Վահանաձև գեղձի հիվանդություններ․ բարդություններ

Վահանաձև գեղձի հիվանդություններ․ բարդություններ

Եթե վահանաձև գեղձի հիվանդությունները ժամանակին կամ պատշաճ չեն բուժվում, հանգեցնում են առողջական լուրջ հետևանքներ:

Ծանոթացեք նաև այս հոդվածի հետ ուղղակիորեն կապված այլ նյութերի հետ:

Այսպես, վահանաձև գեղձի գերակտիվությունը (թիրեոտոքսիկոզ) կարող է առաջացնել՝

  • ակնագնդերի արտանկում («չռաչքություն» կամ էկզոֆթալմ), մշուշոտ տեսողություն, երկտեսություն կամ նույնիսկ կուրություն
  • սրտային խնդիրներ, օրինակ՝ հաճախասրտություն, շողացող առիթմիա կամ սրտային անբավարարություն, որոնք վահանաձև գեղձի հիվանդության բուժմանը զուգընթաց կարող են մեղմանալ կամ անհետանալ
  • ոսկրերի փխրունացում (օստեոպորոզ)
  • մաշկի կարմրություն և այտուցվածություն (հատկապես՝ ոտնաթաթերի շրջանում)
  • «թիրեոտոքսիկ կրիզ», որը թիրեոտոքսիկոզի ախտանիշների կտրուկ սրացմամբ ընթացող և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ է (տենդ, կտրուկ հաճախասրտություն և դելիրիում):

Վահանաձև գեղձի թերակտիվությունը (հիպոթիրեոզ) իր հերթին կարող է դառնալ տարբեր բարդությունների պատճառ, որոնցից են՝

  • գեղձի մեծացում կամ խպիպ, որը կարող է առաջացնել «կոկորդային» շնչարգելություն և կլման ակտի դժվարացում
  • արյան բարձր խոլեսթերին և դրանով պայմանավորված՝ սրտանոթային հիվանդություններ
  • նյարդերի ախտահարում և վերջույթների թմրածության զգացում, ծակծկոցներ ու ցավեր
  • բնածին արատներ
  • վիժում կամ նորածնային մահացություն
  • հոգեկան առողջության խնդիրներ, օրինակ՝ դեպրեսիա
  • միքսեդեմա, որը հազվադեպ հանդիպող, սակայն կյանքին սպառնացող հիվանդություն է և ուղեկցվում է ցրտին չդիմանալու զգացումով, քնկոտությամբ կամ գիտակցության կրոստով:

Հոդվածը վերանայվել է՝ 24-06-2021