Ծանոթացեք հակաբեղմնավորիչ հաբերի վերաբերյալ ընդհանուր մտահոգություններին և հարցերին:
Եթե օգտագործում եք հակաբեղմնավորիչ հաբեր (բերանային հակաբեղմնավորիչներ), հավանաբար, գոհ եք հարմարավետությունից և հուսալիությունից: Այնուամենայնիվ, դուք կարող եք հարցեր ունենալ այն մասին, թե ինչպես կարող են հակաբեղմնավորիչ հաբերը ազդել ձեր առողջության վրա, ինչպես նաև հակաբեղմնավորիչ հաբերի օգուտների և ռիսկերի և ավելի նոր տարբերակների մասին:
Կարո՞ղ եմ հակաբեղմնավորիչ հաբեր օգտագործել դաշտանը հետաձգելու կամ դադարեցնելու համար
Այո, կարող եք։ Մի ժամանակ հակաբեղմնավորիչ հաբերը փաթեթավորվում էին միայն որպես 21 օր ակտիվ հորմոնային հաբեր և յոթ օր ոչ ակտիվ հաբեր: Ոչ ակտիվ հաբերն ընդունելու օրերին առաջանում է դաշտանին նմանվող արյունահոսություն:
Այսօր ունեք բազմաթիվ այլ տարբերակներ՝ սկսած 24 օր ակտիվ և չորս օր ոչ ակտիվ հաբերից մինչև ռեժիմներ, որոնք բոլորն էլ ակտիվ հաբեր են:
Երկարձգվաշ ցիկլով դեղահաբեր նախատեսում են ակտիվ հորմոնային դեղահաբերի ամենօրյա ընդունում երեք ամսվա ընթացքում, որին հաջորդում է մեկ շաբաթ ոչ ակտիվ կամ ցածր չափաբաժիններով էստրոգենային հաբեր: Այդ շաբաթվա ընթացքում դուք ունենում եք դաշտանին նմանվող արյունահոսություն: Երկարաձգված ցիկլի այլ ռեժիմները ներառում են ակտիվ հաբերի անընդհատ ընդունում մեկ տարի շարունակ, ինչը կարող է դադարեցնել դաշտանային արյունահոսությունը:
Շարունակական կամ երկարձգված ցիկլի սխեմաներն ունեն մի քանի հնարավոր առավելություններ: Դրանք կանխում են հորմոնային տեղաշարժերը, որոնք պատասխանատու են արյունահոսության, սպազմերի, գլխացավերի և դաշտանի հետ կապված այլ խնդիրների համար: Դրանք թույլ են տալիս խուսափել դաշտաններից կարևոր իրադարձությունների կամ ճամփորդությունների ժամանակ: Եթե ունեք երկաթի անբավարարություն առատ դաշտանային արյունահոսության պատճառով, շարունակական ռեժիմների օգտագործումը կարող է կրճատել արյունահոսությունը:
Շարունակական կամ երկարաձգված ցիկլով ռեժիմների առաջին մի քանի ամիսների ընթացքում կարող են զարգանալ չնախատեսված արյունահոսություն կամ թրջում, որոնք, սակայն, ժամանակի ընթացքում սովորաբար անհետանում են:
Դաշտանը կանխելու համար կարո՞ղ եմ օգտագործել սովորական հակաբեղմնավորիչ հաբեր, թե՞ հատուկ դեղահաբերի կարիք ունեմ
Կան հակաբեղմնավորիչ հաբերի ռեժիմներ, որոնք նախատեսված են միանգամից երեք ամիս կամ մինչև մեկ տարի արյունահոսությունը կանխելու համար: Սակայն ձեր դաշտանը հնարավոր է կանխել մոնոֆազ հակաբեղմնավորիչ հաբերի շարունակական օգտագործմամբ՝ նույն հորմոնի դեղաչափով ակտիվ հաբեր երեք շաբաթվա ընթացքում: Այս հաբերով ձեր դաշտանը կանխելու համար մի՛ ընդունեք ոչ ակտիվ հաբեր և անմիջապես սկսեք նոր փաթեթից:
Եթե նախատեսում եմ երեխա ունենալ, հակաբեղմնավորիչ հաբերը դադարեցնելուց հետո որքա՞ն ժամանակ կարող եմ հղիանալ
Սովորաբար ձվազատումները (օվուլյացիա) վերսկսվում են հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործումը դադարեցնելուց մի քանի շաբաթ անց:
Երբ ձվազատումը վերականգնվի, կարող եք հղիանալ։ Եթե դա տեղի է ունենում հաբերն ընդունելու ձեր առաջին ցիկլի ընթացքում, հնարավոր է, որ դուք ձվազատում ունենաք առանց դաշտան տեսնելու: Անցեք հղիության թեստ, եթե անպաշտպան սեռական հարաբերություն եք ունեցել, և ձեր դաշտանը չի վերադարձել:
Արդյո՞ք առավելություն կա հաբը դադարեցնելուց հետո մի քանի ամիս սպասելը՝ նախքան հղիանալը
Հակաբեղմնավորիչ հաբը դադարեցնելուց անմիջապես հետո հղիանալը չի մեծացնում վիժման կամ պտղի վնասվելու ռիսկը: Հակաբեղմնավորիչ հաբերի հորմոնները չեն մնում ձեր համակարգում:
Սովորաբար դաշտանները վերսկսվում են հաբերի օգտագործումը դադարեցնելուց մի քանի շաբաթ անց: Այնուամենայնիվ, եթե նախքան դեղահաբը ընդունելը ձեր դաշտանները հազվադեպ են եղել, դրանք, հավանաբար, հաբերի օգտագործումը դադարեցնելուց հետո կլինեն նույն բնույթի: Ձվազատման կանոնավոր ցիկլերի վերականգնումը կարող է ձգվել մի քանի ամիս:
Հաբերի օգտագործումը դադարեցնելուց հետո, եթե պատրաստ չեք հղիանալուն, մտածեք հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործումը շարունակելու մասին:
Ի՞նչ կպատահի, եթե ես դադարեցնեմ հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելը և դաշտանս չվերականգնվի
Եթե դուք մի քանի ամիս շարունակ դաշտան չեք ունենում, կարող է լինել մի վիճակ, որը հայտնի է որպես հետհաբային ամենորեա: Հաբը խանգարում է ձեր օրգանիզմին արտադրելու այնպսիս հորմոններ, որոնք մասնակցում են ձվազատման և դաշտանի գործընթացներին: Երբ դուք դադարեցնում եք հաբաբեղմնավորիչի ընդունումը, կարող է որոշ ժամանակ պահանջվել, մինչև ձեր օրգանիզմը նորից սկսի արտադրել նույն այդ հորմոնները:
Դաշտանները սովորաբար վերսկսվում են հաբերի ընդունումը դադարեցնելուց հետո երեք ամսվա ընթացքում: Սակայն, եթե դուք դեղահաբ եք ընդունել դաշտանային ցիկլը կարգավորելու համար, դաշտանի վերադարձը կարող է ձգվել մի քանի ամիս:
Եթե երեք ամսվա ընթացքում դաշտան չեք ունենում, անցեք հղիության թեստ՝ համոզվելու, որ հղի չեք, որից հետո դիմեք ձեր բժշկին:
Արդյո՞ք հղիության թեստը ճիշտ պատասխան կտա, եթե ես օգտագործում եմ հակաբեղմնավորիչ հաբեր
Դուք կարող եք հղիության թեստով ճշգրիտ արդյունքներ ստանալ, երբ դեղահաբ եք ընդունում: Հղիության թեստերը հիմնված են ձեր արյան կամ մեզի մեջ հղիության հետ կապված հորմոնի՝ մարդու խորիոնային գոնադոտրոպինի (HCG) հայտնաբերման կամ չափման վրա: Հակաբեղմնավորիչների ակտիվ բաղադրիչները չեն ազդում այն բանի վրա, թե ինչպես է հղիության թեստը չափում ձեր կենսանմուշներում HCG-ի մակարդակը:
