Ացետամինոֆենի գերդոզավորումը լուրջ վիճակ է, որը կարող է առաջանալ ավելի հեշտությամբ, քան կարծում եք: Ահա թե ինչպես պաշտպանել ձեր երեխային:
Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) վաղուց օգտագործվում է երեխաների ջերմությունն իջեցնելու և ցավը թեթևացնելու համար: Այն արդյունավետ է և վաճառվում է առանց դեղատոմսի: Այնուամենայնիվ, երեխային Ացետամինոֆենի չափից շատ տալը կարող է վնասակար լինել: Այն կարող է առաջացնել ծանր առողջական խնդիր, որը կոչվում է ացետամինոֆենային գերդոզավորում: Ահա թե ինչ է պետք իմանալ երեխաների շրջանում Ացետամինոֆենի գերդոզավորման մասին:
Ի՞նչը կարող է առաջացնել ացետամինոֆենային գերդոզավորում
Ացետամինոֆենային գերդոզավորումը կարող է զարգանալ արագորեն: Ահա մի շարք իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել ձեր երեխային չափազանց շատ Ացետամինոֆեն տալուն։
- Դուք շտապում եք․ եթե շտապում եք, կարող եք սխալ կարդալ Ացետամինոֆենի պիտակի հրահանգները: Կամ կարող եք ուշադիր չչափել դեղաչափը: Հնարավոր է նաև, որ կարճ ժամանակում տաք երկու դեղաչափ: Նման իրավիճակի հետ կարող եք առնչվել, եթե չիմանաք, որ մեկ այլ մարդ, օրինակ՝ ձեր երեխայի խնամակալն արդեն երեխային տվել է նույն դեղամիջոցը:
- Դուք համատեղում եք տարբեր դեղեր․ եթե ձեր երեխան ունի մրսածության տարբեր ախտանիշներ, դուք կարող եք ենթագիտակցորեն Ացետամինոֆենը զուգակցել մեկ այլ դեղամիջոցի հետ: Եթե մյուս դեղամիջոցը նույնպես պարունակում է Ացետամինոֆեն, սա կարող է հանգեցնել վտանգավոր բարձր դեղաչափի: Բացի այդ, մի՛ տվեք հազի և մրսածության դեմ դեղամիջոցներ 6 տարեկանից փոքր երեխաներին: Այս դեղամիջոցները կարող են լուրջ կողմնակի բարդություններ առաջացնել:
- Դուք դեղամիջոցի սխալ տարբերակ եք ընտրել․ դուք կարող եք պատահական գերդոզավորում առաջացնել, եթե երեխային մանկական տարբերակի փոխարեն տաք չափահասների Ացետամինոֆեն, որը պարունակում է երեխաների համար դեղամիջոցի անթույլատրելի մեծ դեղաչափեր:
- Դուք սխալմամբ որոշում եք, որ որքան շատ, ավելի լավ․ եթե կարծում եք, որ Ացետամինոֆենի առաջարկված դեղաչափը բավականաչափ չի օգնել, գուցե փորձեք բարձրացնել դեղաչափը: Կամ գուցե որոշեք ավելի ավելի հաճախակի տալ դեղամիջոցը: Երկու տարբերակն էլ սխալ են։ Ացետամինոֆենի ավելի բարձր կամ ավելի հաճախակի դեղաչափեր տալը կարող է առաջացնել պատահական գերդոզավորում:
- Ձեր երեխան շփոթում է դեղը կոնֆետի կամ հյութի հետ․ Ացետամինոֆենը կարող է վաճառվել դեղահատերի, պարկուճների (կապսուլա) և հեղուկ դեղաձևերով: Հաճախ գերդոզավորում առաջանում է, երբ երեխան Ացետամինոֆենը շփոթում է ուտելու կամ խմելու համար անվտանգ որևէ բանի հետ: Դա կարող է տեղ գտնել, երբ դեղորայք օգտագործելուց հետո շիշը թողնեք բաց կամ երեխայի հասանելիության սահմաններում:
Որո՞նք են Ացետամինոֆենի առաջարկվող դեղաչափերը
