Եթե ձեր ասթմայի բուժումը և հսկողությունը կազմակերպված է առավելագույնս ճիշտ, հղիությունը կամ կրծքով կերակրումը պետք է որ լուրջ խնդիրներ չառաջացնեն։
Ժամանակակից ուղեցույցները խորհուրդ են տալիս, որ, եթե դուք հղի եք և ունեք ասթմա, ձեր հղիության ողջ ընթացքում պետք է շարունակեք ասթմայի դեղորայքային բուժումը։ Սակայն, եթե ձեր դեղերի մեջ կան ստերոիդ դեղեր (հաբեր կամ օշարակ, ոչ «փչիկներ»), զրուցեք ձեր բժշկի հետ և մեկ անգամ ևս համոզվեք, որ այդ դեղերի ընդունումը ձեր հղիության համար վտանգ չի ներկայացնում:
Ասթմայի դեղերի մեծ մասը մոր և աճող երեխայի համար անվտանգ է։ Դրանք թույլ են տալիս, որ հղիության ընթացքում ասթմայի ախտանիշները հսկողությունից դուրս չմնան։ Հակառակ պարագայում ասթման կարող է վնաս պատճառել ձեր երեխային։ Ընդհանուր առմամբ, չվերահսկվող ասթման ավելի մեծ վտանգ է ներկայացնում ձեր հղիությանը, քան ասթմայի դեղերից որևէ մեկը:
Այսպիսով, երբեք առանց ձեր բժշկի հետ խորհրդակցելու մի՛ դադարեցրեք ձեր ասթմայի դեղերի ընդունումը։ Խոսքն ինչպես բազիսային և երկարաժամկետ ազդող կանխարգելիչ (պրեվենտեր), այնպես էլ ախտանիշները մեղմացնող կարճաժամկետ ազդող միջոցների մասին է (ռիլիվեր):
Որոշ կանայք հղիության ընթացքում կարող են զգալ ախտանիշների մեղմացում, հավանաբար, կապված արյան մեջ կորտիզոլ հորմոնի մակարդակի՝ հղիության հետ կապված քիչ բարձրացման հետ։ Բոլոր դեպքերում, եթե հղության ժամանակ ցանկանում եք որևէ դեղամիջոց ընդունել կամ դադարեցնել ձեզ նշանակված դեղամիջոցի ընդունումը, կայացրեք ձեր որոշումը միայն ձեր բժշկի հետ զրուցելուց հետո։
Ազդեցությունը հղիության վրա
Հղիության ժամանակ բազմաթիվ կանանց մոտ կարող են ի հայտ գալ շնչարգելություն և հևոց, որը ոչ թե ասթմայի, այլ հղիությանն ուղեկցող հորմոնային տեղաշարժերի արդյունք է։ Հղիության ավելի ուշ փուլերում հևոցը կարող է պատճառվել նաև մեծացող և ստոծանու շարժունակությունը սահմանափակող արգանդով։ Սա բազմաթիվ հղի կանանց և անգամ ասթմա ունեցողների համար նորմալ ֆիզիոլոգիական վիճակ է։
Շատ անհավանական է, որ հղիությունը դառնա ասթմայի պատճառ, եթե դուք մինչև հղիանալն ասթմա չեք ունեցել։ Սակայն այն, թե ինչպիսի ազդեցություն կունենա հղիությունը ասթմայի վրա, նախապես կանխատեսելը դժվար կամ անհնար է։ Ասթմայով կանանց շուրջ 1/3-ը հղիության ընթացքում նշում է ախտանիշների որոշակի բարելավում, 1/3-ը՝ վատացում և մնացած 1/3-ը՝ որևէ փոփոխության բացակայություն։
Հղիության առողջ ընթացքն ապահովելու լավագույն ուղին համոզվելն է, որ ինչպես ձեր հղիությունը, այնպես էլ ասթման պատշաճ վերահսվում են։ Հղիությունը հաստատվելուց հետո անպայման հանդիպեք ձեր բժշկին, որ երկուսով որոշեք, թե ինչպես ճիշտ կառավարել ձեր ասթման։
Ծանր ասթմայով որոշ կանանց մոտ կարող է զարգանալ բարձր արյան ճնշում, իսկ եթե հղի են՝ պրեէկլամպսիա։ Չվերահսկվող ասթման կարող է հանգեցնել նաև վաղաժամ ծննդաբերության և անհաս (ցածր քաշով) երեխայի ծննդի։
Ասթմայի վարումը հղիության ընթացքում
