Տոքսիկ հեպատիտի բուժումն առաջին հերթին ուղղված է լյարդի ախտահարում առաջացնող գործոնի ազդեցության թուլացմանը կամ վերացմանը, սակայն միշտ չէ, որ պատճառը հնարավոր է հայտնաբերել:
Քանի դեռ լյարդային հյուսվածքի անդառնալի փոփոխություններ չեն հասցրել զարգանալ, պատճառի վերացումը սովորաբար մեղմացնում է գանգատներն ու մյուս ախտանիշները: Ահա թե ինչու տոքսիկ հեպատիտի բուժումը պետք է սկսել հնարավորինս վաղ:
Օժանդակող (ախտանիշային) բուժում. հիվանդանոցային պայմաններում կարող է նշանակվել տոքսիկ հեպատիտի անհանգստացնող գանգատները մեղմացնող բուժում, այդ թվում՝ ներերակային հեղուկներ և սրտառնոցն ու փսխումները թեթևացնող միջոցներ: Բժիշկը նաև կվերահսկի լյարդի վնասման չափը:
Ացետամինոֆենով պատճառված լյարդի վնասման հետզարգացման դեղամիջոցներ. Ացետամինոֆենի (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) գերդոզավորումը բուժվում է Ացետիլցիստեինով, որի վաղ ընդունումը բարձրացնում է լյարդի ախտահարումը սահմանափակելու հավանականությունը: Ացետիլցիստեինն առավել արդյունավետ է, երբ տրվում է գերդոզավորման դրվագից մինչև 16 ժամվա ընթացքում:
Անհետաձգելի բուժօգնություն. որևէ թունավոր դեղամիջոցի գերդոզավորման դեպքում անհետաձգելի բուժօգնությունն ունի վճռորոշ նշանակություն: Կախված գերդոզավորում առաջացրած դեղամիջոցի տեսակից, բժիշկը կարող է նշանակել հակաթույն կամ այնպիսի միջոցներ, որոնք արագացնում են վնաս պատճառող դեղամիջոցի չեզոքացումը և օրգանիզմից հեռացումը:
Լյարդի փոխպատվաստում. եթե լյարդի վնասումը դարձել է անդառնալի և զարգացել է անշրջելի լյարդային անբավարարություն, որպես միակ միջոց մնում է լյարդի փոխպատվաստման վիրահատությունը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։