Բրիտանական Կոլումբիայի Համալսարանի նոր հետազոտության արդյունքները վկայում են, որ ծննդաբերությունից հետո կանայք պետք է սքրինինգ անցնեն ոչ միայն դեպրեսիայի և անհանգստության, այլև զայրույթի նկատմամբ:
Թեև տարբեր աղբյուրներում նշվում է, որ որոշ կանանց մոտ հետծննդաբերական շրջանում կարող են առաջանալ անբացատրելի դյուրագրգռության, զայրույթի կամ բարկության նշաններ, այս երևույթը մինչ օրս տեղ չի գտել արևմտյան երկրներում լայնորեն կիրառվող հետծննդյան դեպրեսիայի էդինբուրգյան սանդղակում:
Այս սանդղակը նախատեսված է ծննդաբերությունից հետո կանանց մոտ դեպրեսիայի և անհանգստության (տագնապի) հնարավոր շեղումները հայտնաբերելու համար: Սակայն սանդղակում նախատեսված չեն այնպիսի հարցեր, որոնց միջոցով հնարավոր կլիներ նոր մայրացած կնոջ մոտ գնահատել հնարավոր զայրույթի առկայությունը:
Հետազոտության արդյունքները կարող են նոր լույս սփռել կանանց մոտ հետծննդաբերական շրջանում զարգացող տրամադրության խանգարումների հիմնախնդրի վրա, քանի որ առկա են տվյալներ այն մասին, որ, երբ մայրացած կնոջ մոտ զայրույթը և դեպրեսիան ի հայտ են գալիս միաժամանակ, ապա զայրույթը կարող է խորացնել և երկարաձգել դեպրեսիան:
Հետծննդաբերական բարկությունը և զայրույթը սովորաբար կապվում է կնոջ մոտ մայրանալու հետ կապված պատկերացումների ու սպասելիքների «փոշիացման», հուսախաբության և հիասթափության հետ: Օրինակներից են այլ մարդկանց (այդ թվում՝ ընտանիքի անդամների և բուժաշխատողների) գովասանքին և օժանդակությանը չարժանանալը, իր նոր խնդիրների և անպատասխան հարցերի դեմ միայնակության զգացումը, նորածնի կերակրման հետ կապված դժվարությունները և այլն: Ընդ որում, պարտադիր չէ, որ կինն իր զայրույթն արտահայտի, ինչը չի նշանակում, որ չդրսևորված բարկությունը չի կարող ազդել նրա տրամադրության և ինքնազգացողության վրա և չի կարող խորացնել դեպրեսիան:
Այսպիսով, հետազոտողները եզրակացնում են, որ շատ կարևոր է, որպեսզի ապագա հետազոտություններով ավելի մեծ ուշադրություն դարձվի հետծննդաբերական զայրույթին և ավելի խորությամբ պարզաբանվի դրա դերը մայրացած կնոջ հուզական ոլորտի խանգարումների մեջ:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-06-2018
Վերջին վերանայում՝ 04-03-2023