1-ին տիպի դիաբետ. բուժում

1-ին տիպի դիաբետ. բուժում

1-ին տիպի դիաբետի բուժումը միայն ինսուլին ստանալը չէ, այլ հիվանդության համակողմանի վարումը:

Ընդհանուր առմամբ, 1-ին տիպի դիաբետի բուժումը ներառում է՝

  • ինսուլինային բուժում
  • ածխաջրերի, ճարպերի և սպիտակուցների հաշվարկ
  • արյան շաքարի հաճախակի վերահսկում
  • սննդակարգի առողջացում
  • կանոնավոր վարժանքներ և առողջ քաշի պահպանում:

Բուժման նպատակն արյան շաքարի մակարդակը նորմային հնարավորինս մոտ պահելն է, որը թույլ է տալիս հետաձգել կամ կանխարգելել բարդությունները: Ընդհանուր առմամբ, նպատակը ցերեկվա ժամերին մինչև ճաշելն արյան շաքարի մակարդակի 4,44-7,2 մմոլ/լ (80-130 մգ/դլ) միջակայքում և սնունդ ստանալուց հետո 10 մմոլ/լ-ից (180 մգ/դլ) ցածր միջակայքում պահպանելն է:

Ինսուլին և այլ դեղեր

1-ին տիպի դիաբետով ցանկացած անձ ունի ողջ կյանքի ընթացքում ինսուլինաբուժում ստանալու կարիք:

Ըստ ազդեցության տևողության կան ինսուլինի տարբեր տեսակներ՝

  • կարճատև ազդեցության (կանոնավոր) ինսուլին. օրինակներից են՝ Հումալին R և Նովոլին R
  • արագ (գերկարճ) ազդող ինսուլին. օրինակներից են՝ Գլուլիզին (Ապիդրա), Ինսուլին Լիզպրո (Հուլամոգ) և Ինսուլին Ասպարտ (Նովոլոգ)
  • միջին ազդեցության ինսուլին. Ինսուլին NPH (Նովոլին N, Հումալին N)
  • երկարատև ազդեցության ինսուլին. օրինակներից են՝ Գլարգին (Լանտուս, Տուջեո Սլոլստար), Ինսուլին Դետեմիր (Լևեմիր) և Ինսուլին Դեգլուդեկ (Տրեսիբա):

Ինսուլինային դեղամիջոցների ընդունումը

Ինսուլինը չի կարող ընդունվել բերանով (կուլ տալով), քանի որ ստամոքսի ֆերմենտները քաքայում են այն և չեզոքացնում ազդեցությունը: Ուստի, ինսուլին նշանակվում է ներարկումների կամ ինսուլինային պոպի միջոցով:
  • Ներարկումներ. դուք կարող եք օգտագործել բարակ ասեղով ներարկիչ («ինսուլինային ներարկիչ») կամ այսպես կոչված «ինսուլինային գրիչ» («գրիչ-ներարկիչ»): Ինսուլինը ներարկվում է մաշկի տակ: Բժիշկը կարող է նշանակել ինսուլինի տարբեր տեսակների խառնուրդ՝ կազմված ինչպես արագ, այնպես էլ երկարատև ազդեցության ինսուլիններից: Ներարկման հաճախականությունը և ինսուլինի տեսակները կարող են լինել տարբեր՝ կախված ձեր ընդհանուր առողջական վիճակից, արյան շաքարի մակարդակից և բուժման նպատակից: «Ինսուլինային գրիչների» օգտագործումն առավել պարզեցված է և հարմարավետ, որը թույլ է տալիս արագ և անցավ ներարկել ինսուլինի անհրաժեշտ դեղաչափը:
  • Ինսուլինային պոմպ. սա բջջային հեռախոսի չափսի հատուկ ծրագրային ապահովմամբ սարք է, որը տեղադրվում է մարմնից դուրս և խողովակով միացվում որովայնի շրջանում մաշկի տակ ներդրված բարակ ասեղին: Ինսուլինային պոմպով ինսուլինային դեղամիջոցները ներմուծվում են արյան մեջ ամբողջ օրվա ընթացքում՝ առավել նմանակելով օրվա ընթացքում ինսուլնի ֆիզիոլոգիական արտազատմանը և օգնելով արյան շաքարի առավել ճշգրիտ և խելամիտ հսկողությանը: Ինսուլինային պոմպը նաև թույլ է տալիս բարելավել արյան գլյուկոզի վերահսկումը և զգալիորեն նվազեցնել դիաբետի սուր և հեռակա բարդությունների ռիսկը: Այնուամենայնիվ, նման սարքերը թանկ են, ունեն բարդ կառուցվածք ու ծրագրավորում, ինչպես նաև կարող են առաջացնել մարմնին ամրացման հետ կամ մարմնի մեջ մշտապես գտնվող ասեղի հետ կապված խնդիրներ:

Արհեստական պանկրեաս

2016թ. սեպտեմբերին ԱՄՆ-ի Սննդի և դեղերի գործակալությունը հաստատել է 1-ին տիպի դիաբետով 14 տարեկան և ավելի մեծ տարիքի մարդկանց համար առաջին արհեստական ենթաստամոքսային գեղձը: Այն մաշկի տակ իմպլանտացվող սարք է, որը 5 րոպեն մեկ կապ է հաստատում գլյուկոզի մոնիտորի հետ և ըստ շաքարի մակարդակի ավտոմատ ներարկում համապատասխան դեղաչափի ինսուլին:

Այլ դեղամիջոցներ

1-ին տիպի դիաբետով մարդկանց բժիշկը նաև կարող է նշանակել լրացուցիչ դեղամիջոցներ:

  • Բարձր արյան ճնշան (հիպերտենզիայի) դեղեր. բժիշկը կարող է նշանակել անգիոտենզին-փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) պաշարիչներ (ԱՓՖ ինհիբիտորներ) կամ անգիոտենզին II ընկալիչի պաշարիչներ (ԱԸՊ, անգլերեն՝ ARBs), որոնք կարող են օգնել երիկամների առողջ վիճակի պահպանմանը: Այս դեղերը խորհուրդ է տրվում նշանակել դիաբետով այն մարդկանց, ովքեր ունեն 140/90 մմ ս.ս. գերազանցող զարկերակային ճնշում:
  • Ասպիրին. բժիշկը կարող է խորհուրդ տալ ցածր դեղաչափերով կամ սովորական ասպիրինի ամենօրյա ընդունում, որը կանխարգելում է արյան մակարդուկների առաջացումը և պաշտպանում է ձեր սիրտը:
  • Խոլսեթերինը նվազեցնող դեղեր. խոլեսթերինի վերաբերյալ ուղեցույցներն ավելի «ագրեսիվ» են դիաբետով մարդկանց համար: Դիաբետի ամերիկյան ասոցիացիան խորհուրդ է տալիս, որ ցածր խտության լիպոպրոտեիդների (ՑԽԼ) խոլեսթերինը, որը անվանում են նաև «վատ» խոլեսթերին, պահպանվի 2,6 մմոլ/լ-ից (100 մգ/դլ) ավելի ցածր մակարդակների վրա: Նույն կերպ, խորհուրդ է տրվում բարձր խտության լիպոպրոտեիդների (ԲԽԼ) խոլեսթերինը, որը անվանում են նաև «լավ» խոլեսթերին, պահպանել տղամարդկանց համար՝ 1,0 մմոլ/լ-ից (40 մգ/դլ) և կանանց համար՝ 1,3 մմոլ/լ-ից (50 մգ/դլ) ավելի բարձր մակարդակների վրա: Արյան ճարպերի՝ տրիգլիցերիդների համար լավագույն ցուցանիշ է համարվում 1,7 մմոլ/լ-ից (150 մգ/դլ) ավելի ցածր մակարդակը:

Արյան շաքարի վերահսկում

Կախված ձեր ստացած ինսուլինային բուժման տեսակից, բժիշկը խորհուրդ կտա, թե ինչքան հաճախ է պետք չափել արյան շաքարի մակարդակը՝ համոզվելու, որ այն կայունացել է ցանկալի միջակայքում:

Դիաբետի ամերիկյան ասոցիացիան խորհուրդ է տալիս չափել արյան շաքարի մակարդակը ճաշերից և նախաուտեստներից առաջ, քնելուց առաջ, վարժանքներ կատարելուց կամ ավտոմեքենա վարելուց առաջ և բոլոր այն դեպքերում, եթե կասկածում եք, որ ունեք ցածր արյան շաքար (հիպոգլիկեմիա): Որքան էլ դժվար լինի, սակայն միայն արյան շաքարի մակարդակի մշտական հսկողությունը և HbA1c թեստի կանոնավոր հանձնումն է, որ թույլ է տալիս պահպանել գլյուկոզի մակարդակը թիրախային միջակայքում:

