Լաբ թեստեր

Կալցիում (իոնական)

Ca++

Միջազգային անվանում (հապավում). Calcium Ionized (Ca++)

Նկարագրություն

Իոնական կամ ազատ կալցիումն (Calcium Ionized, Ca++) արյան պլազմայի կալցիումի ֆիզիոլոգիական ակտիվ մասն է:

Կալցիումի բոլոր ֆիզիոլոգիական ազդեցությունները, ինչպիսիք են մասնակցությունը մկանային կծկմանը, հորմոնների սեկրեցիայի մեխանիզմներին, նյարդահաղորդականությանը, բջիջների տրոհմանը և այլն, իրականացվում է այս միկրոտարրի իոնական ձևի միջոցով:

Իոնական կամ ազատ կալցիումը կազմում է ընդհանուր կալցիումի 43%-50%-ը:

Իոնական կալցիումի մակարդակը տատանվում է օրվա ընթացքում՝ նվազագույնին հասնելով երեկոյան ժամը 20-ի, իսկ առավելագույնին՝ գիշեվա ժամը 2-4-ի մոտակայքում:

Կալցիումի մակարդակը կարգավորվում է պարատհորմոնով (PTH), կալցիտոնինով (CTN) և D3 վիտամինի ակտիվ ձևով: Այս հորմոնների արտադրությունն, իր հերթին, կախված է իոնական կալցիումի մակարդակից, որի վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ սպիտակուցներ, մագնեզիում (հիպոկալցեմիայի դեպքում պարտադիր պետք է ստուգել մագնեզիումի մակարդակը) և այլն: Շատ կարևոր է նաև արյան թթվահիմնային հավասարակշռության ստուգումը, քանի որ ալկալոզը բարձրացնում է կալցիումի կապվելը սպիտակուցների հետ՝ նվազեցնելով իոնական կալցիումի մակարդակը, իսկ ացիդոզն, ընդհակառակը, թուլացնում է կալցիումական կապերը՝ մեծացնելով իոնական կալցիումի մակարդակը:

Իոնական կալցիումի մակարդակի որոշումը թույլ է տալիս ավելի ճիշտ գնահատել հիվանդի մոտ կալցիումական փոխանակության վիճակը, հատկապես վիրահատական միջամտության ենթարկված, վերակենդանացման բաժանմունքում բուժվող, հեպարին, բիկարբոնատներ, կալցիումի և մագնեզիումի պատրաստուկներ ստացող հիվանդների շրջանում:

Հիպերկալցեմիկ վիճակների ախտորոշման մեջ իոնական կալցիումի մակարդակի իմացությունն ավելի ինֆորմատիվ է, քան ընդհանուր կալցիումինը, մասնավորապես, առաջնային հիպերպարաթիրեոիդիզմի ժամանակ, որին բնորոշ է արյան պլազմայի ազատ կալցիումի մակարդակի բարձրացումը՝ ընդհանուրի անփոփոխ պայմաններում, օնկոհիվանդությունների դեպքում և հեմոդիալիզ ստացող հիվանդների մոտ:

Հղիության ընթացքում արյան շիճուկի ընդհանուր կալցիումի մակարդակը ալբումինի մակարդակի նվազեցմանը զուգընթաց նույնպես իջնում է, սակայն իոնական կալցիումի մակարդակը կարող է մնալ նորմալ միջակայքում:

Պտղի մոտ ընդհանուր և ազատ կալցիումի մակարդակները քիչ բարձր են, որոնք սկսում են նվազել ծնվելուց հետո մի քանի օրվա ընթացքում, որից հետ նորից բարձրանում է՝ հասնելով ավելի մեծ մակարդակի, քան չափահասների մոտ:

Իոնական կալցիումի < 0,8 մմոլ/լ մակարդակի նվազելու պայմաններում հնարավոր են ցնցումներ և ջղաձգումներ: Իոնական կալցիումի՝ կյանքին վտանգ սպառնացող ստորին սահմանային ցուցանիշն է՝ < 0,7 մմոլ/լ, իսկ որոշ տվյալներով՝ < 0,5 մմոլ/լ:

