Անհանգստացա՞ծ եք, թե ինչպես ճիշտ լողացնել ձեր նորածին երեխային:
Սայթաքուն բալիկին լողացնելը սկզբում կարող է ձեզ վախեցնել, բայց մի փոքր հմտություն ձեռք բերելուց հետո դուք ձեզ ավելի վստահ կզգաք: Սկսեք սովորելով նորածնային լոգանքի հիմունքները:
Որքա՞ն հաճախ իմ բալիկը լոգանքի կարիք ունի
Ձեր նորածին երեխան ամեն օր լոգանք ստանալու կարիք չունի: Շաբաթական երեք անգամը կարող է բավարար լինել՝ մինչև ձեր երեխան ավելի շարժուն դառնա: Նորածին երեխային չափազանց հաճախ լողացնելը կարող է չորացնել նրա նուրբ մաշկը:
Եթե դուք հաճախակի եք փոխում երեխայի բարուրը և տակաշորը, այս ընթացքում թաց անձեռոցիկով արդեն մաքրում եք ուշադրություն պահանջող շրջանները՝ դեմքը, պարանոցը և տակդիրի շրջանը: Լոգանքների միջև ընկած ժամանակահատվածում նաև կարող եք ստուգել ձեր երեխայի մաշկային ծալքերը, ներառյալ ազդրերը, աճուկները, հետույքը, թևատակերը և կզակը: Անհրաժեշտության դեպքում մաքրեք այս շրջանները թաց անձեռոցիկով:
Ե՞րբ լողացնել երեխային՝ առավոտյան, թե՞ գիշերը
Դա կախված է ձեզանից: Ընտրեք այնպիսի պահ, երբ դուք չեք շտապում կամ քիչ հավանական է, որ ձեզ ընդհատեն: Որոշ ծնողներ նախընտրում են երեխային լողացնել առավոտյան, երբ վերջինս արթուն է: Մյուսները նախընտրում են մանկական լոգանքները դարձնել գիշերային քնից առաջ հանգստացնող արարողակարգի մի մասը: Եթե ձեր երեխային լողացնում եք կերակրելուց հետո, քիչ համբերեք՝ մինչև նրա փորիկը մի փոքր նստի:
Ո՞ր տեսակի մանկական վաննան է լավագույնը
Երբ ձեր երեխան պատրաստ է լոգանք ընդունելուն, կարող եք օգտագործել պլաստիկ լոգարան-վաննա: Մանկական վաննայի եզրերը բոլորեք մաքուր սրբիչով: Նախապես պատրաստեք և ձեռքի տակ ունեցեք բոլոր այն պարագաները, որոնք օգտագործելու եք լոգանքի ընթացքում՝ պարզաջրման մաքուր գոլ ջուր, մանկական շամպուն, մաքուր սրբիչ և այլն: Սա ձեզ թույլ կտա, որ ձեր մի ձեռքով մշտապես պահեք ձեր երեխային: Երբեք ձեր երեխային մենակ մի՛ թողեք ջրի մեջ:
Որքա՞ն ջուր լցնեմ մանկական վաննայում
Ընդհանուր առաջարկությունը մոտ 5 սանտիմետր է: Լոգանքի ժամանակ միշտ համոզվեք, որ ձեր երեխան ձեր մշտական ուշադրության տակ է և ապահով ու անվտանգ պահեք նրան: Եթե մոռացել եք ինչ-որ բան, որը ձեզ անհրաժեշտ է լոգանքի համար, վերցրեք ձեր երեխային ձեզ հետ: Երբեք երեխային մենակ մի՛ թողեք վաննայի մեջ՝ նույնիսկ մեկ ակնթարթ:
Ի՞նչ ջերմաստիճանի ջուր օգտագործել
Լավագույնը գոլ ջուրն է: Նորածնի ջերմաստիճանի բարձրացումը կանխելու համար օգտագործեք ոչ ավելի, քան 49 °C (120 F) ջերմաստիճանի ջուր: Երեխային լողացնելուց առաջ միշտ ստուգեք ջրի ջերմաստիճանը ձեր ձեռքով: Ձգտեք լոգանքի ջրի տաքությունը հասցնել մոտ 38 °C-ի (100 F): Համոզվեք, որ սենյակը նույնպես հարմարավետ տաք է: Թաց երեխան կարող է հեշտությամբ մրսել:
Ո՞րն է երեխայիս վաննայի մեջ պահելու լավագույն միջոցը
Ապահով պահելը կօգնի ձեր երեխային հարմարավետ զգալ և անվտանգ մնալ վաննայի մեջ: Օգտագործեք ձեր ձախ ձեռը (եթե աջլիկ եք)՝ ձեր երեխայի գլուխն ու պարանոցը պահելու համար, իսկ մյուսը՝ ձեր երեխայի մարմինը պահելու և ջրի մեջ մտցնելու համար՝ սկսելով ոտնաթաթերից: Անհրաժեշտության դեպքում շարունակեք պահել ձեր երեխայի գլուխն ու մեջքը: Դուք կարող եք շարունակել պահել ձեր երեխայի մեջքն ամբողջ լոգանքի ընթացքում:
Ի՞նչը լվանալ առաջինը
Ծնողների մեծամասնությունը սկսում է երեխայի գլխից և դեմքից և շարժվում դեպի մարմնի ավելի կեղտոտ մասեր: Սա թույլ չի տալիս, որ մաքրված շրջանները նորից չօճառոտվեն:
Պե՞տք է լվանալ նորածնի մազերը
Եթե ձեր նորածինը մազեր ունի, և կարծում եք, որ դրանք լվանալու կարիք ունեն, հանգիստ արեք դա: Ձեր ազատ ձեռքով մի կաթիլ թույլ մանկական շամպունով նրբորեն մերսեք ձեր երեխայի գլխամաշկը: Մաքրաջրեք շամպունը մի քանի բաժակ գոլ ջրով՝ այդ ընթացքում ձեր ձեռքը պահելով երեխայի ճակատին, որ փրփուրը չհայտնվի նրա աչքերի մեջ:
Արդյոք լոգանքից հետո լոսյոնը կկանխի՞ ցանը
Նորածինների մեծ մասը լոգանքից հետո լոսյոնների կարիք չունի: Եթե ձեր երեխայի մաշկը շատ չոր է, այդ շրջաններն օծեք քիչ քանակի ոչ հոտավոտ մանկական խոնավացնող միջոցով: Նուրբ մերսումը կարող է ձեր երեխային դուր գալ: Եթե երեխայի մաշկի չորությունը շարունակվում է, պատճառը կարող է լինել այն, որ դուք նրան շատ հաճախակի եք լողացնում:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2023
Վերջին վերանայում՝ 03-05-2024