Տոքսոպլազմոզ. բուժում

Տոքսոպլազմոզ. բուժում

Առողջ մարդկանց մեծ մասի համար տոքսոպլազմոզի բուժումը պարտադիր չէ:

Սակայն, նույնիսկ եթե այլ հիվանդություններ չունեք և ձեզ մոտ առկա են սուր տոքսոպլազմոզի գանգատներ և նշաններ, բժիշկը կարող է նշանակել հետևյալ դեղերը:

  • Պիրիմեթամին. տիպիկ դեպքերում օգտագործվում է մալարիայի բուժման մեջ: Հանդիսանում է ֆոլաթթվի ներհակորդ (անտագոնիստ) և կարող է թուլացնել օրգանիզմի կողմից ֆոլատի (ֆոլաթթու, վիտամին B9) ներծծումը: Արդյունքում կարող է զարգանալ ֆոլատի պակաս (դեֆիցիտ), որն էլ իր հերթին՝ նվազեցնել արյան թիթեղիկների քանակը (թրոմբոցիտոպենիա), հատկապես, եթե երկար ժամանակի ընթացքում ընդունում եք Պիրիմեթամինի բարձր դեղաչափեր: Այս պատճառով, բժիշկը կարող է խորհուրդ տալ Պիրիմեթամինին զուգահեռ ընդունել Ֆոլաթթվի հավելում: Պրիրմեթամինի մյուս հնարավոր կողմնակի ազդեցություններից են կարմիր ոսկրածուծի ընկճումը և լյարդի թունավոր ախտահարումը:
  • Սուլֆադիազին. սա հակաբիոտիկ է, որը Պիրիմեթամինի հետ զուգակցված օգտագործվում է տոքսոպլազմոզի բուժման մեջ:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով մարդկանց բուժումը

Եթե ունեք ՄԻԱՎ/ՁԻԱՀ, բուժման ընտրությունը դարձյալ Պիրիմեթամինի և Սուլֆադիազինի զուգակցումն է՝ Ֆոլաթթվի հավելումով: Որոշ դեպքերում բժիշկը կարող է որպես այլընտրանք նշանակել Պիրիմեթամինի և Կլինդամիցինի զուգակցումը:

Հղի կանանց և նորածինների բուժումը

Եթե դուք հղի եք և ունեք տոքսոպլազմոզ, բուժումը կարող է տարբերվել՝ կախված նրանից, թե երբ եք վարակվել:

Եթե վարակը տեղի է ունեցել մինչև հղիության 16-րդ շաբաթը, ձեզ կարող են նշանակել Սպիրամիցին հակաբիոտիկը: Այս դեղի օգտագործումը կարող է կրճատել նորածնի մոտ բնածին տոքսոպլազմոզի նյարդաբանական բարդությունների ռիսկը: Եվրոպայում Սպիրամիցինը տոքսոպլազմոզի բուժման ստանդարտ դեղ է, սակայն ԱՄՆ-ում դեռևս շարունակվում է մնալ փորձարկման փուլում:

Եթե վարակը տեղի է ունեցել հղիության 16-րդ շաբաթից հետո կամ լաբորատոր թեստերը վկայում են, որ ձեր չծնված երեխան ունի տոքսոպլազմոզ, ապա կարող է նշանակվել Պիրիմեթամինի և Սուլֆադիազինի զուգակցում՝ Ֆոլաթթվի հավելումով։ Բժիշկը կարող է օգնել, որպեսզի որոշվի լավագույն բուժումը:

Եթե ձեր նորածինն ունի տոքսոպլազմոզ կամ հավանական է, որ ունի այս վարակը, ապա խորհուրդ է տրվում Պիրիմեթամինի և Սուլֆադիազինի զուգակցում՝ Ֆոլաթթվի հավելումով: Մանկաբույժը կարիք կունենա հետևելու նորածնին բուժման ողջ ընթացքում:

Հոդվածը վերանայվել է՝ 31-03-2021