Վերջերս ԱՄՆ-ում ավարտված հետազոտության արդյունքները վկայում են, որ Ռեմդեսիվիրը (Veklury, Gilead) շուրջ 87%-ով կրճատում է COVID-19-ով պայմանավորված հոսպիտալացման (հիվանդանոցային բուժման) ռիսկը:
Խոսքը ռանդոմիզացված, կրկնակի կույր պլացեբո-վերահսկվող III փուլի կլինիկական փորձարկման մասին է, որն անցկացվել է COVID-19-ով վարակված և հիվանդության զարգացման բարձր ռիսկ ունեցող, սակայն արտահիվանդանոցային հսկողության մեջ գտնվող 562 անձանց շրջանում, ովքեր ստացել են ներերակային Ռեմդեսիվիրի 3-օրյա բուժում:
Ռեմդեսիվիրը ցուցաբերել է մինչև 28 օրվա ընթացքում COVID-19-ի հետ կապված հոսպիտալացման կամ բոլոր պատճառներից մահվան դեպքերի վիճակագրորեն հավաստի 87%-ոց կրճատում: Նույն դեղամիջոցը նաև 81%-ով կրճատել է մինչև 28 օրվա ընթացքում COVID-19-ի կապակցությամբ բժշկական այցերի կամ ընդհանուր մահվան դեպքերի թիվը:
Նման արդյունքները կարող են վկայել այն մասին, որ Ռեմդեսիվիրը կարող է օգնել COVID-19-ով վարակված բարձր ռիսկային պացիենտների լավացմանը, քանի դեռ նրանց վիճակը չի վատթարացել և հիվանդանոցային բուժման կարիք չի առաջացել:
Հիշեցնենք, որ Ռեմդեսիվիրը միակ դեղամիջոցն է, որը ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության (FDA) կողմից հաստատվել է որպես 12 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց COVID-19-ի հիվանդանոցային բուժման դեղորայք:
Նկատենք նաև, մինչև օրս ապրելիության և այլ բարերար արդյունքների վերաբերյալ հավաստի տվյալների բացակայության պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) խորհուրդ չէր տալիս այս դեղամիջոցի նշանակումը՝ անկախ COVID-19-ի ծանրության աստիճանից:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-09-2021
Վերջին վերանայում՝ 04-03-2023