Բազմաթիվ երեխաների, երիտասարդների և որոշ չափահաս մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը դարձած տեսախաղերը կարող են դառնալ հոգեկան առողջության լուրջ խնդիր:
Երեկ՝ հունիսի 18-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակված Հիվանդությունների միջազգային դասակարգիչի 11-րդ խմբագրման մեջ (ՀՄԴ-11) հոգեկան առողջության խնդիրների բաժնում տեղ է գտել նաև «խաղային խանգարում» ախտորոշումը: «Խաղն» առաջին հերթին վերաբերվում է բջջային հեռախոսներում, համակարգիչներում և ինտերնետում առկա խաղային հավելվածներին:
ԱՀԿ տնօրեն դոկտոր Վլադիմիր Պոզնյակն այս նորությունը մեկնաբանել է ոչ թե որպես նախադեպ, այլ աշխարհի բնակչության շրջանում առկա միտումների և զարգացումների արձանագրում: Այնուամենայնիվ, ոչ բոլոր հոգեբաններն են համաձայն այն մտքին, որ ՀՄԴ-11-ում կարելի էր որպես առանձնացված ախտորոշում ներառել նաև խաղային խանգարումը:
Խաղային խանգարման բնութագրիչները
Դոկտոր Պոզնյակը ներկայացրել է նաև խաղային խանգարման երեք հիմնական ախտորոշիչ չափորոշիչները, որոնք են՝
- անձի խաղային վարքագծերը սկսում են գերիշխել այլ գործառույթներին՝ դրանք մղելով երկրորդային պլան
- խանգարվում է անձի վերահսկողությունն իր սեփական խաղային վարքագծի նկատմամբ, ինչը նշանակում է, որ նույնիսկ ակնհայտ բացասական հետևանքների առկայության պայմաններում խաղային վարքագիծը շարունակվում է և կարող է ավելի խորանալ
- նման վիճակը մարդու մոտ առաջանցում է զգալի դիսթրես և հանգեցնում անձնական, ընտանեկան, հանրային, կրթական կամ աշխատանքային գործունեության ու փոխհարաբերությունների խանգարման:
«Խաղային խանգարում» ախտորոշումը հաստատվելու համար անհրաժեշտ է, որ վարքային բացասական ազդեցությունները շարունակվեն առնվազն 12 ամսվա ընթացքում:
Մեր կողմից ավելացնենք, որ «խաղային խանգարումն» իր էությամբ ոչ այլ ինչ է, քան կախվածության առանձին տեսակ՝ «խաղային հերոին», որը կարող է հասցնել վարքագծային կպչուն-սևեռուն խանգարման և ունենալ ինչպես հոգեկան, այնպես էլ սոցիալական բացասական հետևանքներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-06-2018
Վերջին վերանայում՝ 04-03-2023