Skip to main content

Կարմիր կամ վերամշակված մսի նույնիսկ փոքր քանակները կարող են բարձրացնել մահվան ռիսկը - Բժշկագիտական լրահոս

Կարմիր կամ վերամշակված մսի մեծ քանակների օգտագործման և որոշ հիվանդությունների ռիսկի միջև կապը վաղուց հայտնի փաստ է, սակայն նոր հետազոտության արդյունքներով ռիսկային է դրանց ոչ միայն մեծ, այլև փոքր քանակների օգտագործումը։

Ըստ համաշխարհային միտումների, աշխարհն ավելի ու ավելի շատ միս է օգտագործում։ Այդ մասին են վկայում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրապարակած վերջին 50 տարվա վիճակագրական տվյալները։ Ընդ որում, մսի օգտագործումն անշեղորեն աճել է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում։

Կարմիր (խոզի, ոչխարի կամ տավարի) և վերամշակված մսերը (եփած, ապխտած, աղացված և այլն) մեծ հանրաճանաչություն են վայելում աշխարհի երկրների մեծ մասում, օրինակ, ԱՄՆ-ում 2011թ.-ին կազմելով մսի ընդհանուր սպառման շուրջ 22%-ը։

Հետազոտություններով պարզվել է, որ ինչպես կարմիր, այնպես էլ վերամշակված մսի օգտագործումը կապված է այնպիսի հիվանդությունների բարձրացած ռիսկի հետ, ինչպիսիք են դիաբետը (շաքարախտ), սրտի իշեմիկ հիվանդությունը և նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակները։

Սակայն այս հետազոտություններով գնահատվել է միայն չափավորից մինչև մեծ քանակներով մսի օգտագործման ազդեցությունը մահացության ցուցանիշների վրա, իսկ փոքր քանակների օգտագործման հարցը մնացել էր չպարզաբանված։

Կալիֆորնիայի Լոմա Լինդայի բժշկական համալսարանի գիտնականները վերջերս փորձել են գտնել այս հարցի պատասխանը, և այս նպատակի համար օգտվել են AHS-2 մեծածավալ հետազոտության շտեմարանից, որը ներառել է 2002-2007թթ. ԱՄՆ-ում և Կանադայում բնակվող7-օր օրվա ադվենտիստներին՝ ընդհանուր շուրջ 96000 անձանց տվյալներ։ Կրոնական այս ուղղության ներկայացուցիչների կեսը, ովքեր համաձայնվել էին մասնակցել AHS-2 հետազոտությանը, եղել են բուսակերներ, իսկ մյուս կեսն իր սննդակարգում օգտագործել է մսի շատ քիչ քանակներ (նրանց շուրջ 90%-ն օգտագործել է օրական ոչ ավելի քնա 2 ունցիա (57 գրամ) կարմիր կամ վերամշակված միս)։

Nutrients ամսագրում հրապարակված այս հետազոտության արդյունքների համաձայն կարմիր և վերամշակված մսի օգտագործման համակցումը կապված է եղել ընդհանուր և սրտանոթային մահացության ավելի բարձր ցուցանիշների հետ։

Ընդ որում, հետազոտվածների տարբեր խմբերի համար ստացվել են տարբեր արդյունքներ։ Օրինակ, չվերամշակված կարմիր մսի օգտագործման և ընդհանուր մահացության ցուցանիշների միջև կապն ավելի ամուր է եղել սպիտակամորթ, բայց ոչ սևամորթ մարդկանց համար, իսկ սրտանոթային հիվանդություններից մահացության հետ կապը՝ միայն կանանց և սևամորթների համար։ Վերջիններս մոտ նկարագրվել է նաև ընդհանուր մահացության և վերամշակված մսի փոքր քանակների օգտագործման միջև կապ, իսկ սրտանոթային հիվանդություններից մահացության հետ վիճակագրորեն կայուն կապվածություն դիտարկվել է միայն վերամշակված մսի փոքր քանակներ օգտագործող կանանց համար։

Ներկայացված հետազոտության հեղինակները եկել են այն եզրակացության, որ կարմիր կամ վերամշակված մսի նույնիսկ փոքր քանակների օգտագործումը կարող է ունենալ ավելի վատ առողջական հետևանքներ, քան դրանցից ընդհանրապես հրաժարվելը։

Սկզբնաղբյուր

Հոդվածը հրապարակվել է՝ 15-04-2019
Վերջին վերանայում՝ 04-03-2023