Աբսցեսները կամ ֆուրունկուլները (չիբան) երեխաների մոտ
04-06-2020
2 րոպե

Թարախակույտը կամ աբսցեսը մարմնի հյուսվածքներում թարախկի կուտակումն է, որի պատճառը, որպես կանոն, բակտերիալ, հատկապես՝ ստաֆիլոկոկային վարակն է:
Մաշկային աբսցեսները, երբ մաշկի վրա առաջանում է ցավոտ, կարմրած և թարախով լցված բշտիկ է, կոչվում են ֆուրունկուլ («չիբան»):
Թարախակույտերի և ֆուրունկուլների պատճառները
Մաշկի թարախակույտը պատճառվում է վարակով: Այն սովորաբար «ոսկեզօծ ստաֆիլոկոկ» (Staphylococcus aureus) անվանումը կրող բակտերիա է: Երեխայի օրգանիզմը փորձում է դադարեցնել վարակի տարածումը, ուստի բակտերիան, այդ բակտերիայի դեմ պայքարած և մահացած արյան սպիտակ գնդիկները (լեյկոցիտներ) և մեռուկացած բջիջները (հյուսվածքները) հավաքում է մի տեղում: Սա կոչվում է թարախակույտ կամ աբսցես:
Երեխաների մոտ աբսցես կարող է առաջանալ մաշկի վնասածքի, օրինակ՝ քերծվածքի պատճառով:
Առողջական որոշ խնդիրներով երեխաների մոտ (օրինակ՝ դիաբետ, գիրություն կամ թուլացած իմունային համակարգ) աբսցեսի առաջացման հավանականությունը բարձրանում է, սակայն տարածված չէ:
Թարախակույտի կամ ֆուրունկուլի ախտանիշները
Աբսցեսներն ավելի հաճախ առաջանում են երեխաների դեմքին, ըմպանի վրա, աճուկներում և հետույքի վրա: Սակայն դա չի նշանակում, որ մարմնի այլ շրջաններում չեն կարող ի հայտ գալ:
Նախ, երեխայի ախտահարված շրջանի մաշկի վրա ի հայտ է գալիս լարված, վարդագույն ուռածություն: Հաջորդ մի քանի օրվա ընթացքում ուռածությունը մեծանում է, ավելի կարմրում և դառնում ավելի ցավոտ: Սա թարախի կուտակման շրջանն է:
Եվս մի քանի օրվա ընթացքում թարախակույտը «ծայր է տալիս»՝ կենտրոնը խոցոտվում է և մեռուկանում: Այն կամ բնականոն կերպով պայթում է կամ էլ կարիք է առաջանում, որ վիրաբույժի կողմից կատարվի բացահատում՝ արհեստական բացվածքի ստեղծում, որից պետք է դուրս հոսի և դատարկվի թարախը: Դատարկվելուց հետո թարախակույտի առաջացրած ցավերը մեղմանում են և սկսում է լավացումը:
Երբեմն երեխայի մոտ թարախակույտին մոտ գտնվող ավշային հանգույցները կարող են պնդանալ և այտուցվել: Որոշ դեպքերում թարախակույտը կարող է ուղեկցվել բարձր ջերմությամբ:
Ե՞րբ այցելել բժշկին
Եթե ձեր երեխայի մոտ մաշկի աբսցեսը կամ ֆուրունկուլն ինքնուրույն չեն բացվում, ապա անհրաժեշտ է այցելել բժշկին:
Տանը սեղմելով թարախակույտը բացել չի թույլատրվում: Սա երեխային մեծ ցավեր է պատճառում, ինչպես նաև կարող է նպաստել վարակի տարածմանը, այդ թվում՝ դեպի արյան հուն:
Բժիշկը կարող է նաև երեխայի մաշկի աբսցեսից վերցնել նմուշ, որպեսզի պարզի վարակի հարուցիչը:
Եթե ձեր երեխան բարձր ջերմություն ունի, ապա բժշկին պետք է տեսնել առանց ուշացնելու: Նման դեպքերում գուցե առաջանա հիվանդանոցային բուժման կարիք, քանի որ մեծ է արյան վարակման հավանականությունը:
Եթե ձեր երեխայի մոտ շարունակաբար մաշկային նոր աբսցեսներ են առաջանում, կամ դրանց լավանալուց հետո առաջանում են սպիական հետևանքներ, ապա չի բացառվում, որ նրա մոտ առկա է մաշկային որևէ հիվանդություն:
Թարախակույտերի կամ ֆուրունկուլների բուժումը
Ձեր բժիշկը կարող է երեխային նշանակել հակաբիոտիկներ, հակտապես, եթե առկա է մաշկային վարակի տարածման նախանշաններ:
Եթե դուք կամ ձեր երեխան հպվում եք թարախաբշտին, ապա համոզվեք, որ մինչ այդ և դրանից հետո ձեր ձեռքերը լվացած են: Հիշեք, որ թարախակույտում կուտակված թարախը վարակիչ է:
Աբսցեսը լավանալու ընթացքում երեխայի համար ապահովեք հանգիստ պայմաններ: Խուսափեք ախտահարված շրջանը տրորելուց: Ցավազրկող դեղերը, օրինակ՝ Պարացետամոլը, կարող են օգնել ցավերի մեղմացմանը:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021