Ցուցումներ

  • հիպեր- և հիպոկալցեմիկ վիճակներ, հատկապես՝ դիսպրոտեինեմիաների հետ զուգակցվելիս
  • կալցիումի մակարդակի հսկողություն՝ ցիտրատային արյան փոխներարկումից հետո, հեպարինաբուժում, տարածուն վնասվածքներ և վիրաբուժական միջամտություններ, այրվածքներ, պանկրեատիտ, բազմաօրգանային անբավարարություն, լյարդի և երիկամների ծանր ախտահարումներ, չարորակ նորագոյացություններ, մալաբսորբցիա
  • հղի կանանց հետազոտություն
  • սեպսիս
  • դիալիզ և էքստրակորպորալ արյունաշրջանառություն

Կենսանմուշ

Ca++ թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում, սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ) առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (առավել ևս՝ քաղցր): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մմոլ/լ (միլիմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

մգ/դլ x 0,25 = մմոլ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Չափահասներ, արյան շիճուկ՝ (1,16-1,32) մմոլ/լ

Այլընտրանքային միջակայքեր

ՏարիքCa++, մմոլ/լ
1 օր.1,10 +/- 0,059
3 օր.1,13 +/- 0,051
5 օր.1,22 +/- 0,053
1-20 տ.1,18 +/- 0,069
> 20 տ.1,15-1,35

Արդյունքների մեկնաբանություն

Իոնական կալցիումի մակարդակի բարձրացում (հիպերկալցեմիա)

  • առաջնային գերակտիվ հարվահանաձև գեղձեր (հիպերպարաթիրեոզ)` հարվահանաձև գեղձերի հիպերպլազիա, ադենոմա կամ կարցինոմա
  • պարատհորմոն (PTH) արտադրող արտահարվահանաձև գեղձային ուռուցքեր
  • D վիտամինի ավելցուկային ընդունում
  • չարորակ ուռուցքներ և դրանց մետաստազներ (իոնական կալցիումի մակարդակի բարձրացում՝ ընդհանուր կալցիումի նորմալ ցուցանիշների պայմաններում)
  • ացիդոզ
  • որոշ դեղերի ընդունում՝ Հիպոքլոթիազիդ (երկարատև ընդունում), Լիթիումի պատրաստուկներ, անդրոգեններ

Իոնական կալցիումի մակարդակի նվազեցում (հիպոկալցեմիա)

  • առաջնային թերակտիվ հարվահանաձև գեղձեր (հիպոպարաթիրեոզ)
  • կեղծ հիպոպարաթիրեոիդիզմ
  • D վիտամինի դեֆիցիտ
  • սեպսիս
  • սուր պանկրեատիտ
  • երիկամային անբավարարություն
  • կմախքային մկանուքի ծանր ախտահարումներ
  • հեմոդիալիզ՝ դիալիզատում կալցիումի ցածր մակարդակի պայմաններում
  • կալցիումը կոմպլեքսացնող անիոններ (ցիտրատ) պարունակող արյան փոխներարկում
  • տարածուն վնասվածքներ
  • ծանր վիրաբուժական միջամտություններ
  • այրվածքներ
  • բազմաօրգան անբավարարություն
  • մագնեզիումի անբավարարություն (դեֆիցիտ)
  • ալկալոզ
  • հիպոնատրեմիա
  • ատրոֆիկ գաստրիտ
  • փորձանոթում կալցիումը կապող նյութերի առկայություն (ցիտրատներ, օքսալատներ, հեպարին, EDTA և այլն)
  • որոշ դեղերի ընդունում՝ հակացնցումային միջոցներ, Դանազոլ, Ֆոսկարնետ, Ֆուրոսեմիդ (նախնական ազդեցություն)
  • ալկոհոլի ընդունում

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 23-03-2024

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: