Տրանզիտոր իշեմիկ գրոհ. բուժում

Տրանզիտոր իշեմիկ գրոհ. բուժում

Երբ բժիշկը հայտնաբերում է ձեր տրանզիտոր իշեմիկ գրոհի պատճառը, բուժման նպատակը դառնում է տվյալ շեղումը շտկելը և ինսուլտի կանխարգելումը:

Կախված տրանզիտոր իշեմիկ գրոհի պատճառից, բժիշկը կարող է նշանակել դեղեր՝ ուղղված արյան մակարդուկի (թրոմբ) առաջացման ռիսկի նվազեցմանը, առաջարկել վիրահատություն կամ անգիոպլաստիկա:

Դեղեր

Բժիշկներն օգտագործում են որոշ դեղեր, որ կրճատեն տրանզիտոր իշեմիկ գրոհից հետո ինսուլտի հավանականությունը: Դեղամիջոց ընտրելիս նրանք հաշվի են առնում հիվանդության տեղակայումը, պատճառը, ծանրության աստիճանը և տեսակը:

  • Հակաթրոմբոցիտար դեղամիջոցներ կամ հակաագրեգանտներ. այս դեղերը նվազեցնում են արյան թիթեղիկների (թրոմբոցիտներ) միմյանց միաձուլվելու հավանականությունը: Երբ արյան անոթը վնասվում է, կպչուն թիթեղիկները սկսում են առաջացնել մակարդուկ (թրոմբ), որն ընթանում է արյան պլազմայի սպիտակուցների մասնակցությամբ: Ամնահաճախ նշանակվող հակաագրեգանտը Ասպիրինն է, որը նաև ամենաէժան բուժումն է՝ սակավաթիվ կողմնակի ազդեցություններով: Ասպիրինի այլընտրանքներից է Կլոպիդոգրելը (Պլավիքս): Բժիշկը նաև կարող է նշանակել այս երկու դեղերը միասին, օրինակ, տրանզիտոր իշեմիկ գրոհից հետո մեկ ամսվա ընթացքում: Այլ տարբերակներից է Ագրենոքսը, որը ցածր դեղաչափով Ասպիրինի և հակաագրեգանտային դեղամիջոց Դիպիրիդամոլի զուգակցումն է:
  • Հակամակարդիչներ. այս դեղերի շարքից են Հեպարինը և Վարֆարինը (Կումադին, Յանտովեն): Սրանք թրոմբոցիտար ֆունկցիաների փոխարեն ազդում են մակարդելիության համակարգի սպիտակուցների վրա: Հեպարինն օգտագործվում է կարճ ժամանակի ընթացքում ևտրանզիտոր իշեմիկ գրոհի բուժման մեջ հազվադեպ է նշանակվում: Հակամակարդիչ դեղերը պահանջում են լուրջ հսկողություն: Եթե առկա է շողացող առիթմիա, բժիշկը կարող է նշանակել ներքին ընդունման հակամակարդիչ, օրինակ՝ Ապիքսաբան (Էլիքվիս), Ռիվարօքսաբան (Քսարելտո), Էդօքսաբան (Սավայսա) կամ Դաբիգատրան (Պրադաքսա):

Վիրահատություն

Եթե ունեք չափավոր կամ խիստ նեղացած քնային զարկերակ, բժիշկը կարող է առաջարկել կարոտիսային էնդարտերէկտոմիա: Սա համարվում է կանխարգելիչ վիրահատություն, որի ընթացքում զարկերակի պատը մաքրվում է ճարպային կուտակումներից՝ քանի դեռ չի զարգացել նոր տրանզիտոր իշեմիկ գրոհ կամ ինսուլտ:

Անգիոպլաստիկա

Որոշ դեպքերում կարող է առաջարկվել կարոտիսային անգիոպլաստիկա կամ ստենտավորում, որի ժամանակ քնային զարկերակի նեղացած հատվածը լայնացվում է հատուկ փուչիկով և տեղադրվում մետաղական պարույր, որն այդ շրջանը պահում է «բաց» վիճակում և թույլ չի տալիս, որ «փակվի»:

Հոդվածը վերանայվել է՝ 10-05-2021