Գերմանիայում մինչ օրս գրանցվել է COVID-19-ից մահվան դեպքերի անհամեմատ ավելի ցածր թվեր, քան այլ երկրներում:
Այսպես, ներկա պահին Գերմանիայում կորոնավիրուսային հիվանդության մահացության ցուցանիշն ընդամենը 0,6% է՝ ի հակադրություն Իտալիայում նույն ցուցանիշի մինչև 9%-ի: Գերմանիայում արձանագրվել է հաստատված վարակի ավելի քան 47250 և մահվան միայն 281 դեպք: Համեմատության համար, Իտալիայում նույն վարակից մահվան դեպքերի թիվն անցել է 8200-ը, իսկ Իսպանիայում՝ 4365-ը:
Նման պատկերի բացատրության վարկածներից մեկն այն է, որ Գերմանիայում COVID-19-ը տարածվել է գլխավորապես ավելի երիտասարդ գերմանացիների շրջանում: Լաբորատոր հետազոտությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ անձանց միջին տարիքն այս երկրում 47 է, մինչդեռ Իտալիայում՝ 63 տարեկան:
Փորձագետները պնդում են, որ Գերմանիայում համաճարակի մեծ բռնկումները հիմնականում պայմանավորված են եղել զանգվածային տոնախմբություններով, ինչպես նաև Իտալիայից և Ավստրիայից գերմանացի երիտասարդ լեռնադահուկորդների հայրենիք վերադարձով:
Նրանք հաշվի են առնում նաև այն հանգամանքը, որ Գերմանիայում մեծ տարիքով մարդիկ ավելի հազվադեպ են նույն տանիքի տակ բնակվում իրենց ընտանիքի ավելի երիտասարդ անդամների հետ, որին հակառակ, Հարավային Եվրոպայում ավելի շատ երիտասարդներ են բնակվում իրենց ծնողների կամ «մեծ ծնողների» հետ միասին:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Գերմանիայում իրականացվել է COVID-19-ի հայտնաբերման 300-ից մինչև 500 հազար լաբորատոր թեստավորում, ինչը չափազանց մեծ թիվ է: Հետազոտությունների այսպիսի ծավալը նաև նշանակում է, որ մասնագետները գրանցել են հիվանդության ավելի շատ դեպքեր, քան այլ երկրներում: Հակառակ սրան, բազմաթիվ այլ տարածաշրջաններում լաբորատոր ախտորոշման հնարավորությունը դեռևս մնում է սահմանափակ:
Այնուամենայնիվ, Գերմանիայի առողջապահության նախարարը հայտարարում է, որ իր երկիրը համաճարակի առումով դեռևս «անդորր՝ մրրիկից առաջ» փուլում է: Գերմանիան օգտագործում է իր ժամանակային հնարավորությունը՝ իրականացնելու լայնածավալ լաբորատոր հետազոտություններ և նախապատրաստվելու եկող շաբաթներին ակնկալվող դեպքերի մեծ ալիքի դիմագրավմանը: Առողջապահության նախարարը նաև տեղեկացնում է, որ իրենք օգտագործել են ժամանակը, որպեսզի կրկնապատկեն երկրի անհետաձգելի բուժօգնության կարողությունը:
Գերմանիան հիրավի ունի աշխարհի ամենազարգացած հանրային առողջապահական համակարգերից մեկը: Մեկ շնչի հաշվով առողջապահությանն ուղղված հատկացումները Գերմանիայում $ 5182 է՝ համեմատած Միացյալ Թագավորությունում $ 3377-ի հետ: Այնուամենայնիվ, մտահոգություն կա, որ նույնիսկ այսպիսի կայացած գերմանական առողջապահական համակարգը չի կարող համարժեք դիմակայել համաճարակի բռնկման այն չափերին, ինչ գրանցվեց Իտալիայում:
Գերմանիայում համաճարակը զսպելու համար առողջապահության պաշտոնյաները բնակիչներին խորհուրդ են տալիս կրել սովորական շնչառական դիմակներ, քանի որ պաշտպանիչ դիմակների կարիքն ավելի սուր է բժիշկների և բուժքույրերի կամ ուղեկցող հիվանդություններով մարդկանց համար:
Աղբյուր՝ ScienceNaturePage
Հոդվածը հրապարակվել է՝ 28-03-2020
Վերջին վերանայում՝ 12-03-2023