Որոշ հետազոտություններ կապ են գտել դաջվածքների և քաղցկեղի բարձր ռիսկի միջև, և վերջին տվյալները վկայում են, որ դաջվածքներն ըստ երևույթին կարող են մեծացնել հատկապես արյան քաղցկեղի առաջացման ռիսկը:
Ի՞նչ կենսաբանական մեխանիզմներ կարող են բացատրել այս կապը, և արդյո՞ք մարդիկ իսկապես պետք է անհանգստանան դաջվածք անելու առողջական հետևանքներից: Վերջին տվյալներն, անկասկած, ավելի խոր ուսումնասիրության տեղիք են տալիս:
Դաջվածքները, որպես արվեստի մի տարատեսակ, կյանքի կարևոր իրադարձությունները հիշատակելու միջոց կամ հոգեկան և էմոցիոնալ բարելավման ձև, գնալով ավելի տարածված են դառնում: 2023 թվականին Pew Research Center-ի անցկացված մի հարցման համաձայն ամերիկացիների 32%-ն ունի առնվազն մեկ դաջվածք, իսկ 22%-ը՝ մի քանի:
Այնուամենայնիվ, որոշ հարցեր դեռևս մնում են դաջվածք անելու հնարավոր հետևանքների վերաբերյալ, և վերջերս հետազոտողները ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով դաջվածքը կարող է երկարաժամկետ ազդել անձի ֆիզիկական առողջության վրա:
Օրինակ, Applied and Environmental Microbiology-ում 2024 թվականի հուլիսի սկզբին հրապարակված մի հետազոտությամբ փորձարկել է 75 դաջվածքների և մշտական դիմահարդարման թանաքների նմուշներ, որոնք սովորաբար օգտագործվում են Միացյալ Նահանգներում, և պարզվել է, որ դրանցից 26-ը վարակված են վարակիչ բակտերիաներով՝ Staphylococcus epidermidis, որը կարող է լուրջ առողջական բարդություններ առաջացնել և Cutibacterium acnes, որն առաջացնում է ակնե (պզուկներ):
Ավելի մտահոգիչ է այն, որ Շվեդիայի Լունդի համալսարանի մի հետազոտությամբ, որը հրապարակվել է նախորդ ամիս eClinical Medicine ամսագրում, ցույց է տվել, որ ցանկացած չափսի դաջվածքը կապված է լիմֆոմայի՝ արյան քաղցկեղի մի տեսակի ռիսկի շուրջ 21%-ով բարձրացման հետ:
Բայց ի՞նչ է նշանակում այս կապվածությունը: Ինչպե՞ս են դաջվածքները մեծացնում արյան քաղցկեղի առաջացման ռիսկը: Արդյո՞ք դաջվածքների որոշ տեսակներ ավելի ռիսկային են, քան մյուսները, և եթե այո, ինչո՞ւ:
Վերջապես, որքանո՞վ պետք է մարդիկ անհանգստանան քաղցկեղով հիվանդանալուց, եթե ունեն դաջվածքներ, և ի՞նչ պետք է նկատի ունենան դաջվածք անել-չանելու հարցը քննարկելիս:
Այս և այլ նմանտիպ հարցերի վերջնական պատասխանները, հավանաբար, պահանջում են հետագա ընդլայնված հետազոտություններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-08-2024
Վերջին վերանայում՝ 28-08-2024