Անցնել գլխավոր բովանդակությանը

Հորմոնային համակարգ - Ներզատական համակարգ

Հորմոնային կամ ներզատական համակարգը ազդում է ձեր նյութափոխանակության, աճի և բազմաթիվ այլ գործընթացների վրա:

Հորմոնային համակարգը կազմված է ներզատական գեղձերից, որոնք արտադրում են կենսաակտիվ նյութեր՝ հորմոններ և ազատում այն արյան հուն կամ հարակից հյուսվածքներ:

Ի՞նչ է հորմոնային համակարգը

Դուք ունեք տարբեր ներզատական գեղձեր, որոնք արտադրում են տարբեր հորմոններ: Այդ գեղձերից են՝

  • ենթատեսաթումբ (հիպոթալամուս)
  • մակուղեղ (հիպոֆիզ)
  • կոնաձև գեղձ (էպիֆիզ)
  • վահանաձև գեղձ
  • հարվահանձև գեղձեր
  • մակերիկամներ
  • ենթաստամոքսային գեղձ
  • կանանց մոտ՝ ձվարաններ
  • տղամարդկանց մոտ՝ ամորձիներ:

Այս գեղձերից յուրաքանչյուրն արտադրում է մեկ կամ ավելի շատ հորմոններ: Յուրաքանչյուր հորմոն ազդում է հատուկ՝ թիրախ բջիջների վրա: Որոշ հորմոններ կարող են ազդել օրգանիզմի գրեթե բոլոր բջիջների վրա (օրինակ՝ հիպոֆիզի սոմատոտրոպ կամ աճի հորմոն): Այլ հորմոններ ազդում են սակավաթիվ բջիջների վրա (օրինակ՝ հակադիուրետիկ հորմոնն ազդում է միայն երիկամի որոշ բջիջների վրա):

Ինչպե՞ս է հորմոնային համակարգը գործում

Երբ հորմոնն արտադրվում և գեղձի կողմից ներզատվում է՝ բաց է թողվում արյան հուն, այդ հորմոնը սկսում է շրջանառել արյան հետ: Այն հանդիպում է բազմաթիվ բջիջների և ի վերջո հասնում իր թիրախ բջիջներին:

Հասնելով թիրախին, հորմոնը կցվում է հատուկ բջիջներին (ընկալիչ-բջիջներ) և վերջիններս էլ կատարում են այն գործը, ինչպես հրահանգում է հորմոնը: Օրինակ՝ որոշակի հյուսվածքի աճի խթանում, մեկ այլ հորմոնի ազատում, արյան շաքարի ներծծում, երիկամների կողմից ջրի պահում կամ մեկ կամ մի քանի կարևոր այլ գործընթացներ:

Այսպիսով, հորմոնային համակարգը մի ուղի է, որի միջոցով օրգանիզմի մի շրջանը (գեղձ) կարողանում է մեկ այլ շրջանին (թիրախ) «հրահանգել», որպեսզի վերջինս կատարի որևէ մի կարևոր գործառույթ:

Իմացե՛ք ավելին գլխավոր ներզատական գեղձերի և դրանց հորմոնների մասին:

Հորմոնային համակարգի հետ կապված հիվանդություններ

Հորմոնային համակարգի գործունեությունը կարող է որոշ վիճակներում խանգարվել: Գեղձերը կարող են արտադրել չափից դուրս շատ կամ չափից դուրս քիչ հորմոններ, մյուս կողմից, թիրախային բջիջները կարող են հորմոններին ճիշտ ձևով չպատասխանել:

Ամենատարածված հորմոնային խնդիրներից են՝

  • շաքարային դիաբետ (շաքարախտ)
  • վահանաձև գեղձի խնդիրներ, օրինակ՝ թերակտիվություն (հիպոթիրեոզ) կամ գերակտիվություն (հիպերթիրեոզ կամ թիրեոտոքսիկոզ)
  • Քուշինգի համախտանիշ
  • կանանց կամ տղամարդկանց անպտղություն
  • մակերիկամների բնածին հիպերպլազիա:

Հորմոնային հիվանդությունների բուժումը կազմակերպվում է՝ հսկելով օրգանիզմի կողմից տվյալ հորմոնի արտադրության չափը: Ներզատաբանը (էնդոկրինոլոգ), ով զբաղվում է ներզատական գեղձերի հիվանդություններով, կարող է օգնել ձեզ, որպեսզի նշանակվի ճիշտ հետազոտություններ և բուժում:

Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2019
Վերջին վերանայում՝ 17-03-2023