Ի՞նչ կպատահի, եթե հղիության ընթացքում ընդունեմ հակաբեղմնավորիչ հաբեր
Մի՛ անհանգստացեք, եթե շարունակել եք ընդունել հակաբեղմնավորիչ հաբեր, քանի որ չգիտեիք, որ հղի եք:
Շատ քիչ տվյալներ կան այն մասին, որ հակաբեղմնավորիչ հաբերի հորմոնների ազդեցությունն առաջացնում է բնածին արատներ: Ուստի, բոլոր դեպքերում, ձեր հղիության փաստն արձանագրելուց անմիջապես հետո դադարեցրեք հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելը:
Կարո՞ղ եմ անհետաձգելի հակաբեղմնավորման համար օգտագործել միանգամից մի քանի հակաբեղմնավորիչ հաբեր
Անհետաձգելի կամ շտապ հակաբեղմնավորման համար հնարավոր է օգտագործել ստանդարտ էստրոգեն-պրոգեստին հակաբեղմնավորիչ հաբեր, սակայն դիմեք ձեր բժշկին դեղահաբերի ճիշտ դեղաչափը և ընդունման ժամանակը ճշտելու համար:
Հաբերի որոշ տեսակներ հատուկ նախատեսված են, որ չհղիանաք, եթե անպաշտպան սեռական հարաբերություն եք ունեցել: Այս դեղերը երբեմն կոչվում են «առավոտից հետո հաբ» կամ «հաջորդ օրվա հաբ»:
Դրանք պարունակում են կամ Լևոնորգեստրել (Plan B One-Step, EContra One-Step և այլն) կամ Ուլիպրիստալի ացետատ (Էլլա, Լոգիլա):
Լևոնորգեստրելի դեղահաբերը նախատեսված են ցանկացած տարիքի կանանց համար: Դրանք լավագույնս ազդում են, երբ օգտագործվում են անպաշտպան սեռական հարաբերությունից հետո հնարավորինս շուտ և երեք օրվա ընթացքում:
Ուլիպրիստալի ացետատը ոչ հորմոնային դեղամիջոց է, որն ընդունվում է որպես մեկ դեղաչափ անպաշտպան սեռական հարաբերությունից հետո մինչև հինգ օրվա ընթացքում:
Անհետաձգելի բեղմնականխման համար կարող են օգտագործվել նաև պղնձե ներարգանդային միջոցներ (ՆԱՄ) կամ 52 միլիգրամ Լևոնորգեստրել պարունակող պարույր: Լավագույն տարբերակում, այս պարույրները պետք է տեղադրվեն ձեր բժշկի կողմից անպաշտպան սեռական հարաբերությունից հետո մինչև հինգ օրվա ընթացքում:
Արդյո՞ք իմ քաշը նվազեցնում է անհետաձգելի հակաբեղմնավորիչ հաբերի արդյունավետությունը
Եթե գեր եք և ունեք 30 կամ ավելի բարձր մարմնի զանգվածի գործակից (ՄԶԳ, BMI), անհետաձգելի բեղմնականխումը կարող է բավարար արդյունավետ չլինել, հատկապես, եթե օգտագործում եք Լևոնորգեստրել: Ուստի, դուք դեռ կարող եք հղիանալ անհետաձգելի բեղմնականխման համար Լևոնորգեստրել օգտագործելուց հետո: Գիրությունը և ՄԶՑ-ն այնքան էլ չեն խանգարում Ուլիպրիստալի ազդեցությանը: Անհետաձգելի բեղմնականխման նպատակով օգտագործված ներարգանդային պարույրի վրա մարմնի քաշը չի ազդում:
Ես տարիներ շարունակ հակաբեղմնավորիչ հաբեր եմ ընդունել և ուզում եմ դադարեցնել․ կարո՞ղ եմ դադարեցնել ցանկացած պահի, թե՞ պետք է ավարտեմ իմ ընթացիկ փաթեթը
