Տագնապը դեռահասների մոտ

Անհանգստությունը և տագնապը կյանքի նորմալ մասն են և կարող են առաջանալ յուրաքանչյուր մարդու, առավել ևս՝ դեռահասի մոտ:
Սակայն, երբեմն տագնապը դառնում է գերիշխող և չի անհետանում, ինչը հավանաբար վկայում է ոչ թե պարզապես «անհանգստության դրվագի», այլ ավելի լուրջ վիճակի՝ տագնապի խանգարման մասին:
Այնուամենայնիվ, բուժման, ընտանիքի ու ընկերների օգնությամբ տագնապը կարող է դառնալ կառավարելի:
Ի՞նչ է տագնապը
Տագնապը զգացում է, որն առաջանում է, երբ դուք զգում եք ներքին լարվածություն, շնչում եք քիչ ավելի արագ և ձեր սրտազարկերը սկսում են հաճախանալ, և երբ դուք խիստ անհանգստացած եք այն իրավիճակից, որում հայտնվել եք կամ կարող եք շուտով հայտնվել:
Ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող անհանգստության «դրվագը» նորմալ երևույթ է, հատկապես դեռահաս տարիքում: Այն կարող է օգնել, որ տղան կամ աղջիկը դպրոցի, սպորտի կամ աշխատանքի նկատմամբ լցվեն լրացուցիչ մոտիվացիայով: Տագնապի զգացումը կարող է նաև դեռահասներին (և բոլորին) հեռու պահել վտանգավոր իրավիճակներից:
Սակայն, երբ վախով ու տագնապով լի զգացումը չի անհետանում, կարող է դեռահասներին խանգարել նրանց կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ ընտանիք, դպրոց և ուսումնառություն, ընկերական շրջապատ, շփումներ և փոխհարաբերություններ:
Ինչպե՞ս է տագնապն ազդում դեռահասների վրա
Երեխաների և դեռահասների մոտ տագնապի խանգարումները կարող են առանձնահատուկ լուրջ ընթացք ստանալ, քանի որ նրանք դեռևս գտվում են աճի և զարգացման փուլում: Ուշադրությունից և բուժումից դուրս թողնելիս տագնապի խանգարումը կարող է դեռահասի վրա թողնել երկարատև հետևանքներ, որոնք շարունակվում և հասնում են մինչև չափահաս տարիք:
Տագնապի խանգարման նշաններն են՝
- մշտական աժիտացիայի, լարվածության կամ անհանգստության զգացումներ
- ֆիզիկական նշաններ, օրինակ՝ մկանային ցավեր, սրտխփոց, քրտնարտադրություն, գլխացավ կամ ցավեր ստամոքսի շրջանում
- քննադատության նկատմամբ զգայուն վիճակ կամ չափից դուրս ամաչկոտություն
- ինչ-որ վատ դեպքի կամ լուրի մշտական սպասում
- դժվարությունից կամ նոր իրավիճակներից խուսափում
- մեկուսացում
- ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ, օրինակ՝ տնային աշխատանքը սկսելու կամ ավարտին հասցնելու դժվարություն
- քնի հետ կապված դժվարություններ:
Դեռահասների մոտ տագնապի տեսակները
Տագնապի խանգարմամբ ոչ բոլոր դեռահասների մոտ են դրսևորվում նույն ախտանիշները: Կան տագնապի խանգարման բազմաթիվ տեսակներ, այդ թվում՝
- սոցիալական ֆոբիա կամ սոցիալական տագնապ
- գեներալիզացված տագնապի խանգարում
- հատուկ ֆոբիաներ
- խուճապի (պանիկ) խանգարում
- ագորաֆոբիա
- բաժանման տագնապ։
Դուք կարող եք հոգեկան առողջության ոլորտի մասնագետի հետ միասին մշակել ձեր երեխայի առողջական կարիքներին և անհատականությանն առավելագույնս համրարեցված բուժման պլան: Սակայն հիշեք, որ առաջին քայլը ձեր երեխայի հետ միասին այդ մասնագետին այցելելն է:
Տագնապի բուժումը դեռահասների մոտ
Գոյություն ունեն դեռահասների մոտ տագնապի բուժման տարբեր մոտեցումներ՝ սկսած նրա ապրելակերպի որոշ շտկումներից մինչև խորհրդատվական մեթոդները:
Թույլից մինչև չափավոր տագնապի բուժումը կարող է ներառել՝
- առողջ ապրելակերպ՝ ֆիզիկական վարժանքներ, առողջ և բավարար սնունդ, բավարար քուն
- տագնապ առաջացնող պատճառների վերհանում և հաղթահարում (օրինակ՝ ուսում, փոխհարաբերություններ, սեռական ոլորտ)
- սթրեսի մակարդակի նվազեցում (գիտակցում, մեդիտացիա կամ ռելաքսացիա)
- այլ մեթոդներ:
Ավելի ծանր տագնապը բուժելիս կարող են առաջարկվել՝
- հոգեբանական բուժումներ (հոգեթերապիա), օրինակ՝ կոգնիտիվ-վարքաբանական թերապիա կամ խորհրդատվություն
- դեղորայքային բուժում, օրինակ՝ տագնապամարիչներ և հակադեպրեսանտներ:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021