Սոնոգրաֆիա (գերձայնային հետազոտություն)

Սոնոգրաֆիա (գերձայնային հետազոտություն)

Գերձայնը (ուլտրաձայն) մարդու համար անլսելի, սակայն հյուսվածքներով թափանցելու ունակությամբ օժտված գերկարճ ձայնային ալիք է:

Գերձայնի այս հատկությունը թույլ է տվել, որ հաջողությամբ ներդրվի բժշկագիության, մասնավորապես՝ ախտորոշման ոլորտում: Գերձայնային հետազոտությունը հաճախ կարճ անվանվում է «սոնոգրաֆիա» կամ «Էխո»։

Սոնոգրաֆիայի ընթացում ուղարկվող և ընդունվող գերձայների շնորհիվ ստացվում է մեր ներքին օրգանների «ռեալ ժամանակի մեջ» (հետազոտության պահին առկա) պատկերները: Սոնոգրաֆիան համարվում է ոչ ինվազիվ («արյունային» միջամտություն չպահանջող) և անցավ հետազոտություն: Ի տարբերություն ռենտգեն հետազոտությանը, սոնոգրաֆիան ճառագայթում չի օգտագործում:

Սոնոգրաֆիայի տեսակները

Սոնոգրաֆիկ հետազոտության հիմնական տեսակներն են՝

  • որովայնային սոնոգրաֆիա, որն օգտագործվում է որովայնի խոռոչի օրգանները, այդ թվում՝ հղիությունը և պտուղը հետազոտելու համար
  • տրանսվագինալ (հեշտոցային) սոնոգրաֆիա, որի ժամանակ հետազոտվում են կնոջ փոքր կոնքի վերարտադրողական օրգանները՝ արգանդ, պարանոց, ֆալոպյան փողեր և ձվարաններ, ինչպես նաև երիկամներ և միզապարկ
  • դոպլեր սոնոգրաֆիա, որը սոնոգրաֆիայի յուրահատուկ մեթոդ է և օգտագործվում է խոշոր արյունատար անոթներով՝ զարկերակներով և երակներով արյան հոսքը գնահատելու և հնարավոր խոչընդոտները կամ խցանումները հայտնաբերելու համար
  • էխոսրտագրություն, որի ժամանակ կատարվում է սրտի սոնոգրաֆիա և դոպլեր հետազոտություն և գնահատվում սրտի անատոմիական կառուցվածքը, առանձին շրջանների առանձնահատկությունները, սրտի պատի շարժունակությունը, սրտի խոռոչներով արյան հոսքը, սրտի կափույրների գործունեությունը և այլն
  • ոսկրերի սոնոգրաֆիա, որը սովորաբար օգտագործվում է օստեոպորոզն ախտորոշելիս և ոսկրային այլ ախտահարումները կամ շեղումները հայտնաբերելիս
  • 3D սոնոգրաֆիա, որով ստացվում է ներքին օրգանի եռաչափ պատկերը
  • 4D սոնոգրաֆիա, որով ներքին օրգանի եռաչափ պատկերը ստեղծվում է այդ օրգանի շարժման մեջ:

Ինչո՞ւ է նշանակվում սոնոգրաֆիա

Գերձայնային հետազոտություններն օգտագործվում են սքրինինգային և ախտորոշիչ նպատակներով, այդ թվում՝

  • օրգանների հետազոտություն
  • ջլերի և կապանների հետազոտություն
  • ուռուցքների (նորագոյացությունների) հետազոտություն
  • արյան հոսքի հետազոտություն
  • որպես բուժմանն օժանդակող մեթոդ (օրինակ՝ բիոպսիայի կամ ասեղի ճիշտ դիրքը որոշելու համար):

Սոնոգրաֆիան մեծ կիրառություն ունի մանկաբարձության ոլորտում՝ որպես պտղի զարգացման հսկողության և բարդությունների հայտնաբերման ոչ ինվազիվ միջոց: Հաճախ հղի կնոջ սոնոգրաֆիան կիրառում են նաև ոչ բժշկական նպատակով (օրինակ՝ պտղի սեռի որոշում):

Գերձայնը համարվում է անվնաս, սակայն այն պետք է նշանակել միայն ըստ անհրաժեշտության:

Ինչպե՞ս է կատարվում սոնոգրաֆիան

Բժիշկը (սոնոգրաֆիստ) հետազոտությունը կատարում է՝ սոնոգրաֆին լարով միացած տվիչը (տրանսդյուսեր, датчик) հպելով հետազոտվող շրջանի մաշկին: Տվիչը մեզ համար աննկատ, առանց որևէ զգացողություն կամ ցավ պատճառելու, ուղարկում և ստանում է ուլտրաձայն, որի հիման վրա էլ ապարատի էկրանին ցուցադրվում է հետազոտվող շրջանի մաշկի տակ բավարար խորությամբ գտնվող հյուսվածքների և օրգանների սոնոգրաֆիկ պատկերը:

Սոնոգրաֆիկ հետազոտությունների մեծ մասի համար ձեզ կխնդրեն պառկել մի կողմի կամ մեջքի վրա: Հետազոտման ենթակա շրջանի մաշկը կօծեն հատուկ անվնաս և ոչ գրգռիչ գելային քսուքով:

Տրանսվագինալ սոնոգրաֆիայի դեպքում տվիչը պտտական շարժումներով տեղադրվում է կնոջ հեշտոցի մեջ: Նման դեպքերի համար նախատեսված տվիչը կանացի տամպոնից քիչ ավելի մեծ է: Տվիչը սովորաբար ծածվում է պահպանակով և օծվում գելով:

Ստանդարտ սոնոգրաֆիան սովորաբար տևում է 20-30 րոպե, իսկ ավելի մանրակրկիտ զննման համար կարող է ձգվել մինչև 1 ժամ: Սոնոգրաֆիան իրականացնում է բժիշկ-սոնոգրաֆիստը:

Սոնոգրաֆիան համարվում է արտահիվանդանոցային միջոցառում և չունի որևէ կողմնակի ազդեցություն:

Ինչպե՞ս պատրաստվել սոնոգրաֆիկ հետազոտությանը

Սոնոգրաֆիային նախապատրաստվելը շատ պարզ է՝

  • ձեզ հետ բերեք ձեր ուղեգիրը և վերջին երկու տարվա ընթացքում հետազոտվող օրգանի կամ շրջանի վերաբերյալ սոնոգրաֆիկ և ռենտգեն հետազոտությունների եզրակացությունները
  • ուշադրությամբ հետևեք և կատարեք բժիշկ-սոնոգրաֆիստի հրահանգները
  • տանը թողեք ձեր արդուզարդի առարկաները
  • որովայնի օրգանների սոնոգրաֆիկ հետազոտությանը ներկայացեք քաղցած և աղիքները դատարկած վիճակում
  • միզապարկի (տղամարդկանց մոտ՝ նաև շագանակագեղձի) սոնոգրաֆիային ներկայացեք լիքը միզապարկով:

Հոդվածը վերանայվել է՝ 28-02-2021