Skip to main content

«Վատ» խոլեստերինի ցածր մակարդակը կարող է բարձրացնել «արյունահոսող» ինսուլտի ռիսկը - Բժշկագիտական լրահոս

Վերջերս անցկացված մի հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ կանանց մոտ ցածր խտության լիպոպրոտեիդների խոլեստերինի չափից դուրս ցածր ցուցանիշները կարող են բարձրացնել հեռմոռագիկ ինսուլտի ռիսկը:

Արյան լիպիդների կամ խոլեստերինի ֆրակցիաների առանձին ցուցանիշների և սրտանոթային հիվանդությունների միջև կապը վաղուց ապացուցված փաստ է, և սրտաբանական ուղեցույցների համաձայն ցածր խտության լիպոպրոտեիդների (ՑԽԼ) խոլեստերինը, կամ ինչպես երբեմն պատկերավոր կերպով անվանում են, «վատ խոլեստերինը» պետք է պահել հնարավորինս ցածր մակարդակի վրա: Օրինակ, Ամերիկյան սրտաբանների քոլեջի և Ամերիկյան սրտի ասոցիացիայի ամենավերջին ուղեցույցում սրտանոթային ռիսկը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում ՑԽԼ-խոլեստերինի մակարդակը պահպանել 100 մգ/դլ (2,59 մմոլ/լ) մակարդակից ներքև: Սա բացատրվում է այն փաստով, որ ՑԽԼ-խոլեստերինի բարձր ցուցանիշների պայմաններում խոլեստերինը կարող է կուտակվել զարկերակների, այդ թվում՝ սրտի պսակային զարկերակների պատին՝ բերելով դրանց լուսանցքի նեղացման և սրտանոթային հիվանդությունների (օրինակ՝ սրտամկանի ինֆարկտի) ռիսկի բարձրացման:

Այնուամենայնիվ, Բրիգհամի և բոստոնյան Կանանց հիվանդանոցի և Հարվարդի բժշկական դպրոցի հետազտողները պարզել են, որ 100 մգ/դլ (2,59 մմոլ/լ) մակարդակից ցածր ՑԽԼ-խոլեստերինով կանանց մոտ թեև նվազում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը, սակայն միևնույն ժամանակ մեծանում է հեմոռագիկ («արյունահոսող») ինսուլտի զարգացման հավանականությունը: Ինսուլտի այս տեսակը ավելի հազվադեպ է հանդիպում, քան իշեմիկ ինսուլտը, սակայն ավելի դժվար բուժվող և ավելի ծանր ընթացք ունեցող հիվանդություն է:

ՑԽԼ-խոլեստերինի ցածր թվերը կանանց մոտ ավելի, քան կրկնակի անգամ կարող են բարձրացնել ինսուլտի ռիսկը

Մեծածավալ այս հետազոտության մեջ ներառվել են 45 տարեկան և ավելի մեծ գրեթե 28 հազար կանանց տվյալներ, այդ թվում՝ նրանց արյան լիպիդների ցուցանիշները (խոլեստերին, ՑԽԼ-խոլեստերին, բարձր խտության լիպոպրոտեիդների (ԲԽԼ) խոլեստերին և տրիգլիցերիդներ): Հետազոտության մեջ ընդգրկված կանանց այս խումբը գտնվել է 19-ամյա դիտարկման ներքո և պարզվել է, որ 70 մգ/դլ (1,81 մմոլ/լ) և ավելի ցածր ՑԽԼ-խոլեստերինով կանանց շրջանում հեմոռագիկ ինստուլտի ռիսկը կազմում է 0,8%, մինչդեռ 100-130 մգ/դլ (2,59-3,36 մմոլ/լ)-ով կանանց շրջանում՝ 0,4%:

Համակցված բոլոր գործոններով համապատասխանեցնելուց հետո, հետազոտողները պարզել են, որ ՑԽԼ-խոլեստերինի խիստ ցածր մակարդակները կապված են հեմոռագիկ ինսուլտի ռիսկի ավելի քան 2,2 անգամյա բարձրացման հետ:

Ընդ որում, հետազոտողները ավելի փոքր, սակայն դարձյալ դրական կապ նկարագրել են նաև արյան տրիգլիցերիդների ցածր մակարդակի և հեմոռագիկ ինսուլտի միջև (0,6% ընդդեմ 0,4%-ի):

Հետազոտողները եզրակացրել են, որ այս հարցերի շուրջ անհրաժեշտ է նախաձեռնել հատուկ հետազոտություններ, իսկ մինչ այդ արյան ցածր ՑԽԼ-խոլեստերինով և տրիգլիցերիդով կանայք պետք է գտնվեն իրենց բժիշների կողմից առավել մանրակրկիտ հսկողության ներքո ըստ հեմոռագիկ ինստուլտի ձևափոխելի ռիսկի գործոնների (օրինակ՝ բարձր արյան ճնշում և ծխախոտի օգտագործում):

Ներկայացված հետազոտությունը, ինչպես ցանկացած մեկ այլ հետազոտություն, զերծ չի եղել որոշակի սահմանափակումներից: Օրինակ, հետազոտողներն ընդունում են, որ իրենք հնարավորություն չեն ունեցել հաշվի առնելու կանանց դաշտանադադարի հետ կապված գործոնները, որոնք կարող էին իրենց դերն ունենալ ինսուլտի զարգացման գործում:

Սկզբնաղբյուր

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2019
Վերջին վերանայում՝ 07-08-2024