտությունները, որպեսզի գնահատվի բուժման արդյունավետությունը:

Հակաբիոտիկներ

Վաղ ախտորոշվելիս և հիվանդության վաղ շրջաններում հակաբիոտիկներ ստանալիս սիֆիլիսը հեշտությամբ բուժվում է: Սիֆիլիսի բոլոր փուլերում էլ նախընտրելի հակաբիոտիկը բենզատին բենզիլպենիցիլին, որը լավագույնս է ոչնչացնում հարուցիչները:

Բուժման տևողությունը կախված է հիվանդության զարգացման փուլից: Սովորաբար առաջնային, երկրորդային կամ գաղտնի սիֆիլիսի վաղ շրջաններում (այսինքն, երբ դուք ունեք ավելի պակաս, քան մեկ տարվա ընթացք ունեցող հիվանդություն) կամ չբարդացած սիֆիլիսի դեպքում խորհուրդ է տրվում բենզատին բենզիլպենիցիլինի միայն մեկ ներարկում՝ միջմկանային ներարկման ձևով մեկանգամյա դեղաչափ: Հակառակ դեպքում, եթե սիֆիլիսն ունի ավելի քան մեկ տարվա պատմություն, դուք նաև լրացուցիչ դեղաչափերի կարիք կունենաք:

Եթե դուք ունեք պենիցիլինի նկատմամբ ալերգիա, բժիշկը կարող է առաջարկել այլ հակաբիոտիկ (օրինակ՝ Դոքսիցիկլին կամ Տետրացիկլին) կամ խորհուրդ տալ պենիցիլինի դեսենսիտիզացիա (ապագերզգայունացում):

Վերջին տարիներին սիֆիլիսի բուժման համար հաջողությամբ նշանակվում է նաև երրորդ սերնդի ցեֆալոսպորին համարվող Ցեֆտրիաքսոնը, որն արդյունավետությամբ չի զիջում պենիցիլինի վրա հիմնված բուժմանը:

Նեյրոսիֆիլիս ունեցողիներին խորհուրդ է տրվում ներերակային Բենզիլպենիցիլին կամ Ցեֆտրիաքսոն:

Յարիշ-Հերքսեյմերի ռեակցիա

Բուժման առաջին օրերին ձեզ մոտ կարող են առաջանալ գրիպանման նշաններ՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում, դող և սարսուռ, սրտխառնոց, գլխացավեր և մկանային ցավեր, որոնք սովորաբար մեկ օրվա ընթացքում ինքնուրույն անհետանում են: Սա հայտնի է որպես Յարիշ-Հերքսեյմերի ռեակցիա և պայմանավորված է ցիտոկիններիով, որոնք արտադրվում են իմունային համակարգի կողմից որպես պատասխան բակտերիաների քայքայման հետևանքով արյան հուն անցած լիպոպրոտեինների:

Բուժման հսկողություն

Սիֆիլիսի դեմ բուժում ստանալուց հետո ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ դուք՝

  • պարբերաբար անցնեք արյան հետազոտություններ և բուժզննումներ, որոնք թույլ կտան գնահատել նշանակված բուժման արդյունավետությունը
  • խուսափեք սեռական շփումներից, քանի դեռ ձեր բուժումը ամբողջապես չի ավարտվել և արյան հետազոտությունները չեն հաստատել, որ ձեզ մոտ վարակը բուժված է
  • տեղեկացնեք ձեր սեռական զուգընկերներին ձեր հիվանդության մասին, որպեսզի նրանք ևս հետազոտվեն և անհրաժեշտության դեպքում բուժում ստանան
  • անցնեք ՄԻԱՎ-ի նմատմամբ հետազոտություն

Ի՞նչ անել, եթե ես հղի եմ

Ընդունված է, որ հղիության առաջին 12 շաբաթվա ընթացքում կամ առաջին նախածննդյան այցելության օրը բոլոր հղիները անցնեն սիֆիլիսի սքրինինգային հետազոտություն:

Եթե ձեզ մոտ սիֆիլիսը հայտնաբերվել է հղիության վաղ շրջանում, ապա բուժումը կարող է նպաստել երեխայի վարակման ռիսկի կրճատմանը: Հղիների մոտ սիֆիլիսի բուժման միակ խորհուրդ տրվող դեղը բենզատին բենզիլպենիցիլինն է: Պենիցիլինի նկատմամբ ալերգիա ունենալիս ձեզ կարող են առաջարկել պենիցիլինի դեսենսիտիզացիա (ապագերզգայունացում):

Անկախ բուժում ստանալու հանգամանքից, ձեր նորածին երեխան նույնպես պետք է անցնի սիֆիլիսի նկատմամբ հետազոտություն, որպեսզի ժխտվի կամ հաստատվի նրա մոտ բնածին սիֆիլիսի առկայությունը:

Հոդվածը վերանայվել է՝ 08-03-2021