Գրադարան
Միզուղիների վարակ

2 րոպե
Միզուղիների վարակային հիվանդությունների պատճառը սովորաբար այս համակարգ ներթափանցած բակտերիաներն են։
Միզուղիների վարակը կարող է վերընթաց տարածվելով ընդգրկել միզուկը, միզապարկը, միզածորանները կամ տարածվել դեպի երիկամներ։ Չբուժվելու դեպքում միզուղիների վարակը կարող է բերել երիկամների ծանր վարակային ախտահարման (պիելոնեֆրիտ), ուստի շատ կարևոր է ժամանակին բժշկին դիմելը։
Միզուղիների վարակի ախտանիշները
Եթե ունեք միզուղիների վարակ, կարող եք նշել այս գանգատները՝
- միզելիս այրոց կամ ցավ (դիզուրիա)
- միզարձակելու մշտական ցանկություն, թեև միզում եք փոքր քանակով
- մեզում արյան առկայություն (արյունամիզություն կամ հեմատուրիա)
- որովայնի ստորին շրջաններում (սեռական օրգաններից վերև) տհաճ զգացողություն կամ ցավ։
Միզուղիների վարակի ախտորոշումը
Միզուղիների վարակին բնորոշ գանգատների դեպքում այցելեք ձեր բժշկին։ Նա կխոսի ձեզ հետ և հավանաբար ձեզ կառաջարկի մեզի թեստ։
Որոշ ուղեցույցներ խորհուրդ են տալիս, որ եթե միզուղիների վարակի նշանները բացակայում են, սակայն մեզի թեստով հայտնաբերվել է որևէ բակտերիա, սա չի կարող հակաբիոտիկների նշանակման հիմք դառնալ։
Միզուղիների վարակի կանխարգելումը
Հակաբիոտիկային բուժումից անկախ, եթե ձեզ մոտ միզուղիների վարակը կրկնվելու հակում ունի, ինքնօգնության որոշ միջոցառումները կարող են կանխարգելել հետագա վարակումները՝
- խմեք ավելի շատ հեղուկներ, որ մեզով հեռացնեք ավելի շատ բակտերիաներ
- սեռական հարաբերությունից հետո անմիջապես միզեք
- եթե կին եք, զուգարանից օգտվելուց հետո զգուշությամբ մաքրեք ձեր շեքը հեշտոցից դեպի հետանցք, այլ ոչ թե հակառակ ուղղությամբ
- կրեք բամբակե ներքնազգեստ և ազատ հարմարավետ, ոչ կիպ անդրավարտիք
- եթե կին եք, սննդում ներառեք բնական յոգուրտ (նպաստում է նորմալ հեշտոցային միկրոֆլորայի վերականգնմանը)
- հղիությունը կանխելու համար հրաժարվեք սպերմատոզոիդները ոչնչնացնող սպերմիցիդների օգտագործումիցև օգտվեք այլ մեթոդներից։
Միզուղիների վարակի կանխարգելման վերաբերյալ օգտակար տեղեկություններ կարող են տրամադրել նաև ձեր բժիշկը կամ ուրոլոգը։
Միզուղիների վարակի հնարավոր բարդությունները
Միզուղիների վարակները հազվադեպ են ստանում բարդացած ընթացք, սակայն բարդությունները կարող են ստանալ ծանր բնույթ։ Միզուղիների վարակները սովորաբար բարդանում են թուլացած դիմադրողականությամբ (իմունային համակարգով) անձանց մոտ, ովքեր ունեն շաքարային դիաբետ, միզուղիների կրկնվող վարակներ, հղի են և այլն։
Չբուժվելու դեպքում միզուղիների վարակը կարող է բարդանալ երիկամների վարակային ախտահարմամբ (պիելոնեֆրիտ), որն էլ իր հերթին կարող է ավարտվել երիկամային անբավարարությամբ։
Վարակը երիկամներ տարածվելու դեպքում կարող են ի հայտ գալ տենդ, գոտկային շրջանի ցավեր, փորլուծություն և փսխումներ։ Ձեզ մոտ այս գանգատներից մեկնումեկի առաջանալու դեպքում առանց ուշացնելու դիմեք ձեր բժշկին կամ բժիշկ-ուրոլոգին։
Հոդվածը տեղադրվել է՝ 21-04-2018 վերանայվել է՝ 07-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: