Վերջերս ավարտված հետազոտության տվյալներով բարձր դեղաչափերով վիտամին D-ն քիմիոթերապիայի հետ զուգակցելիս կարող է զգալիորեն դանդաղեցնել մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղի աճը:
SUNSHINE անվանումը կրող այս հետազոտությունը ներառել է չբուժված մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղով 139 հիվանդների, որոնց մի խմբին տրվել է բարձր դեղաչափերով, իսկ երկրորդ խմբին՝ ցածր դեղաչափերով վիտամին D։
Առաջին խումբը 14 օրվա ընթացքում ստացել է 8,000 IU/օր, որից հետո՝ 4,000 IU/օրվիտամին D, իսկ երկրորդ խումբը՝ հետազոտություն ողջ ընթացքում՝ 400 IU /օր։ Երկու խումբն էլ ստացել է ստանդարտ քիմիոթերապիա։
Հետազոտողները պարզել են, որ քաղցկեղի հարաճուն զարգացումը կանգ է առել բարձր դեղաչափեր ստացողների խմբում՝ միջինը 13 ամսվա ընթացքում, իսկ ցածր դեղաչափեր ստացողների խմբում՝ 11 ամսվա ընթացքում։
Այս երկու խմբերի շուրջ 22.9-ամսյա հսկողությամբ պարզվել է նաև, որ բարձր դեղաչափերով վիտամին D ստացած հիվանդների խմբում գրանցվել են հիվանդության հարաճուն զարգացման, ինչպես նաև մահացության ավելի ցածր ցուցանիշներ, քան երկրորդ խմբում։
Վիտամին D-ի բարձր դեղաչափերի վերաբերյալ այսպիսի արդյունքներ ստանալը հետազոտողներին թույլ է տվել ենթադրելու, որ այս վիտամինը կարող է որոշակիորեն զսպել կոլոռեկտալ քաղցկեղային բջիջների անկառավարելի բազմացումը և լավատեսություն է ներշնչել, որ այս թեմայով ավելի մեծածավալ հետազոտություններով կարող են ստացվել ավելի վստահելի արդյունքներ։
Հոդվածը հրապարակվել է՝ 21-04-2019
Վերջին վերանայում՝ 04-03-2023