Հակաբիոտիկների նկատմամբ կայունություն
Բակտերիալ վարակների մեծ մասը բուժվում է հակաբիոտիկներով: Այս պայմաններում բակտերիաները հաճախ ձևափոխվում են, որ իրենք պաշտպանվեն հակաբիոտիկներից:
Երբ սա տեղի է ունենում, հակաբիոտիկներն իրենց նկատմամբ կայունացած (ռեզիստենտ) բակտերիաների համար դառնում են անարդյունավետ: Հենց այս երևույթն էլ կոչվում է հակաբիոտիկների նկատմամբ (բակտերիաների) կայունություն, որը համարվում է առողջապահական լուրջ խնդիր:
Ինչո՞ւ է հակաբիոտիկային կայունությունը համարվում խնդիր
Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը առաջ է գալիս այն ժամանակ, երբ հակաբիոտիկներով բուժման առկայության պայմաններում, այնուամենայնիվ, բակտերիաները գոյատևում են, շարունակում զարգացնել հիվանդությունը և մնում արդեն հակաբիոտիկների նկատմամբ կայունացած վարակի աղբյուր:
Սա նշանակում է, որ հակաբիոտիկներն այլևս չեն ազդում իրենց նկատմամբ կայունացած բակտերիաների վրա, ինչը բերում է նրան, որ՝
- ավելի երկար ժամանակ է պահանջվում, մինչև օրգանիզմը «կմաքրվի» վարակից
- վարակը կարող է ավելի ծանրանալ և բերել լուրջ բարդությունների
- չբուժված վարակը կարող է փոխանցվել այլ մարդկանց
- այլ մարդկանց փոխանցված վարակը պահպանում է հակաբիոտիկների նկատմամբ իր կայունությունը, և այս դեպքում նույնպես հակաբիոտիկները դառնում են անօգուտ:
Ընդ որում, հակաբիոտիկի տեսակը փոխելիս բակտերիաները կարող են կայունանալ նաև նոր դեղի նկատմամբ:
Ինչպե՞ս է բակտերիան հակաբիոտիկի նկատմամբ դառնում կայուն
Հակաբիոտիկների ազդեցությանը ենթարկված բակտերիաները կարող են ձևափոխել իրենց գեները և այդ հակաբիոտիկի նկատմամբ ձեռք բերել կայունություն:
Ի՞նչ են «սուպերբակտերիաները»
«Սուպերբակտերիաներն» այն մանրէներն են, որոք կայունացել են մի քանի տարբեր հակաբիոտիկների նկատմամբ: Սուպերբակտերիաները շատ դժվար են ենթարկվում հակաբիոտիկային բուժմանը (եթե ենթարկվում են):
Սուպերբակտերիաների առավել հաճախ հանդիպող օրինակներից են մետիցիլին-կայուն ոսկեզօծ ստաֆիլոկոկը և աղիքային ցուպիկի (E. coli) բազմադեղակայուն շտամները, որոնք հիվանդանոցներում կարող են լուրջ խնդիրների պատճառ դառնալ:
Հակաբիոտիկների նկատմամբ կայունության պատճառները
Որքան շատ բակտերիաներ ենթարկվեցին հակաբիոտիկների ազդեցությանը, այդքան այդ բակտերիաների մոտ կայունություն զարգանալու հավանականությունը բարձրանում է: Եթե դուք օգտագործում եք հակաբիոտիկ, որն իրականում անհրաժեշտ չէ կամ հակաբիոտիկը չեք ստանում այն դեղաչափերով կամ այն ռեժիմով, ինչպես ձեր բժիշկն է նշանակել (օրինակ՝ բաց եք թողնում հերթական դեղաչափը, բուժումը կիսատ եք թողնում), ապա դուք բակտերիաներին կայունանալու և հակաբիոտիկների նկատմամբ «անընկալունակ» դառնալու հնարավորություն եք տալիս:
Ինչպե՞ս կարող եմ կանխարգելել հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը
Իրականում, հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը հնարավոր չէ լիովին վերացնել, սակայն կարելի է դանդաղեցնել՝ ճիշտ օգտագործելով ձեզ նշանակած հակաբիոտիկները: Այս առումով, դուք կարող եք՝
- հակաբիոտիկներ ստանալ միայն ըստ բժշկի նշանակման
- խուսափել հակաբիոտիկներից վիրուսային վարակների ժամանակ (մրսածություն, գրիպ և այլն)
- տեղեկանալ, թե արդյոք ձեր ընդունած դեղամիջոցն իրենից հակաբիոտիկ չի ներկայացնում
- եթե բժիշկը ձեզ հակաբիոտիկ է նշանակել, խստորեն հետևել և պահպանել դեղորայքն ընդունելու ռեժիմը և ինքնազգացողության բարելավման դեպքում ինքնուրույն չդադարեցնել ձեզ նշանակված հակաբիոտիկային բուժումը
- երբեք չպահել ձեզ նշանակված հակաբիոտիկների «մնացորդը» հաջորդ անգամների համար
- երբեք չընդունել այլ մարդկանց նշանակած հակաբիոտիկները
- պահպանել անձնական հիգիենայի նորմերը՝ կանխելու վարակի տարածումը:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021