Երեխային պարբերաբար կշռելն օգնում է հասկանալու, թե արդյոք նրա աճը նորմալ է և կա որևէ առողջական խնդրի կասկած:
Սա նաև թույլ է տալիս համոզվելու, որ նա ստանում է բավարար սնունդ:
Նորածին և մանկահասակ երեխաներին սովորաբար պետք է կշռել առնվազն՝
- մինչև 6 ամսական լրանալը՝ ամիսը մեկ անգամ
- 6-12 ամսականում՝ 2 ամիսը մեկ անգամ
- 1 տարեկանը լրանալուց հետո՝ 3 ամիսը մեկ անգամ:
Ի՞նչ կարող է ազդել նորածին երեխայի քաշի վրա
Ծնվելիս երեխայի քաշը զգալիորեն կախված է այն հանգամանքից, թե հաշվարկած ծննդաբերության օրվան ինչքան մոտ է ծնվել: Այդ օրվանից հետո ծնված երեխաները (ժամկետանց հղիություն կամ հղիության գերկրում) հաճախ տարիքային նորմայից ավելի խոշոր են, իսկ մինչև այդ օրը ծնվածները (վաղաժամ ծննդաբերություն) հաճախ ավելի փոքրամարմին են:
Ծնվելիս երեխայի քաշի վրա նաև մեծ ազդեցություն ունեն մոր առողջությունը, հղիության ընթացքը և մինչև ծննդաբերությունը և դրանից հետո նրա սննդակարգը:
Նորածնի քաշը նաև կարող է կախված լինել՝
- ծնողների հասակից և քաշից
- ծնվելիս երեխայի առողջական վիճակից:
Աղջիկները, առաջնեկները և բազմապտուղ ծննդաբերությունից ծված նորածինները հաճախ ունեն ավելի փոքր քաշ: Տղաները, եզակի նորածինները և ընտանիքի երկրորդ, երրորդ և մյուս երեխաները հաճախ ավելի խոշոր են:
Եթե երեխան ծնվել է նորմայից ցածր կամ բարձր քաշով, ունի հնարավոր խնդիրների վերհսկման ավելի մեծ ուշադրության կարիք:
Նորածնի աճի ընդհանուր սկզբունքները
Տարբեր նորածին երեխաներ աճում են տարբեր ձևով, սակայն կան առողջ աճի և քաշի ավելացման չափորոշիչներ, որոնցով առաջնորդվում են մանկաբույժները և որոնց մասին արժի, որ իմանաք նաև դուք:
Բժիշկները երեխայի առողջ աճը գնահատելիս սովորաբար առաջանորդվում են հետևյալ չափորոշիչներով՝ ակնկալվող ժամկետում ծնված նորածին երեխաներն իրենց քաշը կրկնապատկում են 4 ամսականում և եռապատկում 1 տարեկանում: Տղաների քաշը եռապատկվում է մոտ 13-րդ ամսականում, իսկ աղջիկ երեխաների քաշը՝ մոտ 15 ամսականում: Այնուամենայնիվ, բոլոր երեխաներն էլ աճում են իրենց առանձնահատուկ արագությամբ:
Առաջին ամիսները
Բոլոր նորածիններն էլ ծնվելուց անմիջապես հետո որոշակի քաշ են կորցնում:
Առողջ նորածիններն առաջին շաբաթվա ընթացքում կորցնում են իրենց քաշի մոտ 10%-ը։ Նման երևույթի պատճառն այն է, որ կրծքով կերակրվող երեխաներն իրենց կյանքի առաջին օրերին ստանում են մայրական կաթի (կոլոստրում) ավելի քիչ քանակներ, որից հետո մայրական կաթնատվությունն աճում է, որն էլ օգնում է երեխաներին, որ սկսեն քաշ ավելացնել:
Առողջ նորածինները սովորաբար իրենց ծնված քաշին վերադառնում են 2-3 շաբաթականում:
Նորածնի քաշի հանկարծակի փոփոխություններ
Ձեր նորածին երեխայի քաշի աճը կարող է դանդաղել հետևյալ պատճառներով՝
- երեխան սկսում է քնել ավելի շատ և կերակրվել ավելի հազվադեպ
- դուք կամ ձեր երեխան հիվանդացել եք
- դուք լարվածություն եք զգում
- դուք հղի եք կամ ստանում եք հակաբեղմնավորիչ դեղեր:
Եթե ձեր նորածին երեխան ունի առողջ ու երջանիկ տեսք, դուք կարող եք համբերել և շարունակել նրա քաշին հետևելը: Կամ կարող եք քիչ ավելացնել կերակրումների քանակը, եթե համոզված եք, որ ձեր կրծքի կաթը քիչ է կամ բավարար չէ: Եթե անհանգստանում եք, ձեր երեխայի հետ միասին այցելեք ձեր բժշկին, մանկաբույժին կամ բուժքրոջը:
Նորածնի քաշի աճի գրանցումները
Ձեր նորածնի քաշը և մյուս չափումները գրանցվում են նրա բժշկական քարտում, երբ դուք այցելում եք ձեր երեխայի բժշկին: Այս գրանցումներն օգնում են բժշկին, որ հետևի ձեր մանկիկի առողջությանը, աճին ու զարգացմանը: Բուժանձնակազմը կարող է նաև ըստ յուրաքանչյուր այցի ժամանակ ստացված տվյալների գրաֆիկ կազմել, որը պատկերում է երեխայի քաշը և հասակը տարբեր տարիքներում: Նման գրաֆիկներն օգնում են բժշկին գնահատելու, թե ինչպես է աճում ձեր երեխան այցելությունների միջև ընկած ժամանակահատվածներում:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-03-2021
Վերջին վերանայում՝ 03-05-2024