Ինչ վերաբերում է ձեր ընդհանուր առողջությանը, տարբերությունը չնչին է, երբ դադարում եք դեղահաբի օգտագործումը: Երբ վերջապես դադարեցնեք հաբերի օգտագործում, կարող եք դիտարկել որոշակի արյունահոսություն, որը կարող է փոխել ձեր դաշտանային ցիկլի ռիթմը: Բայց դուք կարող եք դադարեցնել ցանկացած պահի:
Կարո՞ղ եմ արդյոք հղիանալ ոչ ակտիվ հաբերի շաբաթվա ընթացքում
Ոչ ակտիվ հաբեր ընդունելը ձեզ չի դնում չնախատեսված հղիության ավելի մեծ ռիսկի տակ: Եթե հակաբեղմնավորիչ հաբեր եք ընդունում ճիշտ այնպես, ինչպես ցուցված է, դրանք մոտավորապես 99% արդյունավետությամբ կանխում են հղիությունը:
Այնուամենայնիվ, եթե ցիկլի ընթացքում բաց եք թողնում մեկ հաբ կամ մի քանի հաբեր, այդ ցիկլի ընթացքում կարող եք չնախատեսված հղիության ավելի մեծ ռիսկի ենթարկվել: Ապահով լինելու համար օգտագործեք հակաբեղմնավորման պահեստային տարբերակ, ինչպիսին է պահպանակը, հատկապես, եթե ցիկլի ընթացքում մի քանի հաբ բաց եք թողել:
Արդյո՞ք հակաբեղմնավորիչ հաբերը հանգեցնում են քաշի ավելացման
Սա տարածված մտահոգություն է։ Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ հակաբեղմնավորիչ հաբերի ազդեցությունը քաշի վրա չնչին է, եթե ընդհանրապես առկա է:
Դրա փոխարեն, դուք կարող եք ավելի շատ հեղուկ պահել, ինչը կարող է գիրանալու տպավորություն թողնել, հատկապես կրծքի, կոնքի և ազդրերի հատվածում: Հակաբեղմնավորիչ հաբերի էստրոգենն իսկապես ազդում է ճարպային (ադիպոզային) բջիջների վրա՝ դրանք դարձնելով ավելի խոշոր, բայց՝ ոչ ավելի:
Ինչպե՞ս են հակաբեղմնավորիչ հաբերն ազդում քաղցկեղի ռիսկի վրա
Տվյալների մեծ մասը ցույց է տալիս, որ հակաբեղմնավորիչ հաբերը չեն մեծացնում քաղցկեղի ընդհանուր ռիսկը:
Գիտական տվյալները ցույց են տալիս, որ հակաբեղմնավորիչ հաբերի երկարատև օգտագործումը մեծացնում է քաղցկեղի որոշ տեսակների, օրինակ՝ արգանդի վզիկի քաղցկեղի ռիսկը, սակայն հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործումը դադարեցնելուց հետո ռիսկը նվազում է:
Ինչ վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկին, արդյունքները տարբեր են. Որոշ հետազոտություններ նկարագում են կապվածություն հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործման և կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի մի փոքր աճի միջև, սակայն այդ ռիսկը խիստ ցածր է: Այլ հետազոտությունները ցույց չեն տվել կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի զգալի աճ: Ըստ երևույթին, ռիսկը նվազում է ժամանակի ընթացքում հակաբեղմնավորիչ հաբերը դադարեցնելուց հետո: Եթե ունեք կրծքագեղձի քաղցկեղի ընտանեկան պատմություն, հակաբեղմնավորիչների օգտագործումն, ըստ երևույթին, չի մեծացնում ձեր ռիսկը:
Մյուս կողմից, հակաբեղմնավորիչ հաբը կարող է նվազեցնել քաղցկեղի այլ տեսակների, այդ թվում՝ ձվարանների, արգանդի լորձաթաղանթի (էնդոմետրիում) և հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը, և այս օգուտը կարող է պահպանվել տարիներ շարունակ նույնիսկ այս հաբերի օգտագործումը դադարեցնելուց հետո:
Արդյո՞ք հակաբեղմնավորիչ հաբերն ազդում են խոլեստերինի մակարդակի վրա
Հակաբեղմնավորիչները կարող են ազդել ձեր խոլեստերինի մակարդակի վրա: Ազդեցության չափը կախված ձեր օգտագործած դեղահաբի տեսակից և էստրոգենի կամ պրոգեստինի պարունակությունից: Ավելի շատ էստրոգեն պարունակող հակաբեղմնավորիչ հաբերը կարող են թեթևակի բարենպաստ ազդեցություն ունենալ ձեր խոլեստերինի մակարդակի վրա: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ այս փոփոխություններն էական չեն և չեն ազդում ձեր ընդհանուր առողջության վրա:
Արդյո՞ք հակաբեղմնավորիչ հաբերն ազդում են արյան ճնշման վրա
Այս հաբերը կարող են մի փոքր բարձրացնել ձեր արյան ճնշումը: Եթե ընդունում եք հակաբեղմնավորիչ հաբեր, պարբերաբար ստուգեք ձեր արյան (զարկերակային) ճնշումը: Եթե արդեն ունեք բարձր արյան ճնշում (հիպերտենզիա), խոսեք ձեր բժշկի հետ այն մասին, թե արդյոք պետք է անցնել հակաբեղմնավորիչի մեկ այլ տարբերակի:
Ինչքա՞ն է հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելիս արյան մակարդուկների ռիսկը
Էստրոգենը, որը պարունակվում է հակաբեղմնավորիչ հորմոնների համակցված հաբերում, հեշտոցային օղակում կամ սպեղանիներում, խորհուրդ չի տրվում, եթե ունեք արյան մակարդուկի (թրոմբի) պատմություն՝ երակային թրոմբոէմբոլիզմ, կամ եթե ունեք արյան մակարդուկների բարձր ռիսկ: Միայն պրոգեստին պարունակող հակաբեղմնավորման տարբերակը, ինչպիսին է մինի-հաբը կամ իմպլանտը, ներարգանդային պարույրը կամ պատնեշային (բարիերային) մեթոդն ավելի լավ ընտրություն է: Պրոգեստինը կամ պրոգեստերոնը նույնպես կարող են մեծացնել արյան մակարդուկների վտանգը, սակայն ռիսկն ավելի ցածր է, քան էստրոգենի դեպքում:
Կարո՞ղ եմ արդյոք շարունակել հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումը, եթե 35 տարեկանից բարձր եմ
Եթե առողջ եք և չեք ծխում, կարող եք շարունակել հակաբեղմնավորիչ հաբեր ընդունել 35 տարեկանից հետո:
Այնուամենայնիվ, հակաբեղմնավորիչ հաբեր խորհուրդ չի տրվում, եթե 35 տարեկան եք և ծխում եք՝ սրտի և արյունատար անոթների (սրտանոթային) հիվանդությունների ռիսկի պատճառով: Այդ դեպքում դուք պետք է թողնեք ծխելը՝ նախքան կշարունակեք հակաբեղմնավորիչ հաբերի ապահով օգտագործումը։
Կարո՞ղ են արդյոք հակաբիոտիկները նվազեցնել հակաբեղմնավորիչ հաբերի արդյունավետությունը
Հակաբիոտիկները չեն խանգարում հակաբեղմնավորիչ հաբերի արդյունավետությանը, բացառությամբ մեկ հակաբիոտիկի՝ Ռիֆամպինի (Ռիմակտան) դեպքի, որն այսօր լայնորեն չի կիրառվում:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-05-2024
Վերջին վերանայում՝ 08-05-2024