Եթե ունեք ասթմա, ձեր բժշկի հետ միասին կազմեք ձեր հիվանդության հսկողության ծրագիրը, որի հիքում ասթմայի պատշաճ բուժումն է և ախտանիշների վերահսկումը։ Օրինակ, եթե ունեք հազ կամ մրսածություն, ասթմայի նշանները կարող են սրանալ և կարիք առաջանալ բարձրացնելու ձեր կանչախրգելիչ (պրեվենտեր) դեղամիջոցի (ինհալացվող ստերոիդներ) դեղաչափը կամ գուցե ձեր բժիշկը նշանակի ձեզ անծանոթ դեղամիջոց, որը երբևէ չեք օգտագործել։
Եթե հղիության ընթացքում կարողանում եք ֆիզիկական ակտիվ կյանք վարել, օրինակ՝ վարժանքներ կատարել կամ աշխատավայր այցելել, կան որոշ քայլեր, որոնք կարող եք փորձել՝ կանխելու հղիության ընթացքում ասթմայի սրացումը։ Օրինակներից են՝
- մի՛ ծխեք և հարցրեք ձեր բժշկի հղիության ընթացքում ծխելը դադարեցնելու մասին
- խուսափեք ալերգիայի հրահրիչներից (տրիգերներ), օրինակ՝ կատվի կամ այլ տանը պահվող այլ կենդանիների մորթուց ու թեփից
- հսկեք ձեզ մոտ առկա ալերգիկ ռինիտը (հարբուխ) հակահիստամինային դեղերով՝ նախապես ձեր բժշկից ճշտելով հղիության ժամանակ ամենաանվտանգ դեղամիջոցի և դրա ամենաանվտանգ դեղաչափի մասին
- խուսափեք սովորական ալերգիկ ռինիտի հրահիչներից:
Հղիության ընթացքում ասթմայի սրացումը կարող է ի հայտ գալ հետևյալ նշաններով՝
- հազ, որը սաստկանում է գիշերային ժամերին, վաղ առավոտյան կամ ֆիզիկական որևէ գործ կատարելիս
- շնչառությանն ուղեկցող խզզոցներ
- շնչարգելություն և հևոց
- կրծքավանդակի լարվածության զգացողություն։
Հղիությունը որոշ դեպքերում ուղեկցվում է նաև թթվային ռեֆլյուքսով, երբ ստամոքսի թթվային պարունակությունը հոսում է վերև՝ դեպի կերակրափող (որկոր)։ Ռեֆլյուքսը կարող է սրացնել ասթմայի նշանները, ուստի դիմեք ձեր բժշկին, եթե ունեք հաճախակի կրկնվող այրոցք (изжога)։
Ծննդաբերություն
Հղիության ընթացքում ասթմայի դեղեր ընդունելը չի հետաձգում կամ երկարացնում ծննդաբերության ժամկետը։ Զրուցեք ձեր բժշկի հետ այն մասին, թե ինչպես կարող է ասթման ազդել ձեր ծննդաբերության գործընթացի վրա և արդյոք մինչև ծննդաբերելը դուք պետք է որևէ միջոցառում ձեռնարկեք։ Նույնը վերաբերվում է ծննդաբերական ցավերը մեղմացնելուն։
Կրծքով կերակրում
Ասթմայի դեղերը սովորաբար չեն թափանցում կրծքի կաթի մեջ, իսկ դրանց չափազանց փոքր քանակները չեն վնասում ձեր երեխային։ Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե երեխային կրծքով կերակրելու հետ կապված ունեք անհանգստանալու որևէ առիթ։
Կարո՞ղ է ասթման փոխանցվել նաև իմ երեխային
Ասթմայի պատճառները դեռևս մնում են ոչ լիարժեք բացահայտված, սակայն հայտնի է, որ այն ունի ժառանգական բնույթ և հիվանդության զարգացման ռիսկը բարձրանում է, եթե ձեր ընտանիքի անդամներից մեկնումեկի մոտ այն ախտորոշվել է։ Նույն կերպ, ասթմայի ռիսկը կարող է ժառանգել նաև ձեր երեխան։
Ձեր երեխայի մոտ ասթմայի առաջացման ռիսկը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում պաշտպանել նրան ծխախոտի ծխից՝ ինչպես ձեր հղիության ընթացքում, այնպես էլ դրանից հետո։ Բժիշկները խորհուրդ են տալիս նաև շարունակել ձեր նորածին բալիկին կրծքով կերակրումն առնվազն նրա առաջին 6 ամիսների ընթացքում, որը կարող է նվազեցնել երեխայի մոտ ալերգիայի և ասթմայի առաջացման ռիսկը։
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024