Հետանցքի խնամք
28-02-2021
3 րոպե

Հետանցքը կազմված է ուղիղ աղիքի վերջին մի քանի սանտիմետրից (հետանցքային խողովակ) և հետանցքային բացվածքից, որով կղանքը հեռացվում է ձեր մարսողական խողովակից:
Աղիների դատարկման ընթացքում հետանցքային մկանները (սֆինկտեր) թուլանում են՝ ճանապարհ բացելով կղանքի հեռացան համար: Եթե առկա են հետանցքի այս գործունեության հետ կապված խնդիրներ, ապա կարող են ի հայտ գալ տարբեր անհանգստացնող գանգատներ և նշաններ:
Սննդակարգը, մարսողությունը, սեռական ակտիվությունը, գենետիկական և միջավայրային գործոնները՝ բոլորն էլ իրենց առանձնահատուկ դերն ունեն հետանցքի առողջության պահպանման գործում:
Հետանցքի խնդիրներ
Հետանցքի պատշաճ հիգիենան կարող է նվազեցնել այս շրջանի հետ կապված խնդիրների զարգացման ռիսկը, ինչպիսիք են՝ հետանցքի ճաք (հետանցի լորձաթաղանթի փոքր պատռվածք), բորբոքում, հետանցքի շրջանի քոր, թութք (հեմորոիդ) և ցավերով կամ անհարմարավետության զգացումով (դիսկոմֆորտ) ուղեկցվող այլ խնդիրներ:
Առատ ջուր խմելը և բջջանքով հարուստ սննդամթերքներ օգտագործելը (օրինակ՝ հացահատիկային թեփ, մրգեր և բանջարեղեններ, լիարժեք հացահատիկից թխված հաց) կօգնեն ձեր աղիքային պարունակության փափկեցմանը:
Հետանցքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կարող են բարելավվել, եթե դուք հոգ տանեք ձեր առողջության մասին: Սակայն, եթե ունեք ուժեղ ցավեր, դրանք մի քանի օրվա ընթացքում չեն մեղմանում կամ առկա է արյունահոսություն հետանցքից, ապա կարևոր է առանց հետաձգելու դիմել բուժօգնության:
Ինքնախնամք
Հետանցքի շրջանի պատշաճ խնամքը նախատեսում է՝
- հետանցքը պահեք մաքուր՝ ամեն օր մաքուր ջրով լվանալով այդ շրջանը
- խուսափե՛ք օճառ օգտագործելուց, քանի որ օճառաջուրը և փրփուրը հեռացնում են հետանցքի շրջանն օծող բնական յուղերը՝ մաշկը դարձնելով չոր և հարուցելով քոր (դրա փոխարեն կարելի է օգտագործել ջրային կրեմ կամ օճառ չպարունակող մաքրող հեղուկներ)
- խուսափե՛ք հետանցքի շրջանը զուգարանի թղթով ուժեղ մաքրելուց, այլապես կարող է առաջանալ մաշկի հարում, բորբոքում կամ վարակում
- խուսափե՛ք մաքրող անձեռոցիկներից կամ քիմիական նյութերից:
Զուգարանից օգտվելիս պահպանեք հետևյալ կանոնները՝
- մի՛ հետաձգեք զուգարան մտնելը, եթե ունեք ցանկություն
- զուգարանից օգտվելիս մի՛ գործադրեք ուժեղ ջանքեր, որը կարող է գրգռել հետանցքի շրջանը և բերել լուրջ բարդությունների
- մի՛ նստեք զուգարանակոնքին ավելի երկար, քան անհրաժեշտ է:
Հետանցքի շրջանի անհարմարավետության զգացողությունը (դիսկոմֆորտ) կարելի մեղմացնել հետևյալ միջոցներով՝
- հետանցքային ցավի և դիսկոմֆորտի մեղմացմանը կարող է օգնել օրվա ընթացքում մի քանի անգամ 10-20 րոպեով գոլ ջրով ծանծաղ վաննա նստելը
- եթե հետանցքի շրջանը խիստ ցավոտ և այտուցված է, սառցեպարկը կամ սառեցնող այլ միջոցները կարող են մեղմացնել այդ գանգատները (մի՛ պահեք դրանք 30 րոպեից ավելի երկար)
- առանց դեղատոմսի վաճառվող կրեմները, լոսյոնները և քսուքները կարող են օգնել հետանցքի շրջանի քոր մեղմացմանը (հետևեք տեղեկատվական թերթիկում նշված հրահանգներին):
Ցավերի դեպքում բժիշկը կարող է խորհուրդ տալ, թե ինչ ցավազրկող դեղամիջոց կարելի է ընդունել:
Հոդվածը վերանայվել է՝ 28-02-2021