Առողջական խնդիրներ

Գիշերային անմիզապահությունը երեխաների մոտ

Գիշերային անմիզապահությունը երեխաների մոտ

Time Read 2 րոպե

Գիշերային անմիզապահությունը կամ գիշերամիզությունը մինչև 6 տարեկան երեխաների մոտ հաճախ հանդիպող երևույթ է:

Սակայն որոշ դեպքերում այս վիճակը կարող է պահպանվել նաև ավելի մեծ տարիքի երեխաների մոտ:

Գիշերային անմիզապահությունը երեխայի նորմալ աճին և զարգացմանն ուղեկցող վիճակ է, ուստի, որպես ծնող, պետք չէ երեխային պարսավել կամ հանդիմանել անկողինը թացացնելու համար: Երեխային ամաչեցնելը չէ բնավ, որ կարող է նրան օգնել հաղթահարելու բոլորի համար անցանկալի այս վիճակը, այլ նրա խնդիրը ըմբռնելը և դրա լուծմանն աջակցելը:

Որոշ երեխաների մոտ նյարդային համակարգի զարգացման փուլը տևում է ավելի երկար, որի պատճառով ուղեղի և միզապարկի միջև կայուն և վերահսկելի փոխկապվածությունը ձևավորվում է ավելի ուշ տարիքում:

Գիշերային անմիզապահությունը հազվադեպ կարող է պատճառվել նաև առողջական խնդիրներից, օրինակ՝ միզուղիների վարակային բորբոքում, դիաբետ, նյարդային կամ մկանային խնդիրներ: Նման վիճակների առկայության մասին պետք է կասկածել հատկապես այն ժամանակ, երբ երկարատև ժամանակ գիշերները չոր անցկացնելուց հետո երեխան դարձյալ սկսում է քնած ժամանակ «միզել տակը»:

Ահա որոշ խորհուրդներ, որոնք կարող են օգնել գիշերային անմիզապահությամբ երեխային:

  • Մինչև երեխայի պառկելը, հիշեցրեք նրան, որ գնա զուգարան:
  • Զուգարանում տեղադրեք և վառ թողեք գիշերային որևէ լամպ և քաջալերեք երեխային, որ գիշերային ժամերին ըստ կարիքի ավելի համարձակորեն գնա զուգարան` նույնիսկ առանց ընտանիքի անդամներին անհանգստացնելու կամ քնից հանելու:
  • Երեխայի անկողնուն մոտ պահեք գիշերանոթ:
  • Աջակցեք նրան, որ օրվա ընթացքում առատ հեղուկներ խմի: Սա կօգնի, որ ավելի շատ մեզ արտադրվի և կնպաստի միզապարկի մեծացմանը:
  • Հոգ տարեք, որ երեխան անկողին մտնելուց առնվազն երկու ժամ առաջ սահմանափակի հեղուկների, այդ թվում՝ գազավորված և կոֆեին պարունակող այլ ըմպելիքների օգտագործումը:
  • Եթե երեխայի համար չեք օգտագործում «փամփերսներ» կամ այլ միջոցներ, անկողնու դոշակը մեզից պաշտպանեք անջրաթափանց սավանով:
  • Առավոտյան ժամերին ստուգեք երեխայի ներքնաշորերը և անմիզապահության նշաններ հայտնաբերելիս մի պարսավեք նրան: Դուք նաև կարող եք երկուսով լվանալ կեղտոտված շորերը:

Եթե փորձեք երեխային պատժել կամ խիստ հանդիմանության արժանացնել, ձեր խոսքից կամ բացասական վերաբերմունքից երեխայի ինքնագնահատականը կարող է խիստ տուժել: Նույն կերպ, մի՛ փորձեք երեխային ամաչեցնել ընտանիքի մյուս անդամների, ձեր ընկերների կամ նրա հասակակիցների մոտ: Դրա փոխարեն՝

  • գովեք և ձեր դրական վերաբերմունքով և հույզերով «պարգևատրեք» երեխային գիշերը «չոր» անցկացնելու համար կամ աջակցեք ու ըմբռնումով մոտեցեք, եթե այնուամենայնիվ, գիշերը կրկին թրջել է
  • երբեք մի՛ պատժեք ձեր երեխային «չհաջողված» գիշերվա համար
  • եղեք համբերատար և աջակցող ու հիշեք, որ գիշերային անմիզապահության մեջ երեխան որևէ մեղավորություն չունի
  • մի՛ զայրացեք. զայրույթը ոչ մի կերպ չի կարող երեխային օգուտ տալ
  • մի՛ արեք բաներ, որից ձեր երեխան կարող է ամաչել. դա բնավ չի օգնի, որ նա կարողանա ավելի լավ կառավարել միզապարկը:

Որոշ դեպքերում բժիշկը կարող է ավելի մեծ տարիքի երեխաներին նշանակել դեղամիջոցներ: Սակայն գիշերային անմիզապահությունը դրանց օգտագործումը դադարեցնելիս կարող է կրկին հայտնվել:

Երեխաների մեծ մասն այս խնդրից վերջնակապես ազատվում է 6-10 տարեկան հասակում:

Իմացե՛ք ավելին գիշերային անմիզապահության մասին։

Հոդվածը տեղադրվել է՝ 26-04-2019 վերանայվել է՝ 10-07-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով