2-րդ տիպի դիաբետ. բուժում
24-03-2021
4 րոպե

2-րդ տիպի դիաբետը կարող է «ետ քաշվել» միայն որոշ շտկումներ կատարելով ապրելակերպում և այն դարձնելով ավելի առողջ:
Եթե միայն ապրելակերպը բարեփոխելով չի հաջողվում կարգավորել արյան շաքարի մակարդակը, բժիշկը նշանակում է դեղեր։
Ընդհանուր առմամբ, 2-րդ տիպի դիաբետի բուժումը ներառում է՝
- առողջ սննդակարգ
- կանոնավոր վարժանքներ
- քաշի կորուստ
- անհրաժեշտության դեպքում՝ դիաբետի դեղեր կամ ինսուլինային բուժում
- արյան շաքարի վերահսկում:
Այս քայլերը ձեր արյան շաքարը կպահեն նորմալին մոտ մակարդակներում, որի շնորհիվ կհետաձգվեն կամ կկանխարգելվեն բարդությունները:
Առողջ սննդակարգ
Հակառակ տարածված կարծիքին, որևէ հատուկ «դիաբետի սննդակարգ» գոյություն չունի: Սակայն, կարևոր է, որ ձեր սննդակարգն ընտրելիս առաջնորդվեք հետևյալ սկզբունքներով՝
- առողջ նախաուտեստների և հիմնական ճաշերի հստակ ժամանակացույց
- սննդի ընդունում փոքր չափաբաժիններով
- ավելի շատ բջջանքով հարուստ մթերքներ, օրինակ՝ մրգեր, օսլա չպարունակող բանջարեղեն և ամբողջահատիկ ցորենից ստացված սննդամթերքներ
- ավելի քիչ մաքրված (թեփազերծված) հատիկավորներ, օսլա պարունակող բանջարեղեններ և քաղցրեղեն
- չափավոր քանակներով ցածր յուղայնության կաթնամթերքներ, քիչ ճարպ պարունակող միս և ցածր յուղայնության ձկնեղեն
- առողջ խոհարարական ձեթեր, ինչպիսիք են ձիթապտղի կամ կանոլայի ձեթը
- ավելի քիչ կալորիաներ:
Բժիշկը կարող է խորհուրդ տալ որակյալ դիետոլոգի խորհրդատվություն, ով կարող է օգնել հետևյալ հարցերում՝
- ձեր նախընտրելի սննդամթերքներից առողջ ընտրությունների կատարում
- լավ հավասարակշռված և սննդարար ճաշատեսակների պլանավորում
- սնման նոր սովորույթների զարգացում և սովորույթները փոփոխելու խոչընդոտների հաղթահարում
- ածխաջրերի ընդունման վերահսկում, որը կօգնի արյան շաքարի մակարդակի կայունացմանը:
Ֆիզիկական ակտիվություն
Ֆիզիկական վարժանքները կարևոր են մարմնի քաշը նվազեցնելու կամ առողջ միջակայքում պահպանելու համար: Դրանք նաև օգնում են արյան շաքարի մակարդակը կարգավորելիս: Մինչև ֆիզիկապես ակտիվ օրակարգին անցնելը զրուցեք ձեր ընտանեկան բժշկի հետ, որ ընտրեք ձեզ համար ամենաարդյունավետ, բայց և՝ ամենաանվտանգ տարբերակները:
- Աերոբիկ վարժանքներ. ընտրեք այնպիսի վարժանքներ, որոնք ձեզ հաճույք են պատճառում, օրինակ՝ արագ քայլք, լող, հեծանվավարում կամ վազք: Չափահաս մարդիկ պետք է հասնեն շաբաթվա օրերի մեծ մասի համար օրական առնվազն 30 րոպեանոց (կամ շաբաթվա համար ընդհանուր 150 րոպե) չափավոր ծանրաբեռվածության վարժանքների օրակարգին: Երեխաների համար այս ցուցանիշն աճում է մինչև ամենօրյա 60 րոպեանոց չափավորից մինչև ծանր ակտիվության:
