Նորածիններն ունեն միմյանցից տարբերվող քուն. որոշ նորածիններ կարող են ունենալ երկարատև ցերեկային քուն, իսկ մյուսները՝ միայն կարճատև նինջ:
Նույն կերպ, որոշ նորածինների գիշերային քունը հաճախակի ընդհատվում է արթնացումներով, մինչդեռ մյուսների մոտ գիշերային քունը կարող է ընդհանրապես չխանգարվել կամ ունենալ միայն հազվադեպ՝ 1-2 արթնացման դրվագներ:
Նորածինների քնի բնույթը կյանքի առաջին տարվա ընթացքում նույնպես կարող է փոփոխություններ կրել: Յուրաքանչյուր նորածին առանձնահատուկ է, սակայն, ընդհանուր առմամբ, օգտակար կարող է լինել հասկանալ նորածինների և չափահասների քնի ցիկլի տարբերությունները և իմանալ, թե ինչ կարելի է ակնկալել երեխայի կյանքի յուրաքանչյուր փուլում:
Նորածնի քունը՝ ի հակադրություն չափահասների քնին
Մինչև մեկ տարեկան նորածինները ավելի մակերեսային են քնում, քան չափահասները: Նրանց քնի մեծ մասը կազմում է ակտիվ, այլ ոչ թե խաղաղ քունը:
Ակտիվ քնի փուլում նորածինները շնչում են մակերեսային և ժամանակ առ ժամանակ ցնցում իրենց վերջույթները, իսկ նրանց աչքերը թրթռում են կոպերի ներքո: Ակտիվ քնից նորածինները հեշտությամբ արթնանում են:
Համեմատության համար, դեռահասները և չափահասները հակված են ունենալու ավելի շատ խաղաղ քուն: Չափահասների քնի ցիկլը սովորաբար մոտ 90 րոպե է, իսկ նորածիններինը՝ 40 րոպե, որի պատճառով վերջիններս քնից ավելի հաճախակի են արթնանում:
Յուրաքանչյուր նորածին առանձնահատուկ է
Նորածինները փոքր անհատականություններ են, ուստի տրաբերվում են միմյանցից: Ստորև ներկայացված տեղեկատվությունը զուտ ընդհանրական չափանիշներ են և պարտադիր չէ, որ ճշգրիտ գործի երեխայի համար: Փորձեք շատ ժամանակ չծախսել՝ համեմատելու ձեր երեխայի քունը նույն տարիքի մեկ այլ երեխայի քնի հետ:
Ծնվելուց մինչև 3 ամսական
- Նորածինները քնում և արթնանում են ինչպես ցերեկները, այնպես էլ գիշերները:
- Տարբեր նորածինների համար օրվա ընթացքում ընդհանուր քնի տևողությունը խիստ տարբերվում է՝ սկսած 8-ից մինչև 18 ժամ:
- Նրանք ավելի կարճատև են քնում, քանի որ կանոնավոր կերակրման և շորերը փոխելու կարիք ունեն:
- Նորածիններն ընդհանուր առմամբ շատ մակերեսային են քնում. ակտիվ քունը կազում է ամբողջ քնի տևողության կեսը:
- Նաև, նորածինները դեռ չեն սովորել մութ պայմաններում քնելուն: Սովորաբար նրանք սկսում են ցերեկվա և գիշերվա ռիթմին սովորել մոտ 6 շաբաթականում: Դուք կարող եք օգնել ձեր երեխային, որ նա շուտ հարմարվի ցերեկ-գիշեր ցիկլին՝ ցերեկվա ժամերին ապահովելով բավարար լուսավորությամբ սենյակ և խաղալով նրա հետ, իսկ գիշերային ժամերին՝ քնին նպաստող մութ և լուռ պայմաններ:
3-ից մինչև 6 ամսական
- Այս տարիքում նորածին երեխաները կարող են ունենալ մինև 2 ժամ տևող երեքական ցերեկային քուն կամ նինջ:
- Նրանց մեծ մասն ամբողջ օրվա ընթացքում քնում է ընդհանուր 14-15 ժամ: Որոշ երեխաներ սկսում են գիշերները քնել մինչև 8 ժամ:
- Ակտիվ քնի քանակը սկսում է կրճատվել, և նորածինները սկսում են հանգիստ քնել իրենց քնի ցիկլի սկզբում:
- Երեխաների մեծ մասը դեռևս գիշերային ժամերին առնվազն մեկ անգամ արթնանում է:
6-ից մինչև 12 ամսական
- Սկսած 6 ամսականից ձեր երեխայի քնի բնույթը սկսում է ավելի նմանվել ձերինին:
- Այս տարիքում երեխաներն ամբողջ օրվա ընթացքում քնում են միջինը 13 ժամ: Նրանք հակված են ավելի երկար քնել գիշերային ժամերին՝ մինչև 11 ժամ:
- Երեխայի ցերեկային քնի քանակը պակասում է՝ հասնելով 2-ի: Ցերեկային քունը կամ նինջը սովորաբար տևում է 1-2 ժամ:
- Ընդհանուր առմամբ, երեխաները գիշերային ժամերին արթանանում են ավելի հազվադեպ, քանի որ այլևս չունեն հաճախակի կերակրկման կարիք:
- Երեխաների մեծ մասը գիշերային ժամերին արթնանում է միայն մեկ անգամ: Նրանց մի մասն ինքնուրույն դարձյալ քնում է, մյուս մասը քնացնելու կարիք ունի: Որոշ նորածիններ կարող են գիշերներն արթնանալ ավելի հաճախակի:
- Այս տարիքում երեխաները սկսում են անհանգստանալ, երբ հեռու են գտնվում իրենց ծնողներից կամ խնամողներից: Նման դեպքերում նրանց քնացնելը պահանջում է ավելի երկար ժամանակ և կարող է ժամանակավորապես ավելացնել գիշերային արթնացումների քանակը:
- Ցերեկային ժամերի և քնի ժամի օրակարգը պահպանելը կարող է օգնել երեխային, որ ավելի հեշտությամբ քնի, իսկ քունը դառնա առանց արթնացման դրվագների:
12 ամսականից հետո
- Սկսած 12 ամսականից երեխաները հակված են ավելի լավ քնելու: Նրանք ավելի երկար են քնում, ավելի հազվադեպ անթնանում, ցերեկները ննջում են մեկ-երկու անգամ և ավելի շատ քնում են գիշերային ժամերին: Սովորաբար մեկ տարեկանը լրանալիս երեխաների գիշերային քունը կազմում է 8-12 ժամ՝ այս ընթացքում միայն մեկ կամ երկու անգամ արթնացումներով:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-03-2021
Վերջին վերանայում՝ 03-05-2024