Skip to main content

Անեմիա - Հղիություն

Որոշ կանայք հղի վիճակում դառնում են անեմիկ, որը նշանակում է, որ նրանց օրգանիզմում զգալի կերպով քչանում են արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտներ):

Սակավարյունությունը կամ անեմիան կարող է ավելի սաստկացնել հղիությանն ուղեկցող թուլությունը և հոգնածությունը, սակայն կան նաև այս վիճակը շտկելու արդյունավետ միջոցներ:

Ի՞նչ են արյան կարմիր բջիջները

Արյան կարմիր բջիջները կամ էրիթրոցիտները ձեր արյան ձևավոր տարրերի՝ արյան բջիջների մի տեսակն է: Դրանց գլխավոր դերը թթվածինը ձեր սրտից դեպի գլխուղեղ, մկաններ, մաշկ, երիկամներ և մյուս բոլոր օրգաններն ու հյուսվածքներ և հակառակ ուղղությամբ՝ դեպի թոքեր ածխաթթու գազը տեղափոխելն է: Արյան կարմիր բջիջներն արտադրվում են ձեր տափակ ոսկորերի, ողների և խողովակավոր ոսկրերի կարմիր ոսկրածուծում:

Արյան կարմիր բջիջները պարունակում են հեմոգլոբին սպիտակուց, որն էլ տեղափոխում է թթվածինը: Որպեսզի հեմոգլոբին արտադրվի, դուք ունենք երկաթի, վիտամին B12-ի և ֆոլաթթվի բավարար անհրաժեշտ քանակների պահանջ, որոնք ստանում եք ձեր սննդով:

Ի՞նչ է անեմիան

Երբ դուք ունեք անեմիա, նշանակում է, որ ձեր արյունը չունի բավարար քանակով առողջ արյան կարմիր բջիջներ, որ ինչպես ձեր, այնպես էլ ձեր չծնված երեխայի բջիջներ հասցնի անհրաժեշտ քանակի թթվածին:

Մեղմ երկաթ-դեֆիցիտային անեմիան հղի կանանց շրջանում տարածված երևույթ է և կարող է թեթև թուլությամբ: Սակայն, եթե ունեք ծանր անեմիա, կարող եք նշել օդի սուր պակասի զգում, հևոց և խիստ արտահայտված թուլություն և հոգնածության զգացում, գլխապտույտ և ուշադրության կենտրոնացման դժվարություն: Անեմիան նաև հաճախ ուդեկցվում է հաճախասրտության հետ (տախիկարդիա):

Ինչո՞ւ են հղի կանայք դառնում անեմիկ

Հղիության ընթացքում ձեր օրգանիզմը վերափոխվում է, որ հարմարվի ձեր դեռևս չծնված երեխայի գոյությանը: Ոչ հղի կինն իր օրգանիզմում ունի շուրջ 5 լիտր արյուն, մինչդեռ հղիության ավարտին այս թիվը հասնում է 7-8 լիտրի:

Հավելյալ արյան բջիջների ստեղծումը առաջացնում է երկաթի, վիտամին B12-ի և ֆոլաթթվի (ֆոլատ) ավելի մեծ քանակների պահանջարկ, որ կարողանա ապահովել հեմոգլոբինի խթանված արտադրությունը: Երկաթի դեֆիցիտը (պակասը) հղիության ընթացքում անեմիայի գլխավոր պատճառն է: Հղիության ընթացքում դուք ունեք շուրջ երեք անգամ ավելի շատ երկաթի պահանջ, քան այն ժամանակ, երբ դաշտանի մեջ էիք: Այսպիսով, հղիության ողջ ընթացքում ձեր օրգանիզմը պահանջում է երկաթի հավելյալ քանակների ստացում:

Ցավոք, սննդով ստացված երկաթն աղիներից դժվարությամբ է ներծծվում, որն էլ բերում է հեմոգլոբինի անբավարար քանակի արտադրություն: Ուստի, բազմաթիվ կանայք հղիության ընթացքում դառնում են անեմիկ, քանի դեռ չեն ընդունում երկաթի հավելումներ:

Անեմիայի հայտնաբերման ի՞նչ թեստեր կան

Սովորաբար հղի կանայք առաջին անգամ արյան թեստ հանձնում են իրենց բժշկին կամ բուժքրոջն առաջին անգամ այցելելիս: Ձեր առաջին այցի ընթացքում նրանք կստուգեն ձեր հեմոգլոբինի մակարդակը և արյան բջիջների քանակները, որը կոչվում է արյան ընդհանուր քննություն (CBC): Եթե ստացվեց արյան կարմիր բջիջների քանակի անկում, բժիշկը կարող է նշանակել նաև արյան երկաթի, վիտամին B12-ի և ֆոլատի թեստեր: Ըստ անհրաժեշտության բժիշկը կարող է նաև առաջարկել ժառանգական հիվանդություններ (օրինակ՝ թալասեմիա) հայտնաբերելու համար նախատեսված գենետիկ թեստեր:

