Առողջական խնդիրներ
Գերձայնային հետազոտությունը հղիության ընթացքում

2 րոպե
Հղիության ընթացքում գերձայնային հետազոտությունն օգտագործում է գերձայն (ուլտրաձայն), որ ստացվի ձեր արգանդում զարգացող երեխայի սոնոգրաֆիկ պատկերը:
Այդ պատկերը ցուցադրվում է սարքի էկրանին, որը դուք ևս կարող եք տեսնել:
Գերձայնային հետազոտությունը կամ սոնոգրաֆիան անցկացվում է բժիշկ–մասնագետի՝ սոնոգրաֆիստի կողմից: Գերձայնային հետազոտությունն անցավ է և որևէ վտանգ չի ներկայցնում ոչ ձեզ, ոչ էլ ձեր երեխային: Այն թույլ է տալիս հսկել երեխայի ներարգանդային զարգացումը նրա աճի և զարգացման տարբեր փուլերում:
Մինչև հղիության ընթացքում գերձայնային հետազոտության տեսակների նկարագրության անցնելը ընդգծենք, որ սոնոգրաֆիան կարող է հաստատել հղիության փաստը և հայտնաբերել (կամ հերքել) արտաարգանդային հղիությունը:
Որո՞նք են հղիության ընթացքում գերձայնային հետազոտության տեսակները
Հղիության ընթացքում ըստ օգտագործման նպատակի կարելի է առանձնացնել գերձայնային հետազոտության երեք հիմնական տեսակ:
- Ժամկետի սքանավորումը կարող է օգտագործվել հղիության ժամկետը հաստատելու համար, եթե դուք համոզված չեք ձեր վերջին դաշտանային ցիկլի կամ բեղմնավորման օրվա վերաբերյալ: Այս հետազոտությունը սովորաբար իրականացվում է հղիության 10-ից մինչև 13-րդ շաբաթվա ընթացքում, սակայն կարող է անցկացվել նաև 6-րդ շաբաթականից սկսած ցանկացած ժամանակ: Ընդունված է, որ գերձայնային հետազոտությամբ հղիության ժամկետը որոշելն ավելի ճշգրիտ է, քան դաշտանային վերջին ցիկլով հաշվարկը:
- Օձիքային տարածության սքանավորումը կարող է առաջարկվել, որ գնահատվի ձեր երեխայի մոտ քրոմոսոմային արատի առկայության ռիսկը: Այս նպատակի համար չափվում է սոնոգրաֆիական ցուցանիշ հանդիսացող «օձիքային գործակիցը» (հեղուկի կուտակում պտղի պարանոցի հետին մակերեսի մաշկի տակ): Այս հետազոտությունը կարող է անցկացվել ժամկետի սքանավորման հետ միաժամանակ:
- Մորֆոլոգիական (կառուցվածքաբանական) կամ անատոմիական սքանավորումը կատարվում է, որպեսզի մանրակրկիտ ուսումնասիրվի երեխայի մարմինը, նկարագրվի ընկերքի դիրքը, զննվի պորտալարը, երեխային շրջապատող ամնիոտիկ հեղուկը, ձեր արգանդը և պարանոցը: Սոնոգրաֆիայի այս տեսակը սովորաբար անցկացվում է հղիության 18-22 շաբաթականում և կարող է ուղեկցվել դոպլերոգրաֆիայով, երբ գնահատվում է արգանդային արյան հոսքը, պտղի և պորտալարի արյան շրջանառության վիճակը: Այս հետազոտությունները թույլ են տալիս վաղ հայտնաբերել պտղի թթվածնաքաղցը:
Երբեմն հղիության ընթացքում գերձայնային հետազոտությունները կարող են անցկացվել ավելի հաճախակի: Օրինակներից են՝
- դուք ունենալու եք երկվորյակ կամ եռորյակ երեխաներ
- դուք ունեք հղիության որևէ բարդություն
- բժիշկն անհանգստացած է ձեր երեխայի առողջությամբ:
Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունը
Հղիության 10-րդ շաբաթից հետո անցկացվող գերձայնային հետազոտությունների մեծ մասը կատարվում է որովայնային մոտեցմամբ, երբ սոնոգրաֆիստը ձեր որովայնի ստորին շրջանի պատին օծում է քիչ քանակով գել (ժելեանման անվնաս նյութ) և տվիչով (датчик) սկսում է մեղմ շփել կամ տրորել ձեր մաշկը, որ էկրանին տեսնի անհրաժեշտ սոնոգրաֆիկ պատկեր:
Ձեր հղիության առաջին եռամսյակում անցկացվող որովայնային գերձայնային հետազոտությունից առաջ սոնոգրաֆիստը կարող է խնդրել, որ խմեք մի քանի բաժակ ջուր: Սա լցնում է ձեր միզապարկը և արգանդը կոնքահատակից բարձրացնում վերև՝ թույլ տալով ստանալ երեխայի և արգանդի ավելի հստակ սոնոգրաֆիկ պատկեր:
Երբեմն սոնոգրաֆիստը կարող է առաջարկել հեշտոցային (վագինալ) սոնոգրաֆիա, որի ժամանակ բարակ գլանաձև տվիչը տեղադրվում է ձեր հեշտոցի խոռոչում: Հեշտոցային սոնոգրաֆիան կարող է խորհուրդ տրվել, եթե՝
- ձեր հղիությունը 8 շաբաթականից ցածր է
- դուք ունեք ավելցուկային քաշ կամ գեր եք
- ձեր երեխան որովայնում ունի խոր ընկած դիրք:
Իմացե՛ք ավելին պտղի գերձայնային հետազոտության մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-05-2020 վերանայվել է՝ 16-02-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: