Ի՞նչ է հակումը
16-05-2018
3 րոպե

Հակումն ինչ-որ բան անելու, ընդունելու կամ օգտագործելու ֆիզիկական կամ հոգեբանական կարիքն է՝ անկախ այն հանգամանքից, որ վերջինս վնասում է առողջությանը:
Այս հոդվածը նկարագրում է հակման տեսակները, պատճառները և նշանները, ինչպես նաև ներկայացնում օգնության քայլերը։
Հակումը հիմնականում կապված է խաղերի, ապօրինի կամ դեղատոմսով տրվող թմրամիջոցների, ալկոհոլի և նիկոտինի հետ, սակայն հնարավոր է նաև, որ հակումը վերաբերի այլ ոլորտների, օրինակ՝
- Աշխատանք. «աշխատանքամոլները» (трудоголики) այն աստիճան են «կպչում» իրենց աշխատանքին, որ սկսում են ֆիզիկապես հյուծվել: Եթե ձեր շփումները, փոխհարաբերությունները, ընտանիքը և հանրային կյանքը տուժում է և դուք երբեք չեք վերցնում արձակուրդ, դուք կարող է ունենաք հակում աշխատանքի նկատմամբ:
- Համակարգիչներ. համակարգիչներից օգտվելու աճի հետ միասին ի հայտ է եկել նաև հակում դրանց նկատմամբ։ Մարդիկ կարող են ամեն օր ու գիշեր ժամեր անցկացնել ինտերնետում կամ խաղեր խաղալ՝ անտեսելով իրենց կյանքի մյուս ոլորտները:
- Լուծիչներ․ «ցնդող նյութերի չարաշահումը» ներառում է այնպիսի քիմիական նյութեր շնչելը, ինչպիսիք են սոսինձը, աերոզոլները, ներկանյութերը կամ գազայրիչների գազը, որը նրանց տալիս է ինտոքսիկացիայի զգացում։ Լուծիչների չարաշահումը կարող է դառնալ մահացու։
- Գնումներ. գնումներ կատարելը դառնում է հակում, երբ դուք գնում եք մի բան, որը ձեզ պետք չէ կամ ցանկանում եք պարզապես բավարարել գնում կատարելու ձեր ներքին պահանջը։ Շատ անգամ գնում կատարելուց հետո արագ առաջանում է մեղքի, ամոթի ու զղչման զգացումը կամ հիասթափությունը:
Անկախ նրանից, թե մարդու մոտ ինչի նկատմամբ է հակում առաջացել, նա չի կարողանում այլևս վերահսկել պահանջ դարձած առարկայի օգտագործումը և դառնում է վերջինիցս կախված՝ որի ձեռք բերելն ու օգտագործելը դառնում է իր առօրյա կյանքի նպատակը:
Ինչո՞ւ է հակումն առաջանում
Հակումը զարգանում է տարբեր պատճառներով: Թմրամիջոցների, ալկոհոլի և նիկոտինի դեպքում այս նյութերը (այլ կերպ կոչվում են հոգեներգործուն նյութեր) ազդում են ձեր ֆիզկական և հոգեկան զգացումների վրա։ Այս զգացումները կարող են լինել խիստ հաճելի և զարգացնեն այդ նյութերը կրկին օգտագործելու անհագուրդ ցանկություն:
Նույն կերպ, կազինոյում խաղալիս և շահելիս կարող է առաջանալ հոգեկան «վերելք», որին հետևում է կրկին փորձելու և նույն զգացումներն ունենալու խիստ մեծ ցանկություն: Սա կարող է վերածվել սովորույթի, որից հրաժարվելը դառնում է խիստ դժվար խնդիր:
Ինչ-որ բանի նկատմամբ հակում ունենալը նշանակում է, որ այդ բանը չունենալը առաջացնում է զրկանքի նշաններ կամ «լոմկա»: Զրկանքը ունենում է խիստ տհաճ ու անցանկալի դրսևորում, ուստի մարդու համար ավելի հեշտ է թվում շարունակել ստանալ այն, ինչի նկատմամբ հակում ունի, և այս ցիկլը շարունակվում է։ Հաճախ հակումը դուրս է գալիս այդ մարդու վերահսկողությունից, քանի որ նա ցանկանում ավելի ու ավելի շատ, որպեսզի բավարարի հակումը և հասնի հաճույքի զգացման։
Հակումը կառավարելու մշտական լարված վիճակն ու տանջանքները կարող են լրջորեն վնասել մարդու աշխատանքային արդյունավետությունը և փոխհարաբերությունները։ Հոգեներգործուն նյութերի չարաշահման դեպքում (օրինակ՝ թմրամիջոցներ և ալկոհոլ) հակումը կարող է ունենալ լուրջ հոգեբանական և ֆիզիկական ազդեցություններ։
Որոշ հետազոտությունների արդյունքներ վկայում են, որ հակումը ունի ժառանգական հիմքեր, սակայն միջավայրային գործոնները, օրինակ՝ հակում ունեցող ինչ-որ մեկի ազդեցության ներքո գտնվելը, նույնպես կարող են բարձրացնել ռիսկը։ Հակումը կարող է հանդիսանալ նաև դժվար խնդիրները «արգելափակելու» եղանակ։ Գործազրկությունը և աղքատությունը, սթրեսը, հուզական կամ մասնագիտական ճնշումներն ու լարվածությունը կարող են նպաստել հակման առաջացմանը:
Հակման ախտանիշները
Մարդիկ կարող են իմանալ կամ նույնիսկ չիմանալ, որ իրենց մոտ առկա է հակում: Հակումը կարող է դրսևորվել հետևյալ նշաններով՝
- ինչ-որ բանի կրկնություններ, նույնիսկ եթե այն վնաս է հասցնում ձեր կյանքին
- ինչ-որ ապրանքներ գողանալը կամ վաճառելը, որ շարունակեք ձեր հակումային վարքը
- այլ բաների նկատմամբ հետաքրքրության կորուստ
- գերգրգռվածություն, զայրույթ, բռնություն, մռալ կամ ընկճված վիճակ
- սննդի ընդունման, քնի սովորույթների կամ մարմնի կշռի ակնհայտ փոփոխություններ
- «հակման առարկայից» զրկվելիս ինքնազգացողության վատացում կամ դող:
Որոշ հոգեներգործուն նյութեր, օրինակ՝ ալկոհոլը և հոգեխթանիչները կարող են մարդկանց դարձնել անկանխատեսելի և տանել բռնությունների: Եթե դուք անհանգստացած եք ձեր կամ այլ մարդկանց անվտանգությամբ, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն կամ 1-02 և դիմեք հերթապահ ոստիկանությանը:
Որտե՞ղ օգնություն գտնել
Կախվածության բուժումը սովորաբար կազմակերպվում է նարկոլոգիական ծառայությունների կողմից:
Կան նաև հասարակական կազմակերպություններ, որոնք կարող են տրամադրել խոհրդատվություն և աջակցեն ձեր հոգեկան և ֆիզիկական առողջության վերականգնմանը:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021