Տուբերկուլոզ. բուժում

Տուբերկուլոզ. բուժում

Դեղերը համարվում են տուբերկուլոզի բուժման հիմնական միջոցները, սակայն հիվանդության բուժումը տևում է շատ ավելի երկար, քան այլ տեսակի բակտերիալ վարակների բուժումը:

Ակտիվ տուբերկուլոզի բուժման դեղերը նշանակվում են երկար ժամանակով՝ առնվազն 6-9 ամսվա ընթացքում: Բուժումն իրականացվում է բժշկական հսկողության տակ, սովորաբար սկզբում՝ հիվանդանոցում, այնուհետև՝ ամբուլատոր պայմաններում։

Բժշկի նշանակած դեղի տեսակը և բուժման տևողությունը կախված են ձեր տարիքից, ընդհանուր առողջական վիճակից, հնարավոր դեղակայունությունից և վարակի տեղակայումից (թոքային կամ արտաթոքային):

Ամենահաճախ օգտագործվող հակատուբերկուլոզային դեղերը

Լատենտ (գաղտնի) տուբերկուլոզի ժամանակ սովորաբար նշանակվում է մեկ կամ երկու տեսակի հակատուբերկուլոզային դեղ: Ակտիվ տուբերկուլոզի ժամանակ, հատկապես, եթե այն զարգացել է դեղակայուն շտամից, որպես կանոն, նշանակվում է միաժամանակ մի քանի դեղ: Տուբերկուլոզի բուժման մեջ ամենահաճախ օգտագործվող դեղերն են՝

  • Իզոնիազիդ
  • Ռիֆամպին (Ռիֆադին, Ռիմակտան)
  • Էթամբուտոլ (Միամբուտոլ)
  • Պիրազինամիդ:

Եթե դուք ունեք դեղակայուն տուբերկուլոզ, ապա ձեզ հավանաբար կնշանակեն ֆտորխինոլոնների և ներարկային դեղերի (Ամիկացին կամ Կապրեոմիցին) զուգակցում: Նման բուժումը սովորաբար տևում է 20-30 ամիս: Այնուամենայնիվ, տուբերկուլոզի որոշ տեսակներ կայունություն են դրսևորում նաև այս դեղերի նկատմամբ:

Որոշ դեղեր կարող են նշանակվել որպես ընթացիկ դեղակայուն զուգակցող բուժմանն ավելացվող (հավելյալ) բուժում, օրինակ՝

  • Բեդախիլին (Սիրտուրո)
  • Լինեզոլիդ (Զիվոքս):

Տուբերկուլոզի բուժման ժամանակ պարտադիր օգտագործում են օրգանիզմի պաշտպանական ուժերն ամրապնդող մեթոդներ։

Դեղերի կողմնակի ազդեցությունները

Տուբերկուլոզի բուժման դեղերը հազվադեպ են լուրջ կողմնակի ազդեցություններ թողնում, սակայն, եթե առաջանում են, ապա կարող են դառնալ վտանգավոր: Հակատուբերկուլոզային բոլոր դեղերը կարող են լյարդի վրա թողնել թունավոր ազդեցություն: Եթե ընդունում եք նման դեղեր, ապա անմիջապես կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե ձեզ մոտ նկատում եք այս նշաններից մեկնումեկը՝

Լիարժեք բուժումը խիստ կարևոր է

Դեղորայքային բուժումը սկսելուց հետո մի քանի շաբաթվա ընթացքում դուք դառնում եք ոչ վարակիչ և սկսում եք ձեզ զգալ ավելի լավ՝ ջերմաստիճանը դառնում է բնականոն, հազն ընդհատվում է և այլն: Բայց դա չի նշանակում, որ դուք լիարժեք բուժվել եք։

Ինքնազգացողության նման բարելավումը կարող է ձեզ մոտ առաջացնել բժշկի նշանակումներին այլևս չհետևելու և դեղերի ընդունումը դադարեցնելու ցանկություն: Սակայն չափազանց կարևոր է, որ դուք ստանաք ձեզ նշանակված բուժման ամբողջական կուրսը և դեղերը խստորեն ընդունեք այնպես, ինչպես ձեզ նշանակել է բժիշկը: Բուժումն անավարտ թողները կամ որոշ օրեր դեղեր չընդունելը կարող է առաջացնել դեղակայունություն, երբ ձեզ նշանակած դեղերը դառնում են վարակի նկատմամբ անարդյունավետ և զարգանում է դեղակայուն տուբերկուլոզ:

Տուբերկուլոզի բոլոր ձևերի հաջող բուժման նախադրյալներն են բժշկի սահմանած ռեժիմի պահպանումը, բազմատեսակ, վիտամիններով հարուստ սնունդը, ինչպես նաև մաքուր օդը (սենյակի հաճախակի օդափոխում)։

Ժամանակին կիրառված համալիր բուժումը թույլ է տալիս բուժել հիվանդների ճնշող մեծամասնությանը։

Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021