Հղիության հուզական նշակետերից մեկն այն է, երբ դուք առաջին անգամ զգում եք ձեր արգանդի մեջ երեխայի թույլ շարժումները:
Հղիության ընթացքում երեխայի այս շարժումները, որին ընդունված է անվանել պտղի խաղ, վկայում է, որ ձեր երեխան կենդանի է և նորմալ զարգանում է:
Յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է, և կարևոր է հասկանալ և սովորել ձեր երեխայի շարժումների բնույթը: Եթե կարծում եք, որ ձեր պտղի խաղն իր ուժով կամ հաճախականությամբ թուլացել է, առանց հետաձգելու կապ հաստատեք ձեր բժշկի կամ բուժքրոջ հետ: Մի՛ հետաձգեք հաջորդ օրվան:
Ե՞րբ ես կզգամ իմ երեխայի շարժումները
Դուք կարող եք սկսել զգալ ձեր պտղի խաղը մոտավորապես հղիության 18-րդ շաբաթվա մեջ: Եթե սա ձեր առաջին հղիությունն է, պտղի խաղը կարող է քիչ հետաձգվել՝ մինչև 20-րդ շաբաթականը:
Այունամենայնիվ, երկրորդ հղիության ժամանակ դուք կարող եք պտղի խաղի ակնհայտ նշաններ զգալ ավելի վաղ՝ արդեն 16-րդ շաբաթականում:
Ինչպիսի՞ն կարող է լինել իմ երեխայի շարժումները
Պտղի խաղի բնույթը կախված է նրանից, թե ինչ է տվյալ պահին անում ձեր երեխան, ինչպես նաև նրա աճի և զարգացման փուլից: Յուրաքանչյուր երեխա առանձնահատուկ է. մի պտուղը կարող է լինել ավելի ակտիվ, քան մեկ այլ պտուղ, և հակառակը:
Առաջին զգացողությունը, որ դուք կարող եք զգալ, թրթռոցն է (կարծես որովայնում թիթեռներ կան), որովայնում ձկան լողին կամ աղիներով գազերի շարժման նմանվող ներքին շարժողական զգացումները, արգանդի կամ որովայնի պատին բախումները և այլն: Ձեր հղիության զարգացմանը զգուգահեռ, որպես նորմա, երեխայի խաղերը դառնում են ավելի ընդգծված և հաճախակի:
Երբ ձեր երեխան դառնում է ավելի մեծ և ուժեղ, և ձեր մաշկը կիպ ձգվում է արգանդի վրա, դուք ավելի հեշտությամբ եք զանազանում նրա ոտքերով, ձեռքերով կամ արմունկներով հարվածները: Հղիության ավարտին երեխայի հարվածները կարող են նույնիսկ ցավեցնել ձեր կողերը:
Որքա՞ն հաճախ պետք է զգամ երեխայի խաղը
Պտղի խաղն առաջին անգամ զգալուց հետո (մոտավորապես՝ հղիության 20-24 շաբաթներում), դուք կարող եք նկատել, որ դրանք աստիճանաբար հաճախանում են: Սակայն, միշտ չէ, որ դուք կարող եք զգալ ձեր երեխայի շարժումները, հատկապես, երբ զբաղված եք և ուշադրություն չեք դարձնում այս երևույթին:
Երեխաները հակված են ավելի շատ շարժումներ կատարել օրվա որոշ ժամերին: Օրինակ, պտղի խաղն ակտիվանում է, երբ դուք քնած եք, և երեխան քնում է, երբ դուք արթուն եք: Սովորաբար, չծնված երեխաների ամեն քունը տևում է 20-40 րոպե (հազվադեպ՝ մինչև 90 րոպե), և այս ընթացնում նրանք չեն շարժվում: Դուք նաև կարող եք նաև երեխայի խաղը «բաց թողնել», երբ նստած կամ կանգնած վիճակում եք և, հակառակը, պառկած վիճակում ավելի մեծ ուշադրություն դարձնել նրա շարժումներին:
Երեխաների խաղը փոփոխվում է նրանց աճին և զարգացմանը զուգընթաց: Նրանց շարժումները պետք է ավելի հաճախանան հղիության երրորդ եռամսյակում (տրիմեստեր): Որքան հղիությունը մոտենում է իր ավարտին (հատկապես՝ 36 շաբաթվանից հետո), երեխային շարժման համար ավելի ու ավելի փոքր տարածք է մնում: Այս պատճառով նրա շարժման տեսակը և ձեր զգացողությունը կարող են փոփոխվել: Այս փուլում հղի կանայք նշում են երեխայի ավելի ուժեղ, փութաջան և սեղմող շարժումներ:
Առողջ երեխան շարունակում է շարժվել նաև ձեր ծննդաբերության ընթացքում:
Պե՞տք է արդյոք հետևել երեխայի խաղին
Չծնված երեխայի շարժումների որևէ նորմալ տեսակ գոյություն չունի, ոչ էլ պետք է հաշվել կամ գրանցել նրա խաղը:
Իհարկե, դուք կարող եք փորձել հասկանալ և սովորել ձեր երեխայի շարժումները: Տարբեր երեխաների համար դրանք տարբեր են: Եվ, եթե զգում կամ նկատում եք որևէ արտասովոր բան, անհապաղ դիմեք ձեր բժշկին կամ այցելեք մոտակա մանկաբարձական ծառայություն:
Ի՞նչ անել, եթե պտղի խաղը դադարում է
Եթե, սկսած հղիության 24-րդ շաբաթականից դուք չեք զգում ձեր չծնված երեխայի որևէ շարժում, այցելեք ձեր բժշկին կամ բուժքրոջը:
Եթե կարծում եք, որ ձեր երեխայի շարժումների ուժը կամ քանակը պակասել է, անհապաղ կապ հաստատեք ձեր բժշկի կամ բուժքրոջ հետ: Մի՛ սպասեք հաջորդ օրվան:
Բժիշկը կամ բուժքույրը կստուգեն ձեր երեխայի սրտի հաճախականությունը և խաղը: Չի բացառվում, որ ձեզ առաջարկեն կարճատև հիվանդանոցային հսկողություն:
Ի՞նչ անել, եթե երեխայի խաղի վերաբերյալ ունեմ կրկնվող անհանգստություններ
Հիշեք, որ ձեր չծնված երեխայի խաղի մասին ամենալավ պատկերացումներն ունեք դուք: Կարևոր է, որ ձեր երեխայի խաղի վերաբերյալ ձեր ցանկացած անհանգստության դեպքում կապ հաստատեք բժշկի կամ բուժքրոջ հետ:
Առանց հետաձգելու կապ հաստատեք նրանց հետ կրկին և նորից, նույնիսկ եթե դուք նախկինում արդեն այցելել եք նրանց և տեղեկացրել ձեր անհանգստության մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024