Նորածին երեխայի մոտ բավականին հաճախ կարող են առաջանալ մաշկային ցանով կամ բծերով դրսևորվող որոշ մաշկային հիվանդություններ կամ վիճակներ:
Դրանք սովորաբար լինում են վարակային և ոչ վարակային բնույթի:
Մաշկային ցան առաջացնող հիվանդություններից նորածինների մոտ ավելի հաճախ դիտարկվում են բարուրային մաշկաբորբը և օրորոցային գլխարկը: Սովորաբար դրանք հեշտությամբ բուժվում են և երկարատև առողջական խնդիրներ չեն առաջացնում:
Բարուրային ցան
Բարուրային մաշկաբորբը նորածինների մոտ հաճախ հանդիպող մաշկային վիճակ է, որը հանդիպում է բարուրաշոր կամ տակդիր (փամփերս) կրող մանուկների շուրջ մեկ երրորդի մոտ:
Մաշկաբորբն առաջանում է, երբ նորածնի կամ մանկահասակ երեխայի նուրբ և բավարար դիմադրողականություն չունեցող մաշկը շփվում է բարուրաշորում կամ տակդիրում ներծծված կամ կուտակված մեզի և կղանքային արտաթորանքների հետ:
Այն նման է շփաբորբի և սովորաբար արտահայտվում է մաշկի կարմրությամբ և փափկացմամբ (մացերացիա) և ի հայտ գալիս նորածնի անութային, աճուկային, շեքի, հետույքի, արմնկային կամ պարանոցի շրջանների մաշկի ծալքերում:
Թույլ մաշկաբորբը սովորաբար երեխային ցավ չի պատճառում, մինչդեռ չափավոր կամ, առավել ևս, ծանր մաշկաբորբը կարող է առաջացնել անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ) և ցավ, որը դեռևս հաղորդակցվելու ունակություն չունեցող երեխաների մոտ դրսևորվում է անհանգստությամբ և լացով:
Բարուրային մաշկաբորբի բուժումը և կանխարգելումը նորածնի կամ մանկահասակ երեխայի մաշկի ճիշտ խնամքն է և թույլ չտալը, որ երեխան գերտաքանա: Մաշկի իրար հպվող մակերեսները կարելի է օծել ստերիլ բուսական յուղով կամ մանկական (հիպոալերգիկ) քսուքով:
Եթե շփաբորբը չի վերանում կամ երեխայի մոտ զարգանում է կայուն բնույթ կրող սպիտակ կամ կարմիր բշտիկներով բաց կարմիր թաց ցան, որը սկսում է մաշկային ծալքերով տարածվել, այս նշանները կարող են վկայել խմորասնկիկային վարակի առկայության մասին (կանդիդոզ): Նման դեպքերում պետք է այցելել ձեր մանկաբույժին, քանի որ կարող է առաջանալ հակասնկիկային նրբաքսուքների (կրեմների) օգտագործման անհրաժեշտություն:
Իմացե՛ք ավելին բարուրային մաշկաբորբի մասին:
Օրորոցային գլխարկ
Օրորոցային գլխարկը (cradle cap) նորածնի գլխամաշկին առաջացող դեղնավուն, ճարպոտ և հաճախ թեփոտվող բծերն են: Ախտահարված մաշկը կարող է արտահայտվել նաև կարմրավուն ֆոնի վրա դեղնավուն թեփուկներով (կեղև): Ախտահարված շրջանում կեղևները պոկվելիս կարող է դիտվել նաև որոշ մազաթափություն:
Նման վիճակը սովորաբար նորածինների մոտ տարածված և անվնաս վիճակ է, որը երեխայի մոտ որևէ անհարմարավետություն (դիսկոմֆորտ) չի առաջացնում: Այն հաճախ տևում է մի քանի ամիս և երեխայի երկու տարեկան հասակում ինքնուրույն լիարժեք մաքրվում է:
Օրորոցային գլխարկը սովորաբար որևէ բուժում չի պահանջում: Սակայն, համառ ընթացքի դեպքում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ կոպտացած դեղնավուն թեփուկները հեռացնեք՝ նախապես դրանք փափկացնելով մանկական շամպունով կամ ձիթապտղի ձեթով և տաք ջրով, որից հետո զգուշությամբ հեռացնելով բամբակե խծուծով, խիստ փափուկ ատամի խոզանակով կամ փափուկ սրբիչով:
Երբեմն թեփուկների տակ գտնվող մաշկը կարող է ախտահարվել բակտերիալ վարակով: Եթե մաշկի ախտահարումը չի լավանում կամ տարածվում է մարմնի այլ շրջաններ, դիմեք ձեր բժշկին:
Այլ մաշկային հիվանդություններ
Նորածինների մոտ շատ ավելի հազվադեպ կարող են առաջանալ մաշկային ցանով կամ բծերով արտահայտվող այլ հիվանդություններ ևս: Դրանք ավելի լուրջ ընթացք ունեն, քան բարուրային մաշկաբորբը կամ օրորոցային գլխարկը:
- Վեզիկուլոպուստուլոզ, որը մաշկի մակերեսային ախտահարում է և արտահայտվում է քորոցի գլխիկի մեծության բշտիկների առաջացմամբ: Բշտիկների պարունակությունը սկզբում լինում է թափանցիկ (վեզիկուլա), ապա դառնում է թարախային (պուստուլա): Սովորաբար 2-3 օր hետո բշտիկները պայթում են, ծածկվում կեղևով, իսկ շուրջն առաջանում է նոր ցանավորում:
- Նորածնային պեմֆիգուսը նույնպես մաշկի մակերեսային և վարակիչ բորբոքում է, որը բնորոշվում է բշտիկների առաջացմամբ: Հաճախ հիվանդությունն ունի բարորակ ընթացք, սակայն նպաստող գործոնների հետևանքով նաև կարող է ստանալ ծանր դրսևորումներ:
- Նորածինների էքսֆոլիատիվ մաշկաբորբը հազվադեպ հիվանդություն է, որը հանդիպում է երեխայի կյանքի առաջին շաբաթներում և ունի չարորակ ընթացք (վերնամաշկի շերտազատում և «այրված» մակերեսներ, սեպսիս): Պահանջում է հիվանդանոցային բուժում:
- Տոքսիկ էրիթեման նորածնի կյանքի առաջին շաբաթվա ընթացքում ի հայտ եկող, 2-3 օր տևող և առանց բուժման անհետացող էրիթեմատոզ բծերն են, երբեմն նաև՝ դեղնասպիտակավուն թարախային բշտիկները:
- Կարմիր քամի, որը մաշկի ստրեպտոկոկային մակերեսային վարակն է և պահանջում է հակաբիոտիկներով բուժում:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-06-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024