Skip to main content

Սթրեսը և հարակից հիվանդությունները կարող են բարձրացնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը - Բժշկագիտական լրահոս

Շվեդիայում անցկացված մեծածավալ մի հետազոտությամբ նկարագրվել է սթրեսով ընթացող հոգեկան հիվանդությունների և որոշ սրտանոթային հիվանդությունների միջև առկա կայուն կապը։

1987-2013 թվականների ընթացքում ավելի քան 137 հազար մարդու տվյալներ ընդգրկած այս հետազոտությամբ պարզվել է, որ սթրեսային ծանր ապրումներով ընթացող այնպիսի հանրաճանաչ հիվանդությունները, ինչպիսիք են հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, սուր սթրեսային ռեակցիան և սթրեսով ուղեկցվող այլ հոգեկան վիճակներն ու խանգարումները, զգալիորեն բարձրացնում են մի շարք սրտանոթային հիվանդությունների ռիսկը։

Ըստ այդ հետազոտության վերլուծական տվյալների՝

  • սթրեսով ուղեկցվող հիվանդություններից մեկնումեկն ախտորոշելուց հետո առաջին տարվա ընթացքում որևէ սրտանոթային հիվանդության հավանականությունը բարձրանում է շուրջ 60%-ով (ամենաբարձր ցուցանիշը ստացվել է սրտային անբավարարության համար՝ գրեթե յոթակի աճ)
  • նույն հիվանդությունները մեկ տարի անց բերում են որևէ սրտանոթային հիվանդության ռիսկի ավելի փոքր՝ 20%-ոց բարձրացման (ամենաբարձր ցուցանիշը ստացվել է առիթմիաների համար՝ շուրջ կրկնակի աճ)
  • սթրեսով ուղեկցվող հիվանդությունները կապված են սրտանոթային հիվանդությունների վաղ զարգացման հետ (<50 տարեկանում՝ շուրջ 40%-ոց աճ)։

Հետազոտողները եզրակացրել են, որ սթրեսով ուղեկցվող հիվանդությունները բարձրացնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը՝ անկախ ընտանեկան պատմությունից, սոմատիկ և հոգեկան հիվանդության պատմությունից և ուղեկցող հոգեկան հիվանդություններից։

Սկզբաղբյուր

Հոդվածը հրապարակվել է՝ 11-04-2019
Վերջին վերանայում՝ 04-03-2023