- Դիմադրողական վարժանքներ. այսպիսի վարժանքները բարձրացնում են ձեր մկանային ուժը, բարելավում հավասարակշռությունը և օգնում ֆիզիկական ծանրաբեռնվածությունների ավելի հեշտ հաղթահարմանը: Դրանցից են՝ ծանրության բարձրացում, յոգա և մարմնամարզություն: 2-րդ տիպի դիաբետով մարդիկ պետք է նպատակադրվեն շաբաթական 2-3 սեանսների, իսկ երեխաները շաբաթական առնվազն 3 անգամ զբաղվեն այնպիսի վարժանքներով, որոնք ամրապնդում են մկանները և մարմնի ճկունությունը (օրինակ՝ դիմադրողական մարմնամարզություններ, տարբեր մարզաձևեր և այլն):
- Ոչ ակտիվ ժամերի սահմանափակում. երկար ժամանակ նստած վիճակը (օրինակ՝ համակարգչով աշխատելիս) պարբերաբար՝ 30 րոպեն մեկ մի քանի րոպեով ընդհատելը և շրջակայքում քայլելը կամ թեթև ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելը կարող են օգնել արյան շաքարի մակարդակի վերահսկմանը:
Քաշի կորուստ
Ավելորդ կիլոգրամներից ազատվելն օգնում է արյան շաքարի, խոլեսթերինի և տրիգլիցերիդների մակարդակի և արյան ճնշման ավելի լավ վերահսկմանը: Եթե ունեք ավելցուկային քաշ, ապա այս գործոնների բարելավման առաջին արդյունքները կարող եք տեսնել՝ կորցնելով ձեր քաշի ընդամենը 5%-ը: Որքան շատ մոտենաք առողջ քաշի միջակայքին, այդքան ավելի մեծ օգուտներ կտաք ձեր առողջությանը և դիաբետի կառավարմանը:
Ձեր բժիշկը և դիետոլոգը կարող են օգնել, որ ծրագրավորեք քաշի կարգավորման իրատեսական նպատակներ, այդ թվում՝ սննդակարգը բարելավելու միջոցով:
Քաշի նվազեցման վիրահատություններ
Քաշի նվազեցման վիրահատությունները փոփոխում են ձեր մարսողական համակարգի ձևը և գործունեությունը: Դրանք կարող են օգնել քաշի կրճատմանը, որի շնորհիվ՝ 2-րդ տիպի դիաբետի և գիրության հետ կապված այլ հիվանդությունների բուժմանը: Կան նմանատիպ վիրահատական միջամտությունների տարբեր տեսակներ, որոնք բոլորն էլ օգնում են քաշի նվազեցմանը՝ սահմանափակելով օգտագործվող սննդի չափը: Որոշ միջոցառումներ կարող են նաև նվազեցնել ներծծվող սննդանյութերի քանակը:
Ընդհանուր առմամբ քաշի նվազեցման վիրահատությունները կարող են այլընտրանք դառնալ 2-րդ տիպի դիաբետով ապրող այն մարդկանց համար, ում մարմնի զանգվածի ցուցանիշը (ՄԶՑ) 35 և ավելի բարձր է: Վերջինս բանաձև է, որը մարդու հասակի և կշռի օգնությամբ գնահատում է ճարպի քանակը: Դիաբետի ծանրության աստիճանից կամ ուղեկցող հիվանդությունների առկայությունից կախված քաշի նվազեցման վիրահատություն կարող է առաջարկվել նաև մինչև 35 ՄԶՑ-ով մարդկանց:
Նկատի ունեցեք, որ նման վիրահատությունները պահանջում են ապրելակերպի փոփոխության երկարամյա միջոցառումներ: Այս միջամտությունների կողմնակի ազդեցություններից են սննդանյութերի պակասը և օստեոպորոզը:
Արյան շաքարի վերահսկում