Որո՞նք են հղիության ժամանակ անեմիկ լինելու ռիսկերը

Անեմիան կարող է չսահմանափակվել ձեր գանգատներով, այլ բարձրացնել ծննդաբերությունից հետո արյան փոխներարկում կատարելու հավանականությունը: Անեմիան նաև կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության, թերքաշ և արդեն անեմիկ երեխայի ծնվելու ռիսկի բարձրացման:

Ինչպե՞ս կարող եմ հղիության ժամանակ խուսափել անեմիայից

Կան հղիության ժամանակ անեմիայի կանխարգելման երեք լավ մոտեցումներ՝

  • սկսեք ձեր հղիությունը լավ առողջական վիճակով
  • հղի ժամանակ սնվեք բավարար չափով
  • ըստ անհրաժեշտության ընդունեք երկաթի հավելումներ:

Սկսեք հղիությունը լավ առողջությամբ

Եթե հղիանալու մտադրություն ունեք, այցելեք ձեր բժշկին և անցեք ձեր առողջական վիճակի գնահատման հերթական ստուգում: Այցի ընթացքում բժիշկը կարող է ձեզ տրամադրել անեմիայի և այլ հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ օգտակար խորհուրդներ, օրինակ՝ առաջարկել, որ ստանաք ֆոլաթթվի հավելում:

Բժիշկները կանանց սովորաբար խորհուրդ են տալիս նախատեսված հղիությունից առնվազն մեկ ամիս առաջ սկսել ֆոլաթթվի հավելում խմելը և շարունակել այն հղիության առնվազն առաջին երեք ամիսների ընթացքում: Սա կարող է նվազեցնել ապագա երեխայի մոտ նյարդային խողովակի արատների ռիսկը, ինչպիսին է ողնաշարի արատ հանդիսացող սպինա բիֆիդան (spina bifida):

Հղիներին ֆոլաթթու սովորաբար նշանակվում է օրական 0,5 մգ, սակայն այս դեղաչափը կարող է բարձրացվել շաքարային դիաբետով, էպիլեպսիայով, մարմնի ավելորդ քաշով կամ նախկինում նյարդային խողովակի արատով երեխաներ ծննդաբերող կանաց համար: Զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ:

Հղի ժամանակ սնվեք բավարար չափով

Անեմիայից պաշտպանվելու լավագույն բնական միջոցն առողջ սննդակարգն է:

  • Երկաթով հարուստ են մսի տարբեր տեսակները, երկաթով հարստացած հացամթերքները և շիլաները:
  • Վիտամին B12-ով հարուստ սննդամթերքներից են միսը, խեցեմորթները, ձուն և կաթնամթերքները:
  • Ֆոլաթթվի մեծ քանակներ հայտնաբերվում են կանաչատերև բանջարեղեններում, լոբու, բրոկոլիի, ծնեբեկի մեջ և այլ բույսերում:

Այս մթերքներով հարուստ սննդակարգը մեծապես կօգնի ձեզ, որ կանխարգելեք անեմիան:

Բուսակեր կանայք կարող են կենդանական մթերքը փոխարինել լոբազգիներով, տոֆուով, ձվով և սոյայի կաթով: Ձեր բժիշկը կամ դիետոլոգը նաև կարող են տալ օգտակար խորհուրդներ կամ առաջարկել սննդանյութերի և վիտամինների հավելումներ:

Ցիտրուսային մրգերը և ճաշի ընթացքում կամ անմիջապես դրանից հետո թեյից կամ սուրճից հրաժարվելը կարող են օգնել ձեր աղիներում երկաթի ներծծմանը:

Հավելումներ

Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ ընդունեք ֆոլաթթվի հավելումներ, ինչպես նաև սննդակարգում ավելացնեք ֆոլատով հարուստ սննդամթերքներ: Բազմաթիվ կանայք կարող են ստանալ նաև երկաթի հավելումներ խմելու խորհուրդ, եթե ունեն երկաթի պակաս կամ դրա ռիսկի խմբում են: Բուսակեր և հումակեր հղի կանանց նաև կարող է առաջարկվել վիտամին B12-ի հավելում:

Եթե ձեզ խորհուրդ են տվել օգտագործել այսպիսի հավելումներ, նախ զրուցեք ձեր բժշկի հետ, որ ճշտեք դրանք ընդունելու լավագույն տարբերակը: Բժիշկը նաև ձեզ խորհուրդ կտա, թե ինչպես խուսափել հավելումների օգտագործման հետ կապված կողմնակի ազդեցություններից:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024