Skip to main content

Գորիսի բժշկական կենտրոն - Սյունիքի մարզ /

«​Գորիսի բժշկական կենտրոն»​ ՓԲԸ հիմնվել է 1928 թվականին: 2010 թվականին շահագործման հանձնվեց բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքը, որը Համաշխարհային Բանկի վարկային ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել և հագեցվել է ժամանակակից սարքավորումներով:

«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատում են 70 բարձր որակավորում ունեցող բժիշկներ, որոնցից 1-ը բժշկական գիտությունների թեկնածու է: Նեղ մասնագիտական բուժօգնությունն իրականացվում է բարձր որակավորում ունեցող մասնագետների միջոցով, իսկ առողջության առաջնային պահպանումը` համապատասխան մասնագիտացում անցած 11 ընտանեկան բժիշկների միջոցով:

Բժշկական կենտրոնը իրականացնում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային և շտապ օգնության ծառայություններ:

1. Հիվանդանոցային ծառայություն

Հիվանդանոցում ծավալված է 110 մահճակալ: Հիվանդանոցային ծառայությունից օգտվում են տարեկան միջին թվով 5000 հիվանդներ, իրականացվում է միջին թվով 550 ծննդալուծում: Գործում են վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, թերապևտիկ, մանկական, մանկական-ինֆեկցիոն, ինֆեկցիոն, տուբերկուլյոզային, հեմոդիալիզային և վերակենդանացման (մանկական և մեծահասակների մահճակալներով) բաժանմունքները: Տարեկան միջին հաշվով իրականցվում են 750 պլանային և անհետաձգելի վիրաբուժական, վնասվածքաբանական, ուռոլոգիական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական և մանկաբարձագինեկոլոգիական միջամտություններ:

Գորիսի բժշկական կենտրոնը իրականացնում է 2-րդ մակարդակի ծննդօգնություն, այսինքն` բարձր ռիսկի հղիների ծննդալուծում, քանի որ որակյալ կադրային ներուժը և ժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը թույլ են տալիս պատշաճ մակարդակով կազմակերպել ինչպես մայրերի, այնպես էլ նորածինների բուժօգնությունը և խնամքը` ախտաբանական շեղումների դեպքում:

Բժշկական կենտրոնի հիմնանորոգումից հետո գործում է նորաստեղծ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը: Հիվանդանոցային բուժօգնությունը իրականացվում է պետական պատվերի շրջանակներում` անվճար, համավճարի սկզբունքով և վճարովի հիմունքներով:

Հեռախոս` ընդունարան (0284) 22152

2.Արտահիվանդանոցային ծառայություն.

Բժշկական կենտրոնի ամբուլատոր-պոլիկլինիկական ստորաբաժանման կողմից իրականացվող միջին օրական այցելությունների թիվը կազմում է 550 հաճախում: Առողջության առաջնային պահպանման գործառույթները իրականացվում են ՀԲ վարկային ծրագրի շրջանակներում 1-ամյա դասընթացների միջոցով մասնագիտացված ընտանեկան բժիշկների կողմից` բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում և ընտանեկան բժշկի երկու գրասենյակներում, որոնք տեղակայված են քաղաքի Ավանգարդ և Վանքի տափ թաղամասերում: Գորիսի բժշկական կենտրոնը իրականացնում է նաև Որոտան, Քարահունջ, Բարձրավան, Շուրնուխ գյուղական համայնքների բնակչության առողջության առաջնային պահպանումը: Նշված գյուղական համայնքներում գործում են բուժակմանկաբարձական կետեր, որտեղ ընտանեկան բուժքրոջ գործառույթներն են իրականացնում ՀԲ և USAID-ի ուսուցողական ծրագրերով կատարելագործված բուժքույրերը:

Ամբուլատոր ծառայության գործառույթների մեջ են մտնում նաև բնակչության դիսպանսերային/ հակատուբերկուլոզային, ուռուցքաբանական, հոգեբուժական, այդ թվում նաև նարկոլոգիական, մաշկավեներաբանական, ինֆեկցիոն, էնդոկրինոլոգիական և նեղ մասնագիտական (վիրաբուժական, նյարդաբանական, ակնաբուժական, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ուռոլոգիական, վնասվածքաբանական) բուժօգնությունը: Դիսպանսերային և նեղ մասնագիտական բուժօգնությունը բժշկական կենտրոնի կողմից իրականացվում է Գորիս քաղաքի և տարածաշրջանի բոլոր գյուղական համայնքների բնակիչների համար անվճար` պետական պատվերի շրջանակներում, բժշկական ցուցումների և ԱԱՊ իրականացնող բժշկի ուղեգրի առկայության դեպքում:

Բժշկական կենտրոնում գործում է ժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայություն, որը իրականացնում է մեզի, արյան (կլինիկական, բիոքիմիական, իմունոֆերմենտային, սեռոլոգիական) և գործիքային (ուլտրաձայնային, թվային ֆլյուրոգրաֆիա, էնդոսկոպիա, էլեկտրասրտագրում) համալիր հետազոտություններ: Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայությունները մատուցվում են պետական պատվերի շրջանակներում` անվճար Գորիսի տարածաշրջանի բոլոր բնակիչների համար` համապատասխան բժշկական ցուցումների և բուժող բժշկի ուղեգրի առկայության դեպքում:

Պետական պատվերի շրջանակներում իրականացվում են նաև որոշ դժվարամատչելի հետազոտություն` համակարգչային տոմոգրաֆիկ: Ծառայությունն իրականացվում է ամբողջ մարզի բնակչության համար պետական պատվերի շրջանակներում` համապատասխան մասնագիտական ցուցումների և ուղեգրի առկայության դեպքում:

Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների կարևոր գործառույթներից է նաև բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ զեղչով դեղորայքով ապահովումը` ըստ սահմանված կարգի:

Արտահիվանդանոցային (պոլիկլինիկական) բուժօգնությունը իրականացվում է անվճար:

Հեռախոսներ` պոլիկլինիկա (0284) 22132, Ավանգարդ ընտանեկան գրասենյակ (0284) 23389, Վանքի տափ ընտանեկան գրասենյակ (0284) 26038

3.Շտապ օգնության ծառայություն

Վերջերս կենտրոնի շտապ օգնության ծառայությունը հագեցվել է նորագույն սարքավորումներով և տրանսպորտային միջոցներով, իսկ բուժանձնակազմը վերապատրաստվել է ՀԲ կողմից իրականացված կրթական ծրագրերով:

Բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության գործառույթները պետական պատվերի շրջանակներում իրականացվում են ամբողջ Գորիսի տարածաշրջանի քաղաքային և գյուղական համայնքներում ապրող բնակիչների համար` բացառությամբ Տաթև, Տանձատափ, Քաշունի, Հալիձոր գյուղական համայնքների բնակիչների, որոնց անհետաձգելի բուժօգնությունը իրականացվում է Տաթևի ԱԿ միջոցով:

Շտապ օգնության ծառայությունը իրականացվում է անվճար` պետական պատվերի շրջանակներում:

Հեռախոս` 1-03

Գուգլ-տեղակայում

Հասցե և կոնտակտներ

Դիտել հասցեն
Սյունիքի մարզ, քաղաք Գորիս

Գրիգոր Տաթևացու փող. 31

Դիտել կոնտակտները

Հոդվածը հրապարակվել է՝ 17-06-2018
Վերջին վերանայում՝ 02-02-2021