Օգուտներից բացի դեղերը կարող են նաև ունենալ ռիսկեր և դրսևորել կողմնակի ազդեցություններ։
Որոշ դեղեր կարող են առաջացնել կախվածություն և հակում, հատկապես, երբ կանոնավոր կերպով օգտագործվում են երկար ժամանակի։ Եթե զարգանում է նման բան, դիմեք կախվածության կամ հակման բուժման (նարկոլոգիական) ծառայություն։
Ի՞նչ է կախվածությունը և հակումը
Դեղերի գերիշխող մեծամասնությունը չի առաջացնում ոչ կախվածություն և ոչ էլ հակում: Սակայն, դրանք նույն բաները չեն։
Կախվածություն
Ձեր օրգանիզմը դառնում է որևէ դեղից ֆիզիկապես կախված, երբ այդ դեղն օգտագործում եք երկար ժամանակի ընթացքում։ Այս իրավիճակում դեղի կտրուկ դադարեցումը կարող է առաջացնել ֆիզկական և հոգեկան զրկանքի ախտանիշներ, որը դժվարացնում է դեղի ընդունման դադարեցումը։ Կախվածությունը զարգանում է գլխուղեղում առաջացած փոփոխություններից և ոչ թե մարդու թույլ կամքի պատճառով: Զրկանքի համախտանիշը անվանում են նաև հանման համախտանիշ:
Հակում
Երբ դուք հակում ունեք, այլևս չեք կարողանում վերահսկել դեղի օգտագործումը։ Դուք դժվարանում եք հրաժարվել այդ դեղից, թեև գիտեք, որ այն ձեզ համար դարձել է խնդիր։ Դուք նաև կարող եք զգալ՝
- դեղը կանոնավոր կերպով օգտագործելու պահանջ, որ կարողանաք վարել ձեր առօրյա կյանքը
- դեղի ավելի մեծ քանակների օգտագործման պահանջ, որ զգաք նույն նախկին ազդեցությունները (հայտնի է որպես տոլերանտություն)
- դեղը հայթայթելը և օգտագործելը դառնում է ավելի կարևոր, քան այլ գործերը կամ ձեր կյանքում առկա փոխհարաբերությունները։
Կախվածություն կամ հակում առաջացնող դեղերի տեսակները
Կախվածություն առաջացնելու ունակությամբ օժտված դեղամիջոցները պատկանում են թմրաբեր ցավազրկողների և քնաբերների խմբերին։
Այս դեղերը սովորաբար նշանակվում են կարճ ժամանակահատվածի համար, оրինակ՝ մի քանի օր կամ շաբաթ։ Սակայն, դուք կարող եք դառնալ այս դեղերից կախված, եթե շարունակեք որոշ ժամանակ կանոնավոր կերպով դրանց օգտագործումը։ Այս ժամանակը կախված է մարդուց և դեղամիջոցի տեսակից։
Թմրաբեր ցավազրկողներ
Որոշ ցավազրկող դեղեր պատկանում են օփիոիդներ (ափիոնատիպ նյութեր) կոչվող թմրամիջոցների խմբին։ Բոլոր օփիոիդները ունեն հակում առաջացնելու ունակություն, այդ թվում նաև նույն խմբին պատկանող ապօրինի թմրամիջոց համարվող հերոինը, ուստի պետք է օգտագործվեն խիստ զգույշ, հատկապես նախկինում ալկոհոլամոլության կամ թմրամիջոցներից կախվածության պատմությամբ մարդկանց շրջանում։
Օփիոիդներին են պատկանում նաև կոդեինը, մորֆինը, օքիկոդոնը և ֆենտանիլը։
Հայաստանի Հանրապետությունում բոլոր օփիոիդները դուրս են գրվում հատուկ դեղատոմսով և նշանակվում են միայն ուժեղ ցավազրկում պահանջող վիճակների բուժման մեջ՝ վիրահատական անզգայացումներ, շոկի հանգեցնող սուր անտանելի ցավային համախտանիշ և այլն։
Քնաբեր հաբեր
Որոշ քնաբեր և տագնապամարիչ դեղեր նույնպես կարող են առաջացնել հակում կամ դառնալ չարաշահման առարկա։ Օրինակներից են՝ Դիազեպամ, Տեմազեպամ և Նիտրազեպամ։
Խթանիչ դեղեր
Խթանիչ կամ հոգեխթանիչ դեղերը, օրինակ՝ Մեթիլֆենիդատը կամ Դեքսամֆետամինը նշանակվում են ուշադրության պակասի գերակտիվության խանգարման (ՈւՊԳԽ) և նարկոլեպսիայի բուժման մեջ (ցերեկային ժամերին կրկնվող «քնի նոպաներ»)։ Եթե այս դեղերն ընդունվում են այնպես, ինչպես նշանակել է բժիշկը, ապա քիչ հավանական է, որ կառաջացնեն հակում:
Ինչպե՞ս խուսափել դեղերից զարգացող կախվածությունից կամ հակումից
Եթե ձեզ նշանակել են ցավերի, սթրեսի, քնի խնդիրների կամ տագնապի դեմ դեղեր, կարող եք ձեր բժշկից ճշտել դրանց նկատմամբ հակման և կախվածության առաջացման ռիսկերը:
Ահա որոշ հարցեր, որոնք դուք կարող եք տալ բժշկին՝
- որո՞նք են այս դեղի կողմնակի ազդեցությունները
- այդոք այս դեղը հակում առաջացնո՞ղ է
- ինչպե՞ս կարող եմ խուսափել հակման զարգացումից
- ինչքա՞ն երկար պետք է ընդունեմ այս դեղը
- որո՞նք են այս դեղի նկատմամբ հակման և կախվածության նշանները
- կա՞ որևէ այլընտրանք կամ միջոց, որպեսզի չընդունեմ այս դեղը:
Շատ կարևոր է, որ դուք խմեք դեղերն այնպես, ինչպես նշանակված է և երբեք չօգտագործեք այլ մարդկանց, այդ թվում ձեր ընտանիքի անդամներին նշանակած դեղերը:
Դեղերի նկատմամբ հակումը կարող է զարգանալ հետևյալ նշաններով՝
- դուք ստիպված եք ընդունել դեղի ավելի բարձր դեղաչափեր, որպեսզի ստանաք նույն ազդեցությունը
- դուք կարիք ունեք օգտագործելու դեղը, որպեսզի նորմալ զգաք կամ կարողանաք վարել ձեր կյանքը
- դուք դժվարանում եք վերահսկել կամ կրճատել դեղաչափը
- երբ դադարեցնում եք երկար ժամանակի ընթացքում կանոնավոր ստացած դեղի ընդունումը, ի հայտ են գալիս տհաճ զգացումներ ու գանգատներ:
Առանց հետաձգելու դիմեք ձեր բժշկին, եթե ձեզ մոտ նկատել եք վերոնշյալ ախտանիշներից մեկնումեկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-05-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024