Առողջական խնդիրներ
Միզապարկի իջեցում (պրոլափս, ցիստոցելե)

4 րոպե
Միզապարկի իջեցումը զարգանում է, երբ կնոջ միզապարկի պատն արտանկվում է հեշտոցապատին։
Միզապարկի իջեցումը կարող է առաջացնել տարբեր գանգատներ, սակայն դեպքերի մեծ մասի համար այն բուժվող և մասամբ կանխարգելվող խնդիր է։
Հիվանդության մյուս անվանումներն են՝ «միզապարկի պատի իջեցում», «միզապարկի պրոլափս», «միզապարկի արտանկում» կամ «ցիստոցելե»։ «Պրոլափսը» թարգմանվում է որպես «արտանկում»՝ իր տեղից դուրս ընկնելը։
Միզապարկի իջեցման պատճառները
Միզապարկի իջեցումը կամ արտանկումը զարգանում է, երբ կնոջ միզապարկի և հեշտոցի միջև պատի մկանները թուլանում են, ինչպես նաև թուլանում են միզապարկն իր դիրքում պահող մկանները և կապանները։
Միզապարկի իջեցումը կանանց շրջանում տարածված խնդիր է։ Այն հատկապես հաճախ է հանդիպում բնական (հեշտոցային) ճանապահով ծննդաբերած կանանց շրջանում։ Որքան բնական ծննդաբերությունների թիվը մեծանում է, այդքան միզապարկի արտանկման հավանականությունը բարձրանում է։ Միզապարկի իջեցմանը նպաստում է նաև բնական ծննդալուծման ժամանակ օժանդակող միջոցների կիրառումը (օրինակ՝ մանկաբարձական աքցաններ):
Միզապարկի իջեցման այլ պատճառներից են՝
- դաշտանադադար (մենոպաուզա), որի ժամանակ կրճատվում է էստրոգեն հորմոնը, որը ապահովում է «կոնքի հատակի» մկանների ուժը (տոնուսը)
- մեծ տարիք, քանի որ տարիքի հետ վերոնշյալ մկանները և միզապարկը պահող մկաններն ու կապանները թուլանում են
- աղիների գործունեության դժվարացում կամ քրոնիկ փորկապություն
- տևական ժամանակ քրոնիկ կամ կայուն հազ
- մարմնի ավելցուկային կշիռ կամ գիրություն
- ծանրության հաճախակի բարձրացում
- ժառանգականորեն թույլ կոնքի հատակ
- կոնքի հատակի շրջանում գինեկոլոգիական կամ այլ վիրահատական միջամտություն։
Միզապարկի իջեցման ախտանիշները
Միզապարկի իջեցմամբ որոշ կանանց մոտ որևէ անհանգստացնող գանգատ չի առաջանում։ Մյուսների մոտ կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանիշները՝
- հեշտոցում ծանրության, ուռածության, ձգվածության կամ անհարմարավետության զգացում
- հեշտոցում արտանկված ուռածություն
- միզարձակման հետ կապված խնդիրներ, հաճախամիզություն կամ զգացողություն, որ միզելիս միզապարկը լրիվությամբ չի դատարկվում
- անմիզապահություն (մեզի արտահոսք), հատկապես հազալիս, ծանրություն բարձրացնելիս, որովայնի մկանները լարելիս
- սեռական հարաբերությանն ուղեկցող խնդիրներ կամ ցավ։
Միզապարկի իջեցման ախտորոշումը
Բժիշկը կարող է ախտորոշել միզապարկի իջեցում՝ զրուցելով ձեզ հետ և կատարելով հեշտոցային ներզննում։ Ախտորոշման նպատակը միայն միզապարկի իջեցման փաստը հաստատելը չէ, այլև հիվանդության ծանրության աստիճանը որոշելը, կոնքահատակի մկանների վիճակը գնահատելը, ինչպես նաև ստուգելը, թե արդյոք այլ ներքին օրգաններ, օրինակ՝ աղիները կամ արգանդը արտանկված չեն։
Բժիշկը կարող է ձեզ առաջարկել նաև որոշ հետազոտություններ, օրինակ՝ փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա, միզապարկի գործունեության հետազոտություններ կամ մեզի քննություն։
Միզապարկի իջեցման բուժումը
Արտանկված միզապարկով բազմաթիվ կանայք որևէ գանգատ չեն նշում, ուստի և բժշկի չեն դիմում և բուժման կարիք չեն զգում։ Սակայն դա չի նշանակում, որ հիվանդությունն անհետանում է․ այն կարող է ժամանակի ընթացքում կամ հերթական ծննդաբերություններից հետո իրեն զգացնել տալ կամ ծանրանալ։
Բուժումը սովորաբար կախված է պրոլափսի ծանրության աստիճանից։
Թեթև արտանկում
Սա կարող է բուժվել հետևյալ եղանակներով՝
- կոնքի հատակի մկաններն ամրապնդող վարժություններ (Կեգելի վարժություններ)
- ապրելակերպի փոփոխություններ, օրինակ՝ հազի մեղմացում, աղիների դժվարացած գործունեության բուժում, ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից և ծանր առարկաներ բարձրացնելուց խուսափում։
Չափավոր արտանկում
Բուժումը կարող է ներառել՝
- ապրելակերպի բարելավում, տես վերևում
- կոնքահատակի մկաններն ամրապնդող ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ
- հեշտոցային օժանդակող միջոցներ (պլաստիկ կամ սիլիկոնային օղեր, որոնք ներդրվում են հեշտոցի մեջ)
- հորմոնային բուժում, օրինակ՝ էստրոգենի քսուք, որը կօգնի կոնքահատակի մկանների ամրապնդմանը
- վիրահատություն։
Ծանր արտանկում
Միզապարկի պատի ծանր իջեցումը սովորաբար պահանջում է վիրահատական բուժում։ Կան վիրահատության տարբեր մեթոդներ, որոնց օգուտների և ռիսկերի մասին կարող եք տեղեկանալ ձեր բժշկից։ Հետվիրահատական վերականգնումը սովորաբար տևում է 6 շաբաթ, որի ընթացքում դուք պետք է խուսափեք ծանր վարժանքներից, ծանրություն բարձրացնելուց և սեռական հարաբերությունից։
Միզապարկի իջեցման կանխարգելումը
Որոշ դեպքերւմ դուք որևէ կերպ չեք կարող կանխարգելել միզապարկի պատի արտանկումը, հատկապես, եթե այն ունի ժառանգական բնույթ կամ պատճառվել է ծննդաբերությունից։
Սակայն կան որոշ միջոցներ, որոնք կարող են ձեր պարագայում դառնալ օգտակար՝
- ամեն օր կատարեք կոնքահատակի վարժանքներ
- խուսափեք հաճախակի ծանրություններ բարձրացնելուց (այդ թվում՝ երեխաներին գրկելուց)
- պահպանեք ձեր մարմնի զանգվածը նորմալ միջակայքում
- բարելավեք ձեր սննդակարգը և կանխարգելեք փորկապությունը (օրինակ՝ օրական առնվազն 30 գրամ բջջանք և 6-8 բաժակ ջուր)
- ամեն օր կատարեք թույլից մինչև չափավոր ծանրաբեռնվածության ֆիզիկական վարժանքներ։
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք բժշկին, եթե անհանգստացած եք, որ կարող եք ունենալ միզապարկի պատի իջեցում կամ ունեք այս հիվանդությանը բնորոշ գանգատներ։
Հոդվածը տեղադրվել է՝ 28-04-2019 վերանայվել է՝ 28-03-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: