Առողջական խնդիրներ
Բալանիտ

2 րոպե
Բալանիտն առնանդամի գլխիկի («պսակի») բորբոքումն է, որն առաջացնում է կարմրություն և քոր։
Բալանիտը կարող է վերանալ ախտահարված շրջանը լավ լվանալով և չորացնելով։ Հատուկ բուժում խիստ հազվադեպ է պահանջվում։ Բալանիտը հաճախ հանդես է գալիս թլիպի բորբոքման` պոստիտի հետ միասին: Նման դեպքերում բժիշկն ախտորոշում է «բալանոպոստիտ»:
Բալանիտի ախտանիշները
Բանալիտ ունենալիս դուք կարող եք նշել՝
- առնանդամի գլխիկի կարմրություն և այտուցվածություն
- նույն շրջանում՝ քոր և/կամ ցավ
- հավանաբար՝ հոտ և միզուկային արտադրուկ։
Բալանիտի պատճառները
Բորբոքումը կարող է պատճառվել միկրոօրգանիզմների, օրինակ՝ նորմայում առնանդամի գլխիկի վրա ապրող կանդիդայի գերբազմացումից։ Եթե դուք թլպատված չեք, թլիպի տակ առկա տաք խոնավությունն իդեալական պայմաններ է ստեղծում կանդիդայի բազմացման համար։ Նման իրավիճակը թլպատված տղաների և տղամարդկանց շրջանում ավելի հազվադեպ է հանդիպում։
Բալանիտի պատճառ կարող են դառնալ նաև ալերգիան, քոսը և երեխաների մոտ՝ տակաշորերից կամ տակդիրներից պատճառված շփաբորբը։ Ֆիմոզը (երբ թլիփը հետ չի ձգվում) և դիաբետը կարող են նպաստել բալանիտի առաջացմանը:
Անտեսվելու կամ սեռական անմաքրության պայմաններում բալանիտը կարող է բարդանալ բակտերիալ վարակով։
Բալանիտը սեռական ճանապարհով չի փոխանցվում, ուստի տղամարդիկ չեն կարող այս հիվանդությունը ստանալ իրենց սեռական զուգընկերուհուց։
Բալանիտի բուժումը
Բալանիտը սովորաբար անհետանում է առնանդամի հիգիենիկ խնամքով։
Օրական առնվազն մեկ անգամ զգուշորեն լվացեք առնանդամի գլխիկը, ներառյալ՝ թլիպի տակ ընկած ակոսն ու ծալքերը և զգուշությամբ չորացրեք նույն մասերը։ Եթե թլպատված չեք, ապա գլխիկը լվանալուց այն ետ քաշեք։
Դուք պետք է խուսափեք օճառից, տաք ջրից և նշված շրջաններն ուժեղ տրորելուց, որոնք կարող են գրգռել մաշկը և սաստկացնել բորբոքումը։ Դեղատնից կարող եք գնել օճառ չպարունակող լվացող միջոցներ։
Եթե լվանալը և չորացնելը չեն օգնում, տեղեկացեք ձեր բժշկից, թե ինչպիսի մեղմ ստերոիդային կամ հակասնկային քսուք կարող եք օգտագործել։
Բալանիտի կանխարգելումը
Առնանդամի գլխիկը մաքուր և չոր պահելը բալանիտի առաջնային կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդն է։
Դուք կարող եք նաև կանխարգելել բալանիտի առաջացումը՝
- սեռական հարաբերությունից անմիջապես հետո առնանդամը լվանալով (եթե բալանիտը սեռական ակտից հետո սրանալու հակում ունի)
- ձեր առնանդամին և գլխիկին դիպչելուց առաջ ձեռքերը ոչ քիմիական օճառով լվանալով։
Այցելեք ձեր բժշկին, եթե ձեր առնանդամի գլխիկը մերկացնելու համար թլիպը դժվարությամբ է ետ քաշվում կամ ուղեկցվում է ցավերով։ Մի փորձեք ուժ գործադրել։ Հիշեք, որ երեխաների մոտ թլիպի ետ քաշելը հեշտանում է միայն ավելի մեծ տարիքում։
Հոդվածը տեղադրվել է՝ 20-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: