Տագնապը կյանքի նորմալ բաղադրիչներից մեկն է և կարող է ազդել բոլորի, այդ թվում՝ երեխաների վրա։
Սակայն, ծնողների կամ խնամողների համար երբեմն շատ դժվար է լինում երեխայի մոտ նորմալ անհանգստությունը տարբերել ավելի լուրջ՝ «հիվանդագին» տագնապից։
Տագնապը մանկական տարիքում
Տագնապը մանկության նորմալ բաղադրիչներից մեկն է։ Մեծամասամբ, երեխաների մոտ տագնապը կարճատև կյանք ունի և որոշ ժամանակ անց անհետանում է։ Երեխայի մոտ նորմալ անհանգստության օրինակներից են՝
- ամաչելը կամ անհանգստանալը, որ իր վրա կծիծաղեն կամ կծաղրեն
- մսուր-մանկապարտեզում կամ նախակրթարանում ծնողից բաժանվելուց առաջ կամ հետո տխրելը
- դպրոցում հանձնարարված տնային աշխատանքի համար անհանգստանալը։
Սակայն որոշ երեխաների մոտ տագնապի վիճակը լինում է ավելի բուռն կամ ավելի հաճախակի, քան մյուսների մոտ, որի պատճառով նրանց մանկությունը դառնում է լարված և սթրեսային։
Երեխաների մոտ տագնապի նշանները
Եթե երեխան հաճախակի տագնապած է, նա կարող է՝
- փորձել խուսափել այն իրավիճակից կամ խնդրից, որից անհանգստանում է
- հաճախ ունենալ գլխացավեր և ստամոքսի ցավեր, հատկապես տնից հեռու գտնվելիս
- ունենալ քնի հետ կապված դժվարություններ կամ գիշերային «վատ» երազներ
- հաճախակի և անառիթ անհանգստանալ
- պահանջել բազմաթիվ երաշխիքներ կամ բազմաթիվ մարդկանց համոզող խոսքեր։
Տագնապով երեխաների աջակցությունը
Դուք կարող եք աջակցել ձեր երեխային հետևյալ հնարքներով՝
- ցույց տվեք երեխային, որ հասկանում եք նրա վախը և մի անտեսեք կամ արհամարհեք նրա անհանգստությունները
- նրբանկատորեն քաջալերեք ձեր երեխային, որ նա անի բաներ, որից վախենում է
- համբերեք, մինչև ձեր երեխան իրոք հասնի տագնապի մակարդակ, նոր սկսեք նրան օգնել (թույլ տվեք, որ ինքնուրույն փորձի և համոզվի իր վախերի անհիմն լինելու մեջ)
- գովեք ձեր երեխային, երբ նա անում է բաներ, որից նախկինում վախենում և խուսափում էր
- մի պիտակավորեք ձեր երեխային («ամոթ քեզ», «վախկոտ»)։
Երեխաների մոտ տագնապի բուժումը
Երեխաների հոգեկան առողջությունը կարևոր է այնքան, որքան ֆիզիկականը։ Եթե դուք անհանգստացած եք ձեր երեխայի մոտ հոգեկան առողջության հավանական որևէ խնդրից, դիմեք ձեր բժշկին, հոգեբանին կամ հոգեկան առողջության ծառայությանը։ Որոշ երեխաների մոտ կարող է ախտորոշվել որևէ տագնապային խանգարում, օրինակ՝
- ֆոբիաներ
- գեներալիզացված տագնապի խանգարում
- բաժանման տագնապ։
Ծանր տագնապով երեխաների համար կարող են օգտակար լինել հոգեբանական բուժումները (հոգեթերապիա), օրինակ՝ կոգնիտիվ-վարքաբանական թերապիան կամ, հազվադեպ, դեղերը։
Հոդվածը հրապարակվել է՝ 08-05-2019
Վերջին վերանայում՝ 27-04-2024