Եթե երեխային տալիս եք Ացետամինոֆեն, ուշադիր կարդացեք դեղամիջոցի պիտակը: Այն կարող է օգնել ձեզ պարզելու ճիշտ չափաբաժինը՝ հիմնվելով ձեր երեխայի ընթացիկ քաշի վրա: Ընդհանուր առմամբ, դեղաչափերը կարող են տրվել յուրաքանչյուր չորս ժամը մեկ: Երեխային մի՛ տվեք Ացետամինոֆեն 24 ժամվա ընթացքում ավելի քան հինգ անգամ:
Ի՞նչ է պատահում, երբ Ացետամինոֆենի դեղաչափը չափից դուրս բարձր է
Ացետամինոֆենի մեծ դեղաչափը կարող է մի քանի ժամվա ընթացքում առաջացնել ստամոքսի գրգռում: Եվ այն կարող է մի քանի օրվա ընթացքում առաջացնել լյարդի վնասում:
Ացետամինոֆենային գերդոզավորման վաղ ախտանշաններից են՝
- ստամոքսի խանգարում կամ փսխում
- քնկոտություն և էներգիայի կամ զգոնության պակաս, որը նաև կոչվում է լեթարգիա
- ցավեր ստամոքսի աջ վերին հատվածում:
Դիմեք բուժօգնության կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե նկատում եք այս ախտանիշները կամ եթե անհանգստացած եք, որ երեխան կարող է ունենալ ացետամինոֆենային գերդոզավորում:
Եթե կարող եք, ասեք ձեր տված Ացետամինոֆենի դեղաչափը բժշկին կամ ձեզ հետ հիվանդանոց տարեք բոլոր այն դեղամիջոցների տուփերը, որոնք տվել եք ձեր երեխային: Այս տեղեկատվությունը կարող է օգնել թունավորման դեմ պայքարին կամ ձեր երեխայի վիճակի ախտորոշմանը:
Հիվանդանոցում ացետամինոֆենային գերդոզավորւմը հաստատելու համար երեխայից կվերցնեն արյան նմուշ՝ լաբորատոր թեստի և արյան մեջ դեղամիջոցի խտությունը չափելու համար։ Անհրաժեշտության դեպքում, երեխային կարող է տրվել հակաթույն՝ մեծ դեղաչափով Ացետամինոֆենի թունավոր ազդեցությունը չեզոքացնելու համար:
Ինչպե՞ս կարող եք օգնել ացետամինոֆենային գերդոզավորման կանխարգելմանը
Նախքան ձեր երեխային Ացետամինոֆեն տալը, հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյո՞ք ձեր երեխան դրա կարիքն ունի: Ջերմությունը վարակների դեմ օրգանիզմի պաշտպանության մի մասն է: Ուստի, ջերմության դեմ դեղամիջոցներ օգտագործելու նպատակը ոչ թե ջերմությունը նվազեցնելն է, այլ հարմարավետության (կոմֆորտի) ապահովումը:
Եթե երեխային տալիս եք Ացետամինոֆեն, հետևեք այս խորհուրդներին գերդոզավորումը կանխարգելելու համար:
- Իմացեք ձեր երեխայի ընթացիկ քաշը: Հետևեք դեղերի պիտակների վրա տպված ցուցումներին և քաշի վրա հիմնված դեղաչափի առաջարկություններին:
- Օգտագործեք այն չափիչ պարագան, որն առկա է դեղամիջոցի տուփում: Մի՛ օգտագործեք կենցաղային թեյի գդալներ հեղուկ Ացետամինոֆենի չափման համար, քանի որ դրանք կարող են տարբեր չափերի լինել:
- Մի՛ տվեք ձեր երեխային Ացետամինոֆեն, երբ նա ընդունում է Ացետամինոֆեն պարունակող այլ դեղամիջոցներ:
- Մի՛ տվեք ձեր երեխային Ացետամինոֆենի չափահասների համար նախատեսված տարբերակները:
- Օգտագործելուց հետո ապահով կերպով փակեք դեղատուփի կափարիչը:
- Պահպանեք դեղամիջոցն իր օրիգինալ տուփի մեջ: Պահեք այն ձեր երեխայի հասանելիությունից և տեսադաշտից հեռու:
Ացետամինոֆենի զգույշ օգտագործումը և գերդոզավորման դեպքում արագ բուժումը կարող են օգնել ծանր բարդությունների կանխարգելմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-05-2024
Վերջին վերանայում՝ 10-05-2024