Նույնիսկ եթե ինսուլինը ճշգրտորեն ստանում եք այնպես, ինչպես նշանակել է բժիշկը և պահպանում եք սննդի ընդունման խիստ ռեժիմ, միևույն է, արյան շաքարի մակարդակը կարող է անկանխատեսելիորեն շեղվել: Ուստի, դուք պետք է սովորեք, թե ինչպես է ձեր արյան շաքարի մակարդակը փոփոխվում ամենատարբեր իրավիճակներում, օրինակ՝ առանձին սննդամթերքներ օգտագործելիս, տարբեր աստիճանի ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելիս, այլ դեղեր ընդունելիս, սթրեսի և հորմոնային փոփոխությունների ժամանակ կամ ալկոհոլ ընդունելու դեպքում:

Արյան շաքարի վերահսկումը սովորաբար իրականացվում է տանը փոքր սարքի միջոցով, որը կոչվում է գլիկոմետր: Տնային սարքով որպես կենսանմուշ վերցվում է մազանոթային արյուն (ձեռքի մատից): Սակայն բժիշկը նաև կարող է առաջարկել, որ ժամանակ առ ժամանակ լաբորատորիայում չափեք երակային արյան գլյուկոզը (սա նաև թույլ է տալիս ստուգել տնային գլիկոմետրի չափման ճշտությունը):

Վերջին տարիներին տարածում է ստացել նաև գլյուկոզի շարունակական (մշտական) վերահսկման սարքերի օգտագործումը:

Առողջ սննդակարգ և ածխաջրերի վերահսկում

Իրականում, որևէ հատուկ «դիաբետի սննդակարգ» գոյություն չունի: Սակայն, կարևոր է, որ ձեր սննդակարգն ընտրելիս առաջնային նշանակություն տաք սննդարար, քիչ ճարպեր պարունակող և բջջանքով հարուստ սննդամթերքներին`

  • մրգեր
  • բանջարեղեններ
  • ամբողջահատիկ ցորեն:

Բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ, որ քչացնեք կենդանական ծագման սննդամթերքները և զտված ածխաջրատները, օրինակ՝ սպիտակ հացը և քաղցրեղենը: Այսպիսի սննդակարգը խորհուրդ է տրվում նույնիսկ այն մարդկանց, ովքեր դիաբետ չունեն:

Բժիշկը ձեզ կբացատրի, թե ինչպես հաշվել սննդով ստացվող ածխաջրատների մոտավոր քանակները, որը թույլ է տալիս նաև հասկանալու, թե արդյոք ձեր ստացած ինսուլինը բավարար է օրվա ընթացքում ստացած շաքարները յուրացնելու համար:

Բժիշկը կարող է խորհուրդ տալ որակյալ դիետոլոգի խորհրդատվություն, ով կարող է օգնել հետևյալ հարցերում՝

  • ձեր նախընտրելի սննդամթերքներից առողջ ընտրությունների կատարում
  • լավ հավասարակշռված և սննդարար ճաշատեսակների պլանավորում
  • սնման նոր սովորույթների զարգացում և սովորույթները փոփոխելու խոչընդոտների հաղթահարում
  • ածխաջրերի ընդունման վերահսկում, որը կօգնի արյան շաքարի մակարդակի կայունացմանը:

Ֆիզիկական ակտիվություն

Յուրաքանչյուր ոք կարիք ունի զբաղվելու կանոնավոր ֆիզիկական վարժանքներով, և 1-ին տիպի դիաբետով մարդիկ բացառություն չեն: Նախ, ճշտեք ձեր բժշկից, թե ինչ չափի և ռեժիմի ֆիզիկական ծանրաբեռնվածություն է ձեզ կարելի, որից հետո ընտրեք այնպիսի վարժանքներ, որոնք ձեզ հաճույք են պատճառում, օրինակ՝ արագ քայլք, լող, հեծանվավարում կամ վազք, և դարձրեք դրանք ձեր առօրյայի բաղկացուցիչ մասը: Ընդհանուր առմամբ, չափահասները պետք է հասնեն շաբաթվա օրերի մեծ մասի համար օրական առնվազն 30 րոպեանոց (կամ շաբաթվա համար ընդհանուր 150 րոպե) չափավոր ծանրաբեռվածության վարժանքների օրակարգին: Երեխաների համար այս ցուցանիշն աճում է մինչև օրական մեկ ժամ:

Սակայն, հիշեք, որ ֆիզկական ակտիվությունը նվազեցնում է արյան շաքարը: Ուստի, նոր վարժանք մեկնարկելիս կամ ծանրաբեռնվածությունը փոփոխելիս ստուգեք ձեր արյան շաքարի մակարդակները սովորականից ավելի հաճախակի և դիմեք բժշկին, եթե կարծում եք, որ կարիք կա փոփոխելու ինսուլինի դեղաչափը կամ սննդակարգը:

Հոդվածը վերանայվել է՝ 09-04-2021