Բժիշկը ձեզ խորհուրդ կտա, թե ինչքան հաճախ է պետք չափել արյան շաքարի մակարդակը՝ համոզվելու, որ այն կայունացել է ցանկալի միջակայքում: Օրինակ, կարող է կարիք զգացվել գլյուկոզը չափել օրական մեկ անգամ ֆիզիկական ակտիվությունից առաջ կամ հետո: Եթե ստանում եք ինսուլին, գուցե անհրաժեշտ լինի բուժման մեկնարկին գլյուկոզը չափել օրական մի քանի անգամ:
Արյան շաքարի վերահսկումը սովորաբար իրականացվում է տանը, փոքր սարքի միջոցով, որը կոչվում է գլիկոմետր: Տնային սարքով որպես կենսանմուշ վերցվում է մազանոթային արյուն (ձեռքի մատից): Սակայն բժիշկը նաև կարող է առաջարկել, որ ժամանակ առ ժամանակ լաբորատորիայում չափեք երակային արյան գլյուկոզը (սա նաև թույլ է տալիս ստուգել տնային գլիկոմետրի չափման ճշտությունը):
Դիաբետի դեղեր
Եթե արյան գլյուկոզի թիրախային մակարդակին չի հաջողվում հասնել սննդակարգի և վարժանքների միջոցով, բժիշկը կարող է նշանակել դեղեր, որոնք օգնում են ինսուլինի ցածր մակարդակի դեպքում կամ ինսուլինային բուժում:
2-րդ տիպի դիաբետի բուժման մեջ ավելի հաճախ նշանակվում են հետևյալ դեղերը՝
- Մետֆորմին (Ֆորտամետ, Գլյումեցա և այլն)
- սուլֆոնիլմիզանյութեր, օրինակ՝ Գլիբուրիդ (ԴիաԲետա, Գլինազե), Գլիպիզիդ (Գլուկոտրոլ) և Գլիմեպիրիդ (Ամարիլ)
- գլինիդներ, օրինակ՝ Ռեպագլինիդ և Նատեգլինիդ
- թիազոլիդինդիոններ, օրինակ՝ Ռոզիգլիտազոն (Ավանդիա) և Պիոգլիտազոն (Ակտոս)
- DPP-4 արգելակիչներ, օրինակ՝ Սիտագլիպտին (Յանուվիա), Սաքսագլիպտին (Օնգլիզա) և Լինագլիպտին (Տրաջենտա)
- GLP-1 ընկալիչի ներհակորդներ (անտագոնիստներ), օրինակ՝ Էքսենատիդ (Բյուրետտա, Բիդուրեոն), Լիրագլուտիդ (Սաքսենդա, Վիկտոզա) և Սեմագլուտիդ (Ռիբելսուս, Օզեմպիկ)
- SGLT2 արգելակիչներ, օրինակ՝ Կանագլիֆլոզին (Ինվոկանա), Դապագլիֆլոզին (Ֆարքսիգա) և էմպագլիֆլոզին (Ջարդինս)
Իմացե՛ք ավելին 2-րդ տիպի դիաբետի բուժման դեղերի մասին:
Բժիշկը կարող է նշանակել նաև լրացուցիչ դեղեր, այդ թվում՝ արյան ճնշումը և խոլեսթերինը նվազեցնող, օրինակ՝ ցածր դեղաչափով Ասպիրին՝ ուղղված սրտանոթային հիվանդության կանխարգելմանը:
Հղիություն
2-րդ տիպի դիաբետով կանայք հղիության ընթացքում կարիք ունեն որոշակի փոփոխություններ մտցնելու բուժման մեջ և պահպանելու բժշկի խորհուրդ տված սննդակարգը: Բազմաթիվ կանանց հղիության ընթացքում կարող է նշանակվել ինսուլին՝ ընդմիջելով դիաբետի մյուս դեղերը:
Հղիության ընթացքում բարձրանում է դիաբետիկ ռետինոպաթիայի զարգացման կամ դիաբետի ընթացքի ծանրացման ռիսկը: Ուստի, եթե հղի եք կամ պատրաստվում եք հղիանալ, յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում այցելեք ակնաբույժին և ստուգեք ձեր աչքերն ու տեսողությունը:
Հոդվածը վերանայվել է՝